Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի ուխտավորներին

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի գյուղերի շուրջ հարյուր դպրոցականների և ուսուցիչների, որոնք հայոց հոգևոր կենտրոն էին ժամանել իրենց որդիական խոնարհումը բերելու և շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության 20-րդ տարեդարձի առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա է եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ուխտավորներին ուղեկցել է Մասիսի շրջանի Դաշտավան համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը:

Տեր Հայրը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը գահակալման քսանամյակի կապակցությամբ՝ մաղթելով արևշատ օրեր և բազմաբեղուն հովվապետություն:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին՝ գոհունակություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով: Նորին Սրբությունը հիշեցրել է, որ 2019թ. հռչակվել է Ընտանիքի տարի և այս առնչությամբ հորդորեց ուխտավորներին սրբությամբ պահել ազգային ավանդույթներն ու ընտանեկան արժեքները:

Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է փոխանցել ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջը մշտապես հովանի լինի և իր առատ շնորհները հեղի նրանց վրա, որպեսզի ապրեն խաղաղ և շենացնեն հայրենի մեր երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս