Բաժիններ՝

Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթի օրը հայտնի է. ի՞նչ անուններ են շրջանառվում

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ին հայտնեց, որ թեկնածուների թիվը 7-ն է, սակայն հրաժարվեց անուններ նշել:

«Անունները չեմ ասի, քանի որ ճիշտ չէ դա»,- ասաց Գևորգ Ալթունյանը:

Հարցին՝ գործընթաց սկսվե՞լ է՝ թանգարանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո տեղափոխելու հետ կապված, Գևորգ Ալթունյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կա նման քննարկում, այն նոր չէ, միշտ էլ եղել է և հիմա էլ շարունակվում է, որովհետև այդ առաջարկի մեջ ըստ էության տրամաբանություն կա: Պետք է հասկանալ բոլոր հնարավոր տարբերակները»:

Նշենք, որ մամուլում արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում: «Հրապարակի» տվյալներով՝ թեկնածուներն են՝ «Սարդարապատի թանգարանի» ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանը, թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արգամ Երանոսյանը, թանգարանի նախկին աշխատակից, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը, ազգագրագետ, ազատամարտիկ Վահան Միքայելյանը, Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխտնօրեն Կարեն Փահլևանյանը:

Երանուհի Մարգարյանը, սակայն, Ֆեյսբուքի իր էջում հերքել է մրցույթին իր մասնակցությունը՝ գրելով. «Չեմ դիմել, բայց մեծ երազանք ունեմ, որ թանգարանը վերջապես Լավրենտի Բարսեղյանի նման հզոր մարդու ու գիտնականի ձեռքի տակ լինի»:

Հիշեցնենք, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը հետաձգվել էր, այն նախատեսվել էր անցկացնել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:

Ավելի վաղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե պարզվում է՝ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարված, բայց այն, ցավոք, թաքցված է «քառսուն գազ խորությամբ» ու «քառսուն գոմշու կաշվի» տակ, որ հանկարծ մասնակից չլինի։ 

«Համաձայն ՀՀ կառավարության 25 հունվար 2005թ. 224-Ն որոշման՝ Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին լիազորված պետական մարմնի որոշումը և մրցույթի պայմանները լիազորված պետական մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը կայք չունի, բայց ունի ֆեյսբուքյան էջ, որով պարտադիր հինգ օրը մեկ պետք է թարմացվեր տնօրենի մրցույթի մասին հայտարարությունը»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս