Թվեր, որ իշխանությունները չեն տարածի

Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ: Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի: Ճիշտ այդպես նախկինում էլ իշխանությունները չնկատելու էին տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չէին գալիս: Օրինակ, ոչ մի պաշտոնյա երբեք չի հրապարակել իրավախախտումների մասին տվյալներ, եթե դրանք աճ են արձանագրել: Այս անգամ էլ հասարակությունն իրավախախտումների մասին պաշտոնատարների հրապարակային կամ սոցցանցային ելույթ-գրառումներից չեն տեղեկանա, որ 2017թ. արձանագրված իրավախախտման 20 հազար 284 դեպքի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 22 հազար 551 դեպք: Սա դեռ ոչինչ: Հասարակությունը չի իմանա նաև, որ Դատական ակտերի հարկադիր կատարում հաշվետվության մեջ «ՀՀ պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարներ» տողի դիմաց տարօրինակ թվեր են արձանագրված: ՀՀ բյուջեն 2017-ին ստացել է 18,1 մլն դրամ, իսկ 2018-ին՝ ընդամենը 10.8 մլն դրամ` սպասումներին, խոստումներին ու պաշտոնական հաղորդագրություններին հակառակ:

Նույն կերպ դժվար է պատկերացնել, որ առողջապահության ոլորտը կամ կառավարությունը ներկայացնող որևէ պաշտոնյա սոցցանցային գրառում կանի, որ Հայաստանում պակասում է հիվանդանոցային մահճակալների քանակը: 2017-ի 12.457 մահճակալի փոխարեն՝ 2018-ի հաշվետվության մեջ 12.153 մահճակալ է «հաշվառված»: Խոսքը միայն անկում, նվազում ու կրճատում արձանագրող տվյալների մասին չէ: Դժվար չէ պատկերացնելը, որ իշխանությունները հրապարակային չեն հպարտանա՝ գրառում անելով, որ «իրենց քրտնաջան ու նվիրված աշխատանքի, ստվերի ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի արդյունքում անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվել»: Նախ՝ ասենք, որ «անվանական աշխատավարձ» ասվածը չհարկված աշխատավարձի չափն է (այսինքն՝ հրապարակված թվերը կարելի է մտովի պակասեցնել մեկ քառորդով): Ասենք ու հրապարակենք թվերը. 2017թ. պաշտոնական միջին անվանական աշխատավարձը կազմել է 114.557 դրամ: Այն իսկապես 2018-ին բարձրացել է՝ դառնալով 115.336 դրամ: Բարձրացել է 779 դրամով: Անբարիշտ տնտեսագետներն այս դրվագում կհիշեցնեին գնաճի մասին ու կսկսեին պնդել, որ այդ բարձրացումը կուլ է գնացել գնաճին: Բայց դա թողնենք իրենց` անբարիշտ տնտեսագետներին: Թողնենք ու վերադառնանք կենսաթոշակների մասին տվյալներին:

Այստեղ բարձրացում չկա: 2017-ին միջին կենսաթոշակը կազմել է 40.634 դրամ, իսկ 2018-ին այն շատ քիչ է նվազել` 40.478 դրամ: Սակայն աշխատավարձերի 779 դրամանոց աճն ու կենսաթոշակների 156 դրամանոց նվազումն այնքան աննշան երևույթ է, որ դա չնկատելու տալը լուրջ բացթողում չես համարի: Փոխարենը՝ 2018թ. Հայաստանը թվերով նկարագրող հաշվետվության մեջ կա մեկ հատված, որի բոլոր թվերը պատշաճ վերլուծության կարիք ունեն: «Աշխատանքի շուկան» նկարագրող բաժնում նշված է, որ 2017թ. արձանագրված էր 219.000 գործազուրկ (խոսքը պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին չէ): 2018թ. այն պաշտոնապես աճել է՝ կազմելով 234.000 մարդ: 2017-ի տվյալներով՝ մեր երկրում զբաղվածների թիվը գերազանցում էր 1 միլիոնը՝ կազմելով 1 մլն 11.700 մարդ: 2018-ի պաշտոնական հաշվետվությունը զբաղվածների ավելի փոքր քանակ է արձանագրել՝ 907.5 հազար մարդ:

Պարզ է, որ այս ցուցանիշների արդյունքում աճել է «գործազրկության մակարդակ» կոչվող ցուցանիշը` սա գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում: 2017-ին այն 17.8 տոկոս էր, իսկ 2018-ին դարձել է 20.5 տոկոս: Ընդ որում՝ հանրապետական միջինից բարձր գործազրկության մակարդակ արձանագրվել է Վայոց ձորի մարզում` 21.8 տոկոս, Շիրակի մարզում 22.9 տոկոս, Կոտայքի մարզում` 25.5 տոկոս, Երևանում` 27.4 տոկոս: Իսկ ամենաբարձր ցուցանիշն ունի Տավուշի մարզը, ուր աշխատանք չունի համարյա ամեն երրորդ աշխատունակության տարիքի բնակիչ` 30.3 տոկոս:
Վերջում բերենք պաշտոնական մի քանի տվյալ, որ կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ (վստահ եմ, որ այդ տվյալներն էլ մեր պաշտոնյաները չտեսնելու են տալու): 2016թ. Հայաստանում աշխատանք էր փնտրում մոտ 95.800 մարդ: 2017-ին աշխատանք փնտրողների քանակը մոտ 86.000 մարդ էր, իսկ 2018-ին` մոտ 82.000: Որպես վարկած՝ առաջարկում եմ մտածել, որ աշխատանք փնտրողների թվի նվազումը՝ գործազուրկների քանակի աճին զուգընթաց, կարելի է բացատրել, որ մարդիկ հոգնել են: Հոգնել են փնտրելուց: Պատրաստ եմ լսել ցանկացած այլ վարկած:

Տեսանյութեր

Լրահոս