«Անձը դիմում է ներկայացրել՝ ազատվել է աշխատանքից և դիմում է ներկայացրել ու անցել աշխատանքի». ՊԵԿ նախագահը՝ աշխատանքից ազատված մաքսային տեսուչի մասին
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ սխալ է այն բնորոշումը, թե Շենգավիթի մաքսայինի տեսուչը վարչապետի քմահաճույքով է աշխատանքից ազատվել. նա ազատվել է վարչապետի հորդորով:
«Վարչապետի հորդորին արձագանքել է տվյալ անձը, այդ թեմայի շուրջ քննարկումներ անելիս՝ վարչապետը կարծիք է հարցրել, ես էլ ասել եմ իմ կարծիքը, որից հետո վարչապետը որոշում է կայացրել և ֆեյսբուքյան գրառում կատարել: Որից հետո աշխատանքից հեռացված տեսուչն ընդունել է մեր հրավերը և աշխատանքի անցել մաքսայինում՝ մաքսային մարմինների վերահսկողության բաժնում՝ որպես բաժնի ավագ տեսուչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը:
Լրագրողի հարցին՝ աշխատանքից հեռացված տեսուչին վնասի փոխհատուցում տվե՞լ են, քանի որ մի քանի ամիս շարունակ նա հարկադիր պարապուրդի է մատնված եղել, Դավիթ Անանյանը պատասխանեց, թե ի՞նչ վնասի մասին է խոսքը:
«Անձը դիմում է ներկայացրել՝ ազատվել է աշխատանքից, և դիմում է ներկայացրել ու անցել աշխատանքի»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շենգավիթի ավտոմաքսատուն, աշխատասենյակներից մեկում տեսել էր, որ դրոշը հենված է պատին, ինչից հետո նա վրդդովվել էր և հրահանգել էր աշխատանքից ազատել այդ պահին այդ սենյակում ներկա աշխատակիցներից մեկին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան