«Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխությունը՝ իմաստների հեղափոխությունը». Սպարտակ Սեյրանյան

168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Սպարտակ Սեյրանյանն էր:

– Ոչ միայն ՀՅԴ երիտասարդական թևը, այլ շատ ուսանողներ ևս պայքարում են, նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության առջև, դասադուլ են հայտարարել, նրանց միացել են նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Կարո՞ղ եք ձևակերպել պահանջն ընդհանուր առմամբ, որովհետև մի կողմից՝ թվում էր՝ պայքար է հայագիտական առարկաների դեմ, բայց պահանջը կարծես ավելի ընդգրկուն է:

– Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ թե մեկ օրվա կամ մեկ որոշման արձագանք է, այլ ամիսներ շարունակ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող քաղաքականություն, և երբ որ նախարարն ասում է՝ սա իմ դեմ շարժում է, ինքը ձևախեղում է ամբողջ գործընթացի տրամաբանությունը: Ուսանողները, երիտասարդները և նրանց միացած դասախոսները ոչ թե նախարարի անձի դեմ են պայքարում՝ նրա հրաժարականը պահանջելով, այլ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության: Եվ վերջին դրվագը՝ հայոց լեզվի, գրականության ու հայոց պատմության սահմանափակումը, կարելի է ասել՝ վերջին կաթիլն էր, և քաղաքացիները հասկացան, որ գործ ունենք մի ամբողջական ծրագրավորված տրամաբանության հետ: Ինչո՞ւ է խոսակցությունը վարվում, որ դպրոցներից պետք է հանվի Ռազմագիտություն առարկան: Մարդիկ տրամաբանական կապ են տեսնում, չէ՞, այն հայտարարությունների միջև, երբ որ հայտարարվում է, որ մեր ազգային հերոսներն այլևս պատերազմի հերոսները չպիտի լինեն, բոլորովին այլ տեղ պետք է հերոս գտնել: Խնդիրը հետևյալն է. մարդիկ տեսան, որ կա հստակ շեղում ազգային արժեհամակարգից, և արձագանքեցին, մանավանդ, որ վերջին ամիսների հանրային քննարկումների ամենակարևոր թեմաներից մեկը Ստամբուլյան կոնվենցիան է, և մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մի տեղ հատվում են վեկտորները, և նպատակային հարված է հասցվում ազգային-ավանդական արժեհամակարգին:

Աշխատում է շատ հստակ ծրագիր: Միանգամից չեն հարվածում քո արժեհամակարգին: Սկզբում սկսում են փնովել, արժեզրկել, ծաղրել, ասել, որ դա հետամնացություն է, և այլն, և երբ որ, իրենց կարծիքով, համապատասխան էմոցիոնալ և իմացական ինֆորմացիոն ֆոնը պատրաստ է, դրանից հետո դա դառնում է պետական ծրագիր, օրենք, քաղաքական որոշում, և որն իրականացվում է: Սրա դեմ է պայքարը, և ամենացավալին այն է, որ, երբ մարդիկ խոսում են բովանդակային, ծրագրային խնդիրներից, ոլորտի պատասխանատուն՝ փոխանակ լսի (չէ՞ որ իր ոլորտի պատասխանատուներն են), պայքարողներին անդաստիարակ է անվանում կամ խոսում է նախկինների մասին, ու հասկանում ես, որ նա ուզում է շեղել օրակարգը:

– Այսպիսի կարծիք էլ է շրջում, որ Դաշնակցությունն ուզում էր իշխանափոխություն անել, բայց ոչ թե պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ սկսեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանով: Ինչո՞ւ միանգամից չպահանջել վարչապետի հրաժարականը: Ի վերջո, հայտնի է, որ Կրթության թե որևէ այլ նախարար լինի, առանց վարչապետի իրազեկվածության որևէ քայլ չի անում: Նույնիսկ համաձայնեցնում է ելույթը, խոսքը:

– Ուսանողներն իրենց շարժումը սկսեցին հետևյալ տրամաբանությամբ. մենք տեսնում ենք խախտումներ և ձևախեղումներ՝ կրթական, մշակութային գործընթացների հետ կապված, և առաջարկեցին դա փոխել, կամ իրենց բողոքը հայտնեցին դրա հետ կապված: Ոլորտի պատասխանատուն տվյալ անձնավորությունն է, և, բնականաբար, երբ որ ոլորտի պատասխանատուն նման ձևով է հանդես գալիս, սլաքն ուղղվում է նրա դեմ: Ոլորտը՝ իր մյուս պատասխանատուներով, Կառավարությունը՝ որպես հավաքական մարմին, ժամանակ ու հնարավորություն կարող է ունենալ, ենթադրում եմ՝ վերանայելու իր մոտեցումները, իսկ թե ինչ ընթացք կունենա շարունակությունը, դա արդեն կախված է նրանից, թե պետությունն ու օրվա քաղաքական իշխանությունն ինչպես են արձագանքում իր դեմ քննադատությանը կամ դիտողությանը:

– Հեղափոխություն-իշխանափոխությունից հետո հասարակության մեջ բաժանարար գծեր դրվեցին, այսպես ասած, սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների, հակահեղափոխական-հեղափոխական, այնուհետև դարձավ նիկոլական-ոչ նիկոլական, և այլն, և դա արվեց նոր իշխանությունների ձեռքով այն ժամանակ, երբ քաղաքապետի ընտրություններ էին, ու քաղաքապետի թեկնածուն առաջին անգամ այդ բաժանման մասին խոսեց: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում էր այդ քարոզարշավին, Դավթաշենի իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց. «Հայաստանում սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունն անշրջելի է: Հայաստանում սևերը ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնել»: Ինչո՞ւ դա արվեց… Ինչո՞ւ այդ դեպքում բաժանարար գծերն արժեհամակարգային հարցերի շուրջ չդրվեցին…

– Այդ գծերը դրվեցին, անշուշտ, որպես քաղաքական տեխնոլոգիա: Բայց երբ մարդիկ տեսնում են, որ դնում են քաղաքական մի բանաձև, ու այդ բանաձևն աշխատում է զուտ ընտրական իմաստով, իսկ ինչո՞ւ չօգտագործել այդ բանաձևը՝ դրան տալով այլ նոր երանգներ էլ՝ հեղափոխականներ-հակահեղափոխականներ, ռևանշիստներ, սևեր-սպիտակներ, ազգայիններ-ոչ ազգայիններ, ժամանակակիցներ-հետամնացներ: Այդ փուլում այդ տեխնոլոգիան իր արդյունքը տվեց քաղաքապետի ընտրություններում հավաքած տոկոսներով, իշխանությունն էլ որոշեց՝ ի՞նչ կա որ… վատ էլ բանաձև չէ, անընդհատ կարելի է օգտագործել, մանավանդ, երբ որ դրանից հետո ինչքան քննադատություն առաջանում է, դրանց բովանդակային պատասխանելու փոխարեն՝ շատ հեշտ կարելի է ասել՝«Ո՞նց կարող է ինքը ճիշտ բան ասել, եթե ինքը սև է»:

Սա պարզունակ մի տեխնոլոգիա է, որը մի տարի առաջ, ասենք, շատ էր աշխատում, վեց ամիս առաջ քչերի վրա էր ազդում, բայց այսօր էլ կա, անշուշտ, մարդկանց խումբ կամ շրջանակներ, որոնց վրա այս տեխնոլոգիան լավ էլ ազդում է: Որքան տեխնոլոգիայի ազդեցությունը քչանում է, այնքան միջի մակդիրներն ու բաժանարար գծերը շատանում են:

Դա ոչ միայն ընդդիմությանն է վերաբերում, ի սկզբանե սև որակվածներին է վերաբերում: Բավական է «Իմ քայլը» խմբակցության որևէ անդամ համարձակվի խոսել Ստամբուլյան արձանագրության կամ Ամուլսարի շահագործման մասին, միանգամից թիրախավորվում է՝ որպես պոտենցիալ սև:

Մյուս խնդիրը հասարակությանը վարժեցնելն է, որ տարանջատումներն այդ գծերով են գնում: Սա մանիպուլյացիա է՝ թույլ չտալու համար, որ հասարակությունը հասկանա, որ ջրբաժան գիծը բոլորովին այլ տեղով է գնում: Կան թեմաներ, որոնց շուրջ խոսում են թե նախկինները, թե ներկաները: Արցախի բանակցային գործընթացների շուրջ տեղի ունեցող այս երևույթներով ջրբաժանն անցնում է նաև էսօրվա գործող իշխանության միջով: Նույն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված՝ ջրբաժանը նաև իրենց միջով է անցնում:

Պետությունը, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ունի մի քանի խնդիրներ՝ առաջինը՝ ազգային-պետական ուղեգծի որդեգրում, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ պետություն ենք կառուցում, ու նրա համար առաջնահերթությունները որոնք են, ինչպե՞ս է այդ պետությունն ու նրա քաղաքականությունը լուծում անվտանգության հիմնախնդիրներն առաջին հերթին:

– Ինչի՞ց են հիմա շեղում, որովհետև տարբեր բանախոսներ ահազանգեր են հնչեցնում՝ նույն անվտանգային խնդիրների հետ կապված, Արցախյան խնդրի հետ կապված, բյուջեն է քննարկվում՝ երկրի կարևորագույն ֆինանսական փաստաթուղթը, բայց քննարկում չկա՝ որպես այդպիսին: Ինչո՞ւ քննարկում չի ծավալվում: Կարևո՞ր չէ, հետաքրքի՞ր չէ: Ինչի՞ց են փորձում շեղել, և արդյո՞ք հնարավոր է շեղել:

– Երկու հիմնախնդիր կա: Ես չեմ ուզում անդրադառնալ այն կոնսպիրոլոգիական սցենարներին, որ ամեն ինչ արվում է ինչ-որ մի կարևոր հարցից շեղելու համար: Չէ: Միայն դա չէ: Դա, անշուշտ, կա, բայց շատ ժամանակ, որպեսզի չլինի գաղափարների բանավեճ, խոսակցությունը տարվում է բոլորովին այլ թեմայի վրա: Ծաղկամանը կամ վարչապետի տան վերանորոգումը, սեղանի պարունակությունը, ինքնաթիռ առավ-չառավ, ինչքան պարգևավճարներ տվեցին-չտվեցին: Այսինքն՝ պետական կարևորագույն հիմնախնդիրները, ի վերջո, այն հիմքերը, որոնց հիման վրա 1.5 տարի առաջ ժողովուրդ դուրս եկավ փողոց, այդ օրակարգերն այսօր հանրային քննարկման նյութ չեն: Ընդ որում, քննարկման նյութ չեն ոչ միայն սոցիալական ցանցերում, որտեղ դրսևորման միակ տարբերակը «քլնգելն է», ով ավելի լավ ձեռք կառնի, ով ավելի թունդ խոսքերով կասի: Իշխանությանը շատ ձեռնտու է այս տարբերակը, որովհետև շեղում է նրանից, որ նախ՝ ծրագիր չունեն, ունեցածն էլ իրականացնելու համար համապատասխան կադրեր չունեն:

Լուրջ չեն քննարկում, որովհետև լուրջ քննարկողների կրիտիկական զանգված չունեն և չեն ուզում լուրջ քննարկել, որովհետև եթե քննարկման ժամանակ թեզին հակաթեզ հակադրվի, իրենք պատասխանելու բան չունեն:

Մեկ տարի առաջ ասվում էր, որ շուտափույթ ընտրություններ պետք է անենք, որ արտասահմանում սփյուռքահայերը, պարկերով փողերը շալակած, սպասում են՝ երբ պիտի Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ լինեն, որ լեղապատառ ներդրումներ անեն Հայաստանի տնտեսության մեջ: Տեսնում ենք, որ ոչ միայն դրսից ներդրումներ չկան, այլև ներսից կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Տնտեսական բլոկի պատասխանատուներին ձեռք տալի՞ս է նման հարցերի քննարկումը բյուջեի քննարկման ժամանակ: Բնավ ձեռք չի տալիս: Դրա համար էլ ջրիկացնում են: Սա մեթոդաբանություն է՝ անլուրջ հարցը շատ լրջացնել, որպեսզի լուրջ հարցն անլրջացնեն: Սա մանիպուլյացիա է, բայց ինձ թվում է՝ վտանգավորությունն այստեղ չէ: Վտանգավորությունն այնտեղ է, որ իշխանությունն ինչ որակ որ այսօր ունի, ինքն ուզում է, որ իր հիմնական ընդդիմախոսը նույն որակն ունենա: Ինքը չի ուզում ծրագրեր, առաջարկներ լսել: Ինքը հայհոյում է և շատ շահագրգռված է, որ իրեն պատասխանողն էլ հայհոյող լինի, որպեսզի լուրջ մարդը, Հայաստանի հպարտ քաղաքացին տեսնի, որ վեճը գնում է երկու հայհոյողների միջև: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, արդեն պատրաստվում էր վարչապետ լինել, ինքն ասում էր՝ սուպերվարչապետությանը պետք է դեմ լինեմ, և Դաշնակցության հետ իր համագործակցության անկյունաքարային սկզբունքներից մեկը, որով որ մենք համաձայնեցինք մաս կազմել նոր կառավարության, դա էր՝ փոփոխություններ կատարել, էդ սուպերվարչապետական համակարգից հրաժարվել, բայց մարդը հետո, երբ ստանում է իշխանություն, ասում է՝ եթե այս գործիքը լավ աշխատում է, ինչի՞ տամ ուրիշին, որ:

– Այսինքն՝ այն, ինչը որ նախկիններին չէր կարելի, հիմա կարելի է, բայց տեսեք, որ հասարակությունը դրան դեմ չէ մեծ հաշվով: Մի հատվածը, ով չի ուզում երկու հայհոյողների վեճը տեսնել, պասիվ է, չի մասնակցում, թողնում է, հեռանում:

– Դա ժամանակավոր երևույթ է, հավատացնում եմ Ձեզ: Դա կտևի այնքան ժամանակ, անկախ նրանից՝ իշխանությունն ինչքան ջանքեր կթափի այդ ժամանակը երկարացնելու համար, քանի դեռ թեզի ու հակաթեզի արդյունքում սինթեզ չի առաջացել, այսինքն՝ քանի դեռ պարզ չէ՝ այլընտրանքային զարգացման, ջրբաժանն անցնող հարցերին պատասխանող ի՞նչ կոնցեպցիա է առաջ բերվելու:

Եթե դու ասում ես, որ ինձնից առաջ ոչ մի լավ բան չի եղել, ամեն ինչ եղել է վատ, դու պարտադրում ես դիմացինին, որ ասի՝ հիմա ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ վատ է: Որպեսզի նոր արտադրանք լինի, պետք է ասվի հետևյալ նախադասությունը. «Եղբայր, նախկինում էլ են եղել շատ ճիշտ քայլեր, ձեռքբերումներ, հաղթանակներ և նվաճումներ, և, այո, եղել են թերացումներ, սխալներ և շատ կոպիտ սխալներ, որովհետև եթե այդ սխալները չլինեին, չէր լինի այն, ինչ եղավ»:

Պետք է ասվի, որ այսօրվա իշխանությունն էլ, այո, դրական շատ քայլեր է կատարել, բայց դրա հետ մեկտեղ՝ կան նաև շատ բացասական քայլեր: Այսինքն՝ երբ դու նախկինի ու ներկայի դրականն ու բացասականը տեսնում ես, բացասականը մերժում ես, դրականն արժևորում ես, դա նշանակում է, որ դու կատարում ես սինթեզ և մի քայլ բարձրացնում ես պետության զարգացման աստիճանը:

Բայց հեղափոխությամբ պատ չեն սարքում: Մուրճն ու քլունգը շատ արդյունավետ գործիքներ են պատը քանդելու համար, բայց եթե դու դրանցով ուզում ես սրտի վիրահատություն անել կամ ժամացույց նորոգել, չես կարողանալու: Պիտի առնվազն գործիքդ փոխես, և, որ ամենակարևորն է, այն մարդիկ, ովքեր լավ քանդել գիտեն, դեռ չի նշանակում, որ լավ էլ սարքել գիտեն:

– Նիկոլ Փաշինյանը լավ սարքե՞լ գիտի, թե՞ քանդել:

– 1.5 տարին ցույց տվեց, որ իշխանությունը շատ արդյունավետ քանդելու մեթոդաբանություն ուներ և համապատասխան կադրային ներուժ, բայց գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում:

Ցավոք սրտի, տեսեք, տարածաշրջանում ի՞նչ է կատարվում, մենք ի՞նչ ենք քննարկում, ինչի՞ մասին ենք խոսում: Մի պետություն, որի մեջ թիկունք և ռազմաճակատ հասկացությունները ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի պարագայում շատ պայմանական են: Մենք ինչի՞ մասին ենք խոսում. Դրանք լո՞ւրջ խնդիրներ են, թե՞ անլուրջ:

Էս երկիրը չունի նավթ, չունի ելք դեպի ծով: Էս երկրի միակ հարստությունն այս երկրի բնակիչներն են, նրանց ստեղծագործական պոտենցիալը, կարողություններն ու հնարավորությունները: Դա նշանակում է, որ որևէ իշխանություն, եթե ուզում է ամուր լինել, պետք է գույքագրի բոլոր հնարավոր գաղափարներն ու ծրագրերը՝ անկախ նրանից, թե դրանք ովքեր են ասում: Ամբողջ աշխարհում իմաստների պայքար է ընթանում, և իմ խորին համոզմամբ՝ հիմա Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխություն՝ իմաստների հեղափոխություն, թե ինչպիսի՞ պետություն պետք է կառուցենք, ի՞նչ ծրագրերով պետք է պետությունն առաջնորդվի, և ինչպիսի՞ մարդիկ են պետք այդ ծրագրային գործընթացի մեջ աշխատանքներն իրականացնելու համար: Եվ այս իրավիճակում չօգտվել պոտենցիալից, այլ այդ պոտենցիալը տարբեր գունավորումներով դուրս մղել…

– Նույն սլաքներն ուղղված են նաև մամուլի դեմ: Նախկին իշխանությունների հովանավորություն, տեռոր են անում իշխանությանը…

– Բնականաբար: Ես Ձեզ ուրիշ բան ասեմ: Ոչ միայն խոսելու ազատության նկատմամբ է հիմա ոտնձգություններ կատարվում: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ արդեն ազատ մտածելու հետ կապված պրոբլեմ ունի օրվա իշխանությունը: Այսինքն՝ հերիք չի, որ չես կարող մտքերդ արտասանել, միանգամից պիտակավորվում ես, մարդիկ ասում են՝ դու ընդհանրապես մի էլ մտածիր այդ մասին: Մտածած է այդ մասին:

– Հնարավո՞ր է նոր հեղափոխություն:

– Երբ որ կրիտիկական զանգվածը կհավաքվի ծրագրերի ու գաղափարների, ինքը կծնի շարժիչները, իր ինքնադրսևորման ձևերն ու մեխանիզմները: Այ դա ի նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ջրբաժանը, որ կա, իրական ջրբաժանը, անցնում է այդտեղով:

– Ի՞նչ ֆունկցիա ունի այսօր իշխանությունը:

– Իշխանությունը պահել է իր բազմաթիվ ֆունկցիաներից մեկը միայն՝ ուժայինը: Այսինքն՝ եթե ես քննադատում եմ, ինքը չի ասում՝ ձեր քննադատության միջի այս-այս դրույթներն ընդունում եմ, բայց այ սրանք էլ չեմ ընդունում, որովհետև ես այս քաղաքականությունն եմ իրականացնում: Դուք կամ լավ չգիտեք, կամ եկեք քննարկենք իրար հետ, հասկանանք՝ լուծումը որն է: Ինքը չի ընդունում այդ առաջարկները: Ինքն ասում է՝ եթե դու համաձայն չես իմ վարած քաղաքականության հետ, ուրեմն դու սև ես, դու նախկինների վերադարձն ես ուզում, դու ռևանշիստ ես, դու հակահեղափոխական ես, թալանչի ես, և այլն, ու եթե շարունակես շատ խոսել այդ առումով, արկղերը կլցնեմ քրեական գործերով: Այս մեթոդաբանությամբ կարող ես էլի իշխանություն պահել, բայց պետություն չի զարգանա այս տրամաբանության ներքո, որովհետև պետության ղեկավար առաջին մարդը չէ, որ Լյուդովիկոսի նման ասել է՝ «Պետությունը ես եմ», ու դրանից անմիջապես հետո պետությունը փլուզվել է:

Սաթիկ Սեյրանյան

 

Տեսանյութեր

Լրահոս