Սլովակիայում պետական սուգ է հայտարարվել
Սլովակիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արեւմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումից մեծ թվով զոհերի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Սլովակիայի ռադիոն:
Պետական սուգ հայտարարելու որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում, որը հինգշաբթի օրը կայացել է Բրատիսլավայում: Պետական կազմակերպությունների շենքերի վրա ազգային դրոշները կխոնարհվեն միջին եվրոպական ժամանակով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով 11:00-ից մինչեւ 23:00-ն): Նիտրա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 12 մարդ, որոնցից չորսը երեխաներ են ու դեռահասներ: Վնասվածքներ է ստացել 20 մարդ: Նրանցից երեքն օրհասական վիճակում են:
Ավտոբուսում գտնվում էին դպրոցականներ, որոնք տուն էին վերադառնում պարապմունքներից: Բեռնատարը, որի վարորդը դիտվում է որպես ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, քարեր էր տեղափոխում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: