Բաժիններ՝

«Արվեստը մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է». Արամազդ Վարագյան

Մշակութային հարուստ ժառանգություն և ամենաառանձնահատուկ ու տարբերվող ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքում է ծնվել նկարիչ և քանդակագործ Արամազդ Վարագյանը, ում հետ այսօր զրուցեցինք «Աստծո ներկայությունն արվեստագետի կյանքում» թեմայի շուրջ:

Ինչպես գիտենք, Գյումրիի բնակիչները հայտնի են ավանդույթների պահպանմամբ, քրտնաջան աշխատանքով եւ պատվասիրությամբ, որոնցից զերծ չի մնացել նաև մեր արվեստագետը:

«Աչքերս բացել եմ կտավների մեջ, առ Աստված ունեցած ամուր հավատքի մթնոլորտում». ասում է Արամազդը, քանի որ նրա հայրը նույնպես նկարիչ է և երկար տարիներ դասավանդել է դպրոցում, աշխատել տիկնիկային թատրոնում որպես նկարիչ և տիկնիկագործ, ապա գլխավոր նկարիչ:

-Ինչպիսի՞ միջավայրում եք ծնվել:

-Ծնվել եմ արվեստագետի ընտանիքում, Գյումրու հետերկրաշարժյան տարիների շրջանում, երբ քաղաքը դեռ նոր էր սկսում ոտքի կանգնել, չնայած մինչև հիմա էլ դեռ ամբողջովին վերականգնվելու փորձեր է կատարում:

Մանկությունս անցել է փոքրիկ տնակի մեջ: Հիշում եմ, թե իչպես էի փոքր ժամանակ, նախքան նկարչական դպրոց հաճախելը, հայրիկիս գործերին նայելով՝ փորձում նկարել:

-Ի՞նչ խորհուրդներ եք ստացել առաջին անգամ, որ հետագայում մեծ հետք են թողել Ձեր գործերում:

-Երբ հայրիկիս հարցնում էի, թե ինչպես պետք է ստանամ մարդու մարմնի կամ այս ու այն առարկայի ճշգրիտ գույները, միշտ խորհուրդ էր տալիս, որ ինքս փնտրեմ ու գտնեմ, քանի որ այդ ինքնուրույնությունը հետագայում ինձ էլ ավելի կօգներ արագ կողմնորոշվելու և սեփական ձեռագիրս ունենալու համար:

Հիշում եմ, թե որքան ծանր եղավ մեր ընտանիքի համար տատիկիս մահը, ինչից մեծապես ազդվեց հատկապես հայրս և այդ ամբողջ ցավն արտացոլվեց նաև նրա գործերում, ինչի արդյունքում նա սկսեց նկարել ավելի ծանր ու մռայլ թեմաներ: Սակայն մայրս, լինելով լավատես ու միշտ դեպի լույսը ձգտող կին, չէր խրախուսում այդպիսի նկարները: Նա մշտապես խորհուրդ է տալիս, որպեսզի նկարները լինեն հնարավորինս հետաքրքիր ու լուսավոր:

Ինքս շատ եմ ներշնչվում իրականությունից վերցրած թեմաներից, որին խառնվում է նաև երևակայությունը:

-Ինչպե՞ս սկսեցիք:

-7 տարեկանում եղբորս հետ հաճախեցի նկարչական դպրոց: Դպրոցից հետո ցանկանում էի շարունակել արդեն ընտրածս ճանապարհը: Ընդունվեցի Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական Մանկավարժական համալսարան: Ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ և վերադառնալուց հետո մագիստրատուրայի համար ընդունվել եմ Գյումրու ակադեմիայի արդեն մասնագիտացված քանդակի բաժին:

-Ինչպե՞ս եք զգում Աստծո ներկայությունը ստեղծագործելու պահին:

-Աստծուն անդրադառնալիս մի օրինակ եմ ուզում բերել. երբ Ռոդենին խնդիր տրվեց քանդակել Աստծո ձեռքերը, նա քանդակեց քանդակագործի ձեռքերը կավը ճմռթելիս՝ մեկնաբանելով իր արարքը հետևյալ կերպ. «Մարդը կավեղեն է, հողեղեն, իսկ քանդակագործների համար էլ առաջնային տեղում մշտապես եղել է կավը, քանզի դրանով ես ստանում պատկերը և հետո նոր տեղափոխում հիմնական նյութի վրա: Իմ կարծիքով, յուրաքանչյուր արվեստագետ մենակ չի ստեղծագործում, ստեղծագործելու ողջ ընթացքում կա ինչ որ գերբնական ուժ՝ աստվածային ներգործություն:

Ամենադժվար պահը թերևս գլխում մտքի հղացման ընթացքն է, որն ասես ինչ որ կերպ անցնում է սիրտ՝ բախվելով Աստծո ներգործությանը և դուրս գալով՝ վերածվում պատկերի: Իսկ ձեռքերը դառնում են Աստծո համար որպես միջոց այդ պատկերը շոշափելի դարձնելու համար:

-Ո՞ր ուսուցչի կամ ուսուցիչների կերպարներն են հատկապես պահպանվել Ձեր հուշերում և ինչո՞ւ:

-Որպես իմ մեծագույն ուսուցիչ համարել եմ ու կհամարեմ հայրիկիս, որովհետև այն ամենն ինչ որ ունեմ, իրենից է ժառանգված, առաջին քայլերս կատարել եմ իր խորհուրդներով և հենց այդ խորհուրդներն էլ բացել են կյանքիս այն ճանապարհը, որով ընթանում եմ:

Ինձ համար շատ կարևոր են հատկապես 3 մեծ քանդակագործների կերպարները՝ իմ 3 դասախոսները, ովքեր եղածն էլ ավելի զարգացնելով՝ ինձ ուղեկցեցին արվեստագետների արդեն մասնագիտացված ոլորտ: Մանկավարժական համալսարանում ծանոթացա Պապոյան Արտուշի հետ, ով Գյումրիի հայտնի քանդակագործներից է և որ առավել կարևոր է՝ շատ լավ մարդ է: Նրան շատ եմ սիրում ու հարգում, նա իսկապես մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում, բարձրացրեց մասնագիտական որակներս: Մինչ օրս էլ նրա հետ կապը պահպանված է, եթե ինչ որ հարց կամ խնդիր է լինում, անպայման ընդառաջում է կամ խորհուրդներ տալիս:

Մագիստրատուրայիս տարիների ընթացքում ծանոթացա Ալբերտ Վարդանյանի հետ, ում հետ ևս կապը պահպանվել է: Նրանից նույնպես միշտ ստացել եմ չափազանց կարևոր խորհուրդներ, մասնավորապես ժամանակակից արվեստի ոլորտում: Մյուս ուսուցիչս Վոլոդյա Սարգսյանն է, ռեալիզմի մեծագույն վարպետներից մեկը, ով նույնպես կարևոր աղդեցություն է ունեցել իմ կյանքում:

-Կարո՞ղ եք առանձնացնել արվեստագետի, ով Ձեզ համար ամենասիրելին է և հոգեհարազատը:

-Մեր հայազգի բոլոր արվեստագետներն էլ շատ բարձր մակարդակ ու մտածողություն ունեն և դժվար է նրանցից առանձնացնել կոնկրետ մեկին կամ երկուսին: Բայց չնայած այդ դժվարությանը, կընդգծեմ Սուրենյանի անունը, ումից, թերևս ամենամեծ աղդեցությունն եմ զգում: Նրա գործերի մեջ ամեն դետալ ունի առանձին իմաստ: Եվ կլինի քանդակ թե գեղանկարչություն, եթե չունի խորհրդաբանություն, ապա դատարկ է և դա նույնն է, ինչ եթե տունը կառուցենք ճահիճի վրա, այսինքն՝ առանց հիմքի, իսկ գեղանկարչության կամ քանդակի մեջ այդ հիմքը խորհրդաբանությունն է: Կառանձնացնեմ նաև Ժանսեմին, ով իր աշխատանքով դիպչել է հայ ազգի սրտին՝ ցեղասպանության թեմային անդրադառնալով: Այդ թեման ժամանակակից արվեստի լեզվով ներկայացնելը բավականին բարդ է: Շատերն են այսօր փորձում անդրադառնալ այդ թեմային, սակայն ընդամենը փորձում են ու հաճախ ուղղակի արժեզրկում, իսկ Ժանսեմի մոտ անկասկած հաջողվել է:

-Ի՞նչը կարող է Ձեզ թևաթափ անել և հակառակը՝ ոգևորել:

-Ստեղծագործելու պահին դու գտնվում ես ինքդ քո հետ և կարևորն արդյունքն է, որ հաղթող դուրս գաս: Անշուշտ եղել են գործեր, որ ձախողել եմ: Ստեղծագործելու ողջ ընթացքում չափազանց կարևոր է հոգեվիճակը, առանց որի հնարավոր չէ, քանի որ արվեստը մասնագիտություն չէ, արվեստը ապրելակերպ է, ուղղակի կան գործեր, որ ծնվում են մեկ գիշերվա ընթացքում և կան գործեր, որոնց համար տարիներ են անհրաժեշտ:

Ոգևորությանս վրա մեծապես ազդում է հավատն առ Աստված և հույսը դեպի ապագան…: Յուրաքանչյուր արվեստագետի համար իր ստեղծագործությունը նման է սեփական երեխային: Ամեն ստեղծագործության ծնունդ այնպես ոգևորիչ է, ինչպես առաջին անգամ կլսես երեխայիդ ճիչը, որովհետև յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ճիչը:

-Ինչպե՞ս եք հաղթահարել կյանքի դժվարությունները:

-Կյանքիս դժվարությունները դեռ չեմ հաղթահարել, իհարկե ամեն փուլում էլ դժվարություններ լինում են, որոնք լավ, թե վատ, միևնույն է կանցնեն, պարզապես կարևորը հետևություն անելն է, փորձի վրա սովորելը, կարևորն այն է, որ մարդ ինքն իրեն չխաբի:

-Ե՞րբ եք Ձեզ ամենաշատը մոտ զգում Աստծուն:

-Երբ ստեղծագործում եմ, այդ պահին ինձ մոտ եմ զգում Աստծուն, առանձնանում եմ ինքս ինձ հետ ու հասկանում եմ, որ այդ մտքերը, որ ծնվում են գլխումս, պետք է փորձեմ դարձնել շոշափելի, վերածել պատկերի և լինում է այնպես, որ մտածում կամ պատկերացնում ես ուրիշ բան և ստացվում է մեկ այլ բան և հենց այդ պահին է, որ զգում ես, որ քեզ ինչ որ անտեսանելի ուղղորդող ուժ կար: Կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործելու ողջ ընթացքում աղոթում է, խոսում իր արվածքի հետ, այն գործի, որն այդ պահին ինքը ստեղծում է և հենց այդ խոսակցություններն էլ ասես վերածվեն աղոթքի:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի եկեղեցին …

-Բոլոր եկեղեցիներից ինձ համար առնանձնահատուկ է հատկապես Էջմիածնի Մայր Տաճարը, որը մեր ընտանիքի համար ունի առանձին նշանակություն: Մեր ընտանեկան սովորության մեջ էր մտնում ամեն տարի Մայր Տաճար այցելելը, որը մի անբացատրելի զգացողությամբ է պարուրում մեզ ամենքիս, բացի այդ, կարծում եմ, որ Մայր Տաճարն առանձնահատուկ է բոլոր հայերի համար: Հիշում եմ նաև, թե ինչպես հայրս ինձ բերեց Մայր Տաճար բանակ գնալուց առաջ և նոր միայն հանգիստ խղճով ճանապարհեց:

-Ի՞նչն է ամենից շատ ազդել Ձեր Հոգևոր կյանքի վրա:

-Ընտանիքիցս ստացած դաստիարակությունն է մեծապես ազդել հոգևոր կյանքիս վրա, ծնողներիս ստեղծած ընդհանուր մթնոլորտը: Կարծում եմ, որ շատ կարևոր է այդպիսի մթնոլորտը բոլոր հայ օջախների համար: Չնայած այսօր շատերը շեղվում են այդ ճանապարհից «առաջադեմ հայացքներ» արտահայտության տակ: Մեր հոգևոր կապը չափազանց խոր արմատներ ունի և չի կարելի ինչ որ առաջադեմ հայացքներ անվան ներքո անտեսել մեր բարձր արժեքները, անկախ ամենից, մենք պետք է պահպանենք մեր ունեցածը: Մենք պատերազմել ենք մեր հավատքի համար և ոչ թե տարածքներ նվաճելու կամ փառքի, հետևապես մենք պետք է մեզ հարց տանք. «Արդյո՞ք այդ թանկ գնով պահպանածը մենք մեր ձեռքով պետք է կործանենք»:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք եկեղեցուց կտրված երիտասարդներին:

-Խորհուրդ եմ տալիս կարդալ, եթե ոչ Աստվածաշունչ, գոնե Նարեկացի, օրինակ Նարեկացու մեջ շատ լավ է ներկայացված մարդ կերպարը, նա համամարդկային ցավն իր վրա վերցնելով և ինքն իր դեմ դուրս գալով՝ Աստծուց խնդրում է ողորմություն բոլորի համար: Եթե Աստվածաշունչ չեն կարդացել, գոնե թող Նարեկացու «Մատյան ողբերգությունը» կարդան:

-Աստվածաշնչից ո՞ր հատվածն է Ձեզ համար իբրև կարգախոս:

-Ոսկե կանոնը. «Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց»: Կարծում եմ, դա ամենաանհրաժեշտն է:

-Ըստ Ձեզ, ե՞րբ է կյանքը սկսում մահանալ և հակառակը՝ նոր ընթացք ստանում:

-Երբ նշաձող ես դնում ամենաբարձր կետին հասնելու համար և ոչ թե սահմանափակում ես ինքդ քեզ, այդ ժամանակ դու թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես քեզ ավելի լավ ես զգում: Օրինակ, երբ ես ազատ ժամանակ եմ ունենում, հոգնում եմ, սկսում եմ մտածել, էսքիզներ պատրաստել, որ ժամանակս զուր չանցնի ու գուցե մի օր այդ էսքիզներն էլ գործի վերածվեն: Մարդը միշտ պետք է մտածի: Միտքն ամենակարևորն է: Այդպես է նաև ողջ հայ ազգի պարագայում, որ գրեթե բոլոր պատերազմները հաղթել է շնորհիվ իր մտքի: Այսօր առանց այն էլ շատ բան ենք կորցրել և այժմ շատ փոքր տարածքներ են մեզ մնացել, հետևապես գոնե միտքը միշտ պետք է զարգացած պահենք ու այդ դեպքում դեռ երկար կդիմակայենք:

Մտքի անկումն է հանգեցնում մահվան և հակառակը, կյանքը նոր ընթացք է ստանում, երբ միտքը սկսում է զարգանալ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մյուս արվեստագետներին հաջողության հասնելու համար:

-Ստեղծագործել անկեղծ ու ազիվ, նախ և առաջ լինել ազնիվ ինքդ քո հետ: Գործի ծնվելն ու չծնվելը նորմալ երևույթ է և բացի այդ, եթե ամեն գործ ծնվեր, դա արդեն կլիներ արհեստ և ոչ թե արվեստ:

Ես ուղղակի ստեղծագործել եմ ինքս ինձ համար, մեծ սիրով ու նվիրումով, և հաջողությունն ինքն իրեն է եկել, շատ կարևոր է անկեղծ լինելը, պետք չէ բարդեցնել, խճճվել ինչ-որ «իզմեր»ի մեջ, արդյունքն այդ դեպքում կլինի արհեստական: Պետք է անկեղծ ստեղծագործել ու ձեռագիրն արդեն հեղափոխական կլինի, նորություն կլինի, արվեստի մեջ ամեն ինչ պետք է բնական լինի: Այսօր շատ արվեստագետներ պարզապես աղավաղում են իրենց գործերը՝ ձգտելով ինչ որ հատուկ ձևականությունների: Նկարիչ թե քանդակագործ, մեծ պատասխանատվություն է կրում հաջորդ սերունդի առաջ, չէ՞ որ նրանք իրենց ճաշակը ձևավորելու են հաճախ հենց քո գործերին նայելով:

Մենք գրագիտություն ենք ստանում Միքելանջելոյի «Դավիթ» ստեղծագործությամբ, որը շատ ճշգրիտ անատոմիական պատկեր է, Լեոնարդո դա Վինչիի թողած կոմպոզիցիոն կառուցվածքներով, իր գունային լուծումներով… մեր հայ ստեղծագործողներից Երվանդ Քոչարի, Ղուկաս Չուբարյանի գործերով: Նրանք տարբեր ոճերի մեջ են ստեղծագործում, սակայն նրանց բոլոր գործերի մեջ էլ շատ մեծ անկեղծություն կա:

-Կարո՞ղ է միջավայրի փոփոխությունը թողնել իր ազդեցությունը:

-Նախ հասկանանք, թե ինչ է արվեստը: Արվեստը, իմ կարծիքով, իրականության և երևակայության սիրո արդյունք է, երևելիի ու աներևելիի միացման արդյունք, որի ժամանակ ծնվում է արվեստը, իսկ արվեստագետի համար այն աշխարհայացք է, արտահատչամիջոց է և պետք չէ հաշվի առնել թե տվյալ տարածքի մեջ որ ոճն է գերակշռելի կամ ընդունելի: Դա աշխարհընկալում է և չպետք է կենտրոնանալ քո տեղանքի մշակույթին: Արվեստագետի աշխարհընկալումն այնքան լայն պետք է լինի, որ ինքը ժամանակից էլ կարողանա առաջ անցնել, ինքը դուրս գա թեկուզ իր փոքր շրջանակներից, իր բնակության վայրի մտածողության փոքր շրջանակներից կարողանա լայն մտածել և իր գործն արդեն հետաքրքիր կլինի ոչ միայն իր քաղաքի և պետության մեջ, այլ նաև պետության սահմաններից դուրս:

-Ի՞նչն է կարևոր ազգայինի պահպանման համար:

-Բոլոր արվեստագետներն էլ կասեն, որ օրինակ, եթե ցուցահանդես լինի, բոլոր նկարիչների գործերից հայ նկարչի գործը միանգամից կտարբերվի: Այստեղ ազգային ձեռագրի կամ ազգային մտածողության խնդիր չունենք, եթե դու հայ ես, ստեղծագործում ես, արդեն կտարբերվի, օրինակ եթե լինենք արտասահմանում, հայն անմիջապես կնկատվի: Դա երևում է նրա ստեղծագործության գույների, պատկերների մեջ և այդ ամենը գալիս է մեր գենետիկ կոդից, որը փոխանցվում է նկարին կամ քանդակին, քանի որ ստեղծագործելիս նկարը կամ քանդակը կապում ենք լիցքերով:

-Կա՞ առանձին խորհրդանշան, որը նկատելի է Ձեր բոլոր գործերում:

-Ես մի քիչ տարբեր ոճերի մեջ եմ ստեղծագործում և ամեն գործ ունի իր մոտեցումը: Իմ գործերի մեջ ես միշտ փորձել եմ լույս գտնել, չգիտեմ ստացվել է, թե ոչ, բայց փորձել եմ: Ուղղակի հարցն այն է, որ ես տարբեր ոճերի մեջ եմ ստեղծագործում ու առաջին հայացքից մի փոքր դժվար է ասել, որ սա Արամազդի գործն է, ինչպես օրինակ Պիկասոն, ով տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ոճերի մեջ է հանդես եկել:

-Դժվարության պարագայում գնո՞ւմ եք եկեղեցի կամ աղոթում:

-Այդպիսի օրինակ կարող եմ բերել հենց վերջին աշխատանքս, որի թեման էր «Մեծ դարձը»՝ քրիստոնեության ընդունում: Ես այն մեկ ամսվա ընթացքում նկարեցի: Նկարելու ընթացքում գնացել եմ Էջմիածին:

Աշխատանքը բազմապատկեր ստեղծագործություն էր, և ամեն պատկեր պետք է բացահայտվեր, ամեն պատկեր՝ իր շարժման մեջ, իր հոգեվիճակով, իր գունային լուծումներով: Պատկերացրեք, 12 պատկեր է ու ես ինքս պետք է այդ 12 պատկերներից մեկը դառնայի, որ մտնեի այդ հոգեվիճակի մեջ և այդ հոգեվիճակը փոխանցեի կտավին, այդ գունային լուծումներին և այլն:

Էսքիզի մեջ բացահայտել էի Լուսավորչին, Տրդատին …: Շատ բարդ թեմա էր և այն, ինչ վերաբերում է հոգևորին, ինքն իրենով արդեն բարդ է: Չնայած մեր ազգը հոգևոր ազգ է, բայց անդրադառնալ հոգևորին ու ցույց տալ գույների կամ պատկերների միջոցով, այն զգացողությամբ որ դիմացինդ էլ զգա այդ երևույթը շատ բարդ է: Այդ կտավը շատ թեթև ընթացք ունեցավ, չնայած մեկ ամսվա մեջ եմ արել և կարելի է ասել մեկ շնչով եմ արել ու այդ հոգևոր զգացողություններով ներշնչված միանգամից կտավի վրա ստացա ընդհանուր նկարը: Այսինքն՝ անհնար էր չզգալ Եկեղեցուց բխող խորհրդավոր ուժը, որը պարուրել էր ինձ ստեղծագործելուս ողջ ընթացքում:

Զրուցեց Լաուրա Աղաջանյանը

Qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս