Բաժիններ՝

Տնօրենի մրցույթը՝ հույժ գաղտնի. ի՞նչ է կատարվում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ  Խորեն Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարված, բայց այն, ցավոք, թաքցված է «քառսուն գազ խորությամբ» ու «քառսուն գոմշու կաշվի» տակ, որ հանկարծ մասնակից չլինի։

Համաձայն ՀՀ կառավարության 25 հունվար 2005թ. 224-Ն որոշման՝

4. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին լիազորված պետական մարմնի որոշումը և մրցույթի պայմանները լիազորված պետական մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը կայք չունի, բայց ունի ֆեյսբուքյան էջ, որով պարտադիր հինգ օրը մեկ պետք է թարմացվեր տնօրենի մրցույթի մասին հայտարարությունը։

Վստահ եմ, որ Պաշտպանության Նախարարությունում էլ այդքան խորը տեղյակ չեն, այս հույժ կարևոր կառույցի՝ Հայոց ազգագրության թանգարանի տնօրենի մրցույթի «հույժ գաղտնի» անցկացման մասին։

Տեղեկություններ կան, որ ներկայիս տնօրենը հանդգնել է նորից երրորդ անգամ մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին»:

168.am-ը կապ հաստատեց Խորեն Գրիգորյանի հետ, ով անդրադառանալով թանգարանին ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանին և նրա կատարած աշխատանքներին՝ ասաց.

«Որպես ազգագրության թանգարան՝ այն, երկար տարիներ է՝ գոյություն չունի: Անզեն աչքով տեսանելի է: ՀՀ գրեթե բոլոր թանգարանները՝ ազգագրության թանգարանի գործառույթ չունենալով՝ ազգագրական բնույթի միջոցառումներ, ցուցադրություններ են կազմակերպում, որովհետև մեծ բաց կա: Ժամանակին ազգագրության ու պատմության թանգարանների այցելությունների քանակը հավասար են եղել, իսկ այսօր սովորական տուն-թանգարանի  այցելուների քանակն ավելի շատ է, քան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանինը:

Հարց է, թե քանի՞ գիտաշխատող, ազգագրագետ ունի: Այդ կառույցը կոնկրետ պետք է աշխատի Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի հետ:  Որպես ազգագրագետ՝ սարսափելի ցավ եմ ապրում, որ այդ մարդը պետք է երրորդ անգամ տնօրեն ընտրվի: Թանգարանային հիմնական ցուցադրությունը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ առաջին անգամ ընտրվելու ժամանակ, իսկ այդ փոփոխությունն այն է եղել, որ մեկ էկրան են բերել-դրել: Իբր մեր նահանգները պետք է անընդհատ ցուցադրվեին:

Երբ նշանակվեց տնօրեն՝ ֆոնդերը վերանորոգեց, ներկելու գործընթացներին մասնակցեցին նաև աշխատողները, դա եղել է 2011-12թթ.»:

Զրուցեցինք նաև թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ:

– Պարոն Արիստակեսյան, տեղյա՞կ եք, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրենի մրցույթ է հայտարարվել:

– Ինչքանով տեղյակ եմ, ապա այո, որովհետև հրապարակվել է:

– Թեկնածություն դնելո՞ւ եք:

– Դեռևս ոչ, դեռ ժամանակ կա:

– Ասում են՝ Դուք եք մրցույթի հարցաշարը կազմել, այդպե՞ս է:

– Հարցաշարը ես չեմ կարող կազմել, որովհետև  դրանք որոշակի իրավական բարդություն են ներկայացնում, և տրամաբանական չէ, որ ես կազմած լինեմ: Նաև համացանցում դրված է, իսկ ես բամբասանքների չեմ պատասխանում: Մրցույթը հայտարարված է, ով ցանկանա՝ կարող է մասնակցել:

– Ազգագրագետներն ասում են՝ այս տարիների ընթացքում թանգարանում ոչ մի փոփոխություն չի եղել:

Ոչ թե ազգագրագետները, այլ իրենց ազգագրագետ հորջորջողներն են նման բան ասում: Թանգարանի ձեռքբերումները կան, ամեն ինչ տեսանելի է: Ով որ հակառակն է ասում, տառապում է հավկուրությամբ: Փոխանակ մրցույթին մասնակցեն՝ զբաղվում են բամբասանքով:

– Համագործակցո՞ւմ եք ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ:

– Այո, ունենք հուշագիր, վերջերս անգամ գիտաժողով ենք անցկացրել: Ունենք բազմաթիվ միջոցառումներ: Ավելին, թանգարանն ուղղակի միջոցառումների համար չէ, ֆունկցիաները տարբեր են: Պարզապես իրենց ազգագրագետ հորջորջողները թանգարանագիտությունից էլ են հեռու:

– Ինչպիսի՞ն է թանգարանի հաճախելիությունը:

– Ավելի մեծ, քան երևանյան թանգարաններինը՝ եթե հաշվի առնենք նաև այն, որ Երևանից 60 կմ հեռավորության վրա է գտնվում: Անցած տարի շուրջ 50.000 այցելու ենք ունեցել:

Նշենք, որ ՀՀ ՊՆ համակարգի թափուր պաշտոնների բաժնում ներկայացված է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) գործադիր մարմնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անձի ընտրության (նշանակման) մրցույթ:

Մրցույթը կանցկացվի 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին,     ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ վարչական համալիրի շենքում` Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունում:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս