«Պահանջում ենք 100 մլն դրամի եռապատկում. սպասելու ժամանակը սպառված է». Արթուր Իշխանյանը՝ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի մասին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը
– Վերջերս Ազգային ժողովում կայացել է «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, թե չեք հավաքվել ուղղակի խոսելու համար, ինքը զրուցել է վարչապետի հետ, ով ասել է, որ «քննարկման արդյունքները կառավարությունում պարտադիր կլսեն և հաշվի կառնեն»: Կառավարությունը լսե՞ց ձեզ՝ գիտնականներիդ։
– Քննարկման արդյունքում ներկայացվել է մի առաջարկ, որը, սակայն, անբավարար է։ Առաջարկվել է, որ 1.5 միլիարդ դրամով 2020 թվականի բյուջեում գիտությանը հատկացված ֆինանսավորումն ավելացնել, և այն նախատեսվում է ուղղել թեմատիկ՝ մրցութային և դրամաշնորհային ծրագրերին։ Այդ 1.5 միլիարդ դրամով նախատեսվում է, փաստորեն, այդ թեմատիկ ֆինանսավորման համար միջինում տրվող 70.000 դրամը դարձնել 100-120.000 դրամ։ Սա աննշան ավելացում է։ Այդ 1.5 միլիարդ դրամը խիստ խրախուսելի է, բայց այն ընդամենը ծածկում է նախորդ 2 տարիների ժամանակ կուտակած ծախսը, հետևաբար՝ այն ոչինչ է՝ գիտության ընդհանուր ցավերի համար։
– Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որը, արդեն 30 տարի է՝ նույնն է. արդյոք նոր իշխանությունը կկարողանա՞ գիտության նկատմամբ այս վերաբերմունքը փոխել։
– Անշուշտ, ես և գիտական հանրությունը դրա հույսն ունենք։ Այն, որ գիտահեն՝ գիտության վրա հիմնված տնտեությունն ու պետությունն է 21-րդ դարի տեսլականը, հայտնի է բոլորին, բայց, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կառավարությունը՝ նույնաբար, այդ գիտակցումից բխող քայլեր չեն ձեռնարկել, և դա շատ վատ է բնորոշում բոլոր իշխանություններին, այդ թվում և՝ ներկաներին։
– Գիտության ֆինանսավորման համար մասնավոր սեկտորը պե՞տք է արդյոք մասնակցություն ունենա, թե՞ դա բացառապես պետության գործն է։
– Գիտության ֆինանսավորումը զարգացած երկրներում, պետականը կազմում է փոքր մասը՝ 30-50 տոկոսը, և դա ուղղվում է գիտության վերազինմանը, և այլն։ Անշուշտ, պետք է լինի մասնավորի ներդրում, բայց երբ մենք պահանջում ենք գիտության ֆինանսավորում, պահանջում ենք, որ պետությունն անի իր քայլը, այն է՝ գիտությանը տա ՀՆԱ-ի մեկ տոկոսը և ստեղծի գրավիչ պայմաններ, որ գիտության մեջ ներդրում անելը գրավիչ լինի մասնավորին։ Պետությունը, օրինակ, կարող է օրենսդրական քայլեր կատարել և գիտությանն աջակցելու պարագայում որոշակի հարկերից ազատել մասնավորին։ Առանց նմանատիպ քայլերի՝ հնարավոր չէ խրախուսել մասնավորին։
– Ունե՞նք գործարարներ, որոնք սեփական նախաձեռնությամբ գիտական այս կամ այն ծրագիրն են ֆինանսավորել։
– Այս 30 տարվա ընթացքում աննշան թվով նման դեպքեր կարելի է առանձնացնել։ Արժանի է նշել «Տաշիր» ընկերության կողմից 40.000 դոլարի հատկացումը երիտասարդ գիտնականների ծրագրերի համար, նույնքան ֆինանսավորում էլ հատկացվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնադրամից՝ դարձյալ նույն չափի, բայց դրանք փոշեհատիկներ են, փշրանքներ։
– Դուք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի աջակիցն եք, փաստորեն Դուք պետությունից պահանջում եք, և ոչ թե՝ խնդրում կամ առաջարկում։ Ձեր պահանջները կներկայացնե՞ք:
– Ես պետք է խիստ քննադատական խոսք ուղղեմ այսօրվա Կառավարությանը, որովհետև «Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» չի գործում, դա այն հարցն է, որը լուծվում է մեկ օրում, և եթե կառավարությունն ընդունակ չէ մեկ օրում այդ հարցը լուծելու, բացի խիստ բացասականը՝ այլ կարծիք հնչեցնել չեմ կարող։
Իրական կետը, ինչի համար կարելի է պահանջել նախարարի հրաժարականը, «Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» չգործարկելն է, իսկ եթե այն վերագործարկվեց այդ ֆինանսավորմամբ, ես և բոլոր երիտասարդները խիստ դժգոհ կլինենք: Այդ ծրագիրը պահել այդ խղճուկ 100 միլիոն դրամով՝ անընդունելի է. մենք խստագույնս պահանջում ենք 100 մլն դրամը եռապատկել. այլևս սպասելու խելամիտ ժամանակը սպառված է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ