Բաժիններ՝

«Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո». Աղասի Խանջյանի ողբերգական հուղարկավորությունը

Աղասի Խանջյանը հայ իրականության մեջ երբևէ եղած ամենասիրված ղեկավարներից մեկն էր։ Խանջյանին սիրում էին բոլորը, քանի որ այդ բարդ ու խառնակ ժամանակներում նա ամեն ինչ անում էր իր ժողովրդի ու հայրենիքի համար։ Պատահականություն չէր, որ վերևում «ինչ-որ» ուժեր դա հասկանում էին ու ամեն ինչ արեցին, որ խաղից դուրս գա Խանջյանը։ Խանջյանին սիրում էին մտավորականները։ Չարենցի նման տիտանը սոնետների մի ամբողջ շարք նվիրեց Խանջյանին․

Սոնետ երկրորդ «Դոֆինը իրական»

Այս գաղթական կանանց ընտանեկան սուգով
Եվ շիվանով միայն շրջապատած,
Փայտյա դագա՛ղն ու դի՛ն արյունոտած –
Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո։

Դո՞ւ ես արդյոք պառկած այդքան անհույզ դեմքով
Հանցապարտի, գողի դագաղ մտած,
Երբ ժողովուրդն անգամ աչքերն իր թաց,
Վարանքո՜վ է սրբում բաց դագաղի դեմ քո…

Կարդացեք նաև

Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ`
Ընկա՜վ, պոկվե՜ց հանկարծ լուրթ եթերից,
Թե դոֆինյան քո դե՛մքը, թե անունըդ` Խանջյա՛ն…

Եվ ես հիշում եմ մեր այն մտերիմ,
Եվ իրոնիկ զրո՛ւյցը այնքան թովիչ,
Երբ կոչեցի ես քեզ Նաիրական Դոֆին։

Հիմա գանք այս պատմության սկիզբը։ 1936 թվականի հուլիսի 9-ին սպանվում է Աղասի Խանջյանը։ Մինչ Խանջյանի Թիֆլիս մեկնելն արդեն իսկ ոմանք հասկանում էին, թե ինչու Խանջյանը մեկնեց Բերիայի մոտ։ Մինչ օրս շատերը գրում են, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպան է եղել, սակայն հասկանալի է խորհրդային իշխանության ձեռագիրը։ 1925 թվականին «ինքնասպան էր եղել» նաև Սերգեյ Եսենինը։ (Եսենինի մահվանը դեռ առաջիկայում կանդրադառնանք)։ Միգուցե խորհրդային իշխանությունները չէին հավատում, որ Խանջյանի հուղարկավորությունը կդառնա մի իսկական համահայկական իրադարձություն։ Ճիշտ չի լինի ասել, որ Վահրամ Ալազանից լավ կպատմենք, թե ինչպես է անցել Խանջյանի հուղարկավորությունը։ Պետք է ուղղակի լռել ու կարդալ Վահրամ Ալազանի տողերը, որոնք լավագույնն են պատմում այդ ողբերգական օրվա մասին․

«Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երևան բերին։ Երևանի կայարանում մեծ բազմություն էր հավաքվել։ Կայարանից մինչև քաղաք տանող ճանապարհը փակված էր միլիցիոներների խիտ շղթայով։ (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված էր միայն Կենտկոմի և Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին» (Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներով», Երևան, 1990 թվական)։

Հավաքված բազմությունն այնքան շատ է լինում, որ մարդիկ Խանջյանի դագաղը ձեռքով տանում են մինչև նրա առանձնատուն։ Սակայն այդ ժամանակ Մուղդուսին ամեն ինչ անում է, որպեսզի զսպի հասարակության պոռթկումը։ Նրանք չէին մտածել, որ ժողովուրդը հանուն մահացած Խանջյանի դուրս կգա փողոց։ Այս ամենը նմանվում էր Միքայել Նալբանդյանի հուղարկավորությանը, որը նույնպես ժողովրդական ցասման մի մեծ ալիք բարձրացրեց Նոր Նախիջևանում։ Այս ամենը տեսնելով՝ Մուղդուսին արեց իր սև գործը․

«Մուղդուսին տեսնելով, որ իր հեծյալ միլիցիան անզոր է ժողովրդի ցասման դեմ, դիմեց մի ավելի զզվելի միջոցի։ Ժողովրդի վրա բաց թողեց Մամռի ջրանցքի առաջ ջրերը, որը հեղեղեց փողոցը։ Պետք էր տեսնել, թե ինչպես տղամարդիկ, կանայք, երիտասարդ աղջիկները, մինչև սրունքները հասնող ջուրը ճողփելով, առաջ էին շարժվում» (Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներով», Երևան, 1990 թվական)։

Ալազանն այստեղ մանրամասն ներկայացնում է նաև հայ գրողներին, մտավորականներին, ովքեր նույնպես մնացել էին հեղեղի տակ, սակայն մեկը մյուսին օգնելով՝ գնում էին դեպի Խանջյանի առանձնատուն, որպեսզի վերջին հրաժեշտը տային։ Մուղդուսին հանգիստ չթողեց նաև Խանջյանի դիակը․

«Տեսնելով ժողովրդի հուզումները, Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին՝ Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց. -Կացե՛ք, կացե՛ք։ Հայրական ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով՝ ասաց․ «Իմ սիրելի Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ինչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։

Այդ դամբանական կարճ խոսքով Ղևոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել։ Խանջյանի հոր համառոտ խոսքից հետո Մուղդուսին կարգադրեց վերցնել դագաղը» (Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներով», Երևան, 1990 թվական):

Արդեն իսկ 1936 թվականի հուլիսի վերջերին Կենտկոմի նախագահության նիստին «հանրահայտ» Մուղդուսին հպարտությամբ զեկուցեց, որ Խանջյանին ափսոսալու համար Հայաստանում բանտ է նետվել մոտ յոթ-ութ հարյուր մարդ։ Հայաստանում սկսվեցին ձերբակալություններն ու գնդակահարությունները։

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս