Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ օրենքի ընդունումը. թիրախում կլինի իշխանություններին անհաճո անձանց գույքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որն, ի դեպ, հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:
Մասնագետների հավաստմամբ՝ տեղեկատվության ոչ հրապարակային լինելն այս դեպքում խնդրահարույց է նաեւ հանրային վստահության առումով, քանի որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է հանրությունն իմանալու` օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, կամ՝ ի՞նչ տեղեկություններ են դրանք:
Օդում կախված է մնում նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլեւս պաշտպանվելու իրավունք չունի:
Թերթի զրուցակիցը, ով պրոֆեսիոնալ ֆինանսիստ է եւ բանկային գործի գիտակ, նշել է, որ այս նախագծով կոպտորեն խախտվում է մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, եւ, ըստ էության, հակասահմանադրական օրենք է։
Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է նաեւ, որ հիշյալ օրինագիծն ուղղակիորեն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը, իսկ եթե չկա սեփականության ինստիտուտ, նաեւ տնտեսություն չկա։
Տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում նաեւ այն առումով, որ այս օրինագծի ընդունումը կարող է ունենալ լուրջ քաղաքական հետեւանքներ, քանի որ թիրախում հիմնականում կարող են հայտնվել իշխանություններին անհաճո անձինք:
Ի դեպ, կարծիք կա, որ մի շարք այլ հարցերի թվում նաեւ այս օրենքի ընդունման հակասահմանադրականությունը քողարկելու համար են իշխանությունները ցանկանում «գրավել» ՍԴ-ն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: