Բաժիններ՝

Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթը չեղյալ է հայտարարվել. ո՞րն է պատճառը

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը հետաձգվել է:

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել պատճառը:

«Դիմել էինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որպեսզի մեզ հարցաշարեր տրամադրեին, բայց դրանք այդպես էլ չունեցանք, դրա համար էլ մրցույթը հետաձգել ենք: Հիմա չգիտեմ, թե ի՞նչ պետք է անենք, ամենայն հավանականությամբ, աշխատանքային խումբ պետք է փորձենք ձևավորել»,- ասաց Գևորգ Ալթունյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել հարցաշար չտրամադրելու նախարարության պատճառաբանությունը, ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց. «Հարցաշարի հետ կապված պաշտոնական պատասխան դեռ չեմ ստացել, բայց, ամեն դեպքում, օրը սեպտեմբերի 12-ին էր, և դա անցել է: Այդ իսկ պատճառով տնօրենի նշանակման մրցույթը չեղյալ է հայտարարվել»:

Կարդացեք նաև

Խնդրի հետ կապված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 9-ին են նամակը ստացել և անմիջապես ընթացք են տվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե պարզվում է՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարված, բայց այն, ցավոք, թաքցված է «քառսուն գազ խորությամբ» ու «քառսուն գոմշու կաշվի» տակ, որ հանկարծ մասնակից չլինի։

«Համաձայն ՀՀ կառավարության 25 հունվար 2005թ. 224-Ն որոշման՝

4. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին լիազորված պետական մարմնի որոշումը և մրցույթի պայմանները լիազորված պետական մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանը կայք չունի, բայց ունի ֆեյսբուքյան էջ, որով պարտադիր հինգ օրը մեկ պետք է թարմացվեր տնօրենի մրցույթի մասին հայտարարությունը։

Վստահ եմ, որ Պաշտպանության նախարարությունում էլ այդքան խորը տեղյակ չեն այս հույժ կարևոր կառույցի՝ Հայոց ազգագրության թանգարանի տնօրենի մրցույթի «հույժ գաղտնի» անցկացման մասին։

Տեղեկություններ կան, որ ներկայիս տնօրենը հանդգնել է նորից երրորդ անգամ մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին»:

168.am-ը կապ էր հաստատել Խորեն Գրիգորյանի հետ, ով անդրադառնալով թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանին և նրա կատարած աշխատանքներին՝ ասել էր.

«Որպես ազգագրության թանգարան՝ այն, երկար տարիներ է՝ գոյություն չունի: Անզեն աչքով տեսանելի է: ՀՀ գրեթե բոլոր թանգարանները՝ ազգագրության թանգարանի գործառույթ չունենալով՝ ազգագրական բնույթի միջոցառումներ, ցուցադրություններ են կազմակերպում, որովհետև մեծ բաց կա: Ժամանակին ազգագրության ու պատմության թանգարանների այցելությունների քանակը հավասար է եղել, իսկ այսօր սովորական տուն-թանգարանի այցելուների քանակն ավելի շատ է, քան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանինը:

Հարց է, թե քանի՞ գիտաշխատող, ազգագրագետ ունի: Այդ կառույցը կոնկրետ պետք է աշխատի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Որպես ազգագրագետ՝ սարսափելի ցավ եմ ապրում, որ այդ մարդը պետք է երրորդ անգամ տնօրեն ընտրվի: Թանգարանային հիմնական ցուցադրությունը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ առաջին անգամ ընտրվելու ժամանակ, իսկ այդ փոփոխությունն այն է եղել, որ մեկ էկրան են բերել-դրել: Իբր մեր նահանգները պետք է անընդհատ ցուցադրվեին»:

Զրուցել էինք նաև թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ: Հարցին՝ իր թեկնածությունը դնելո՞ւ է, նա պատասխանել էր, որ դեռ ոչ, քանի որ ժամանակ կա:

Ինչ վերաբերում է իր կողմից մրցույթի հարցաշարը կազմելուն՝ նշել էր.

«Հարցաշարը ես չեմ կարող կազմել, որովհետև դրանք որոշակի իրավական բարդություն են ներկայացնում, և տրամաբանական չէ, որ ես կազմած լինեմ: Նաև համացանցում դրված է, իսկ ես բամբասանքների չեմ պատասխանում: Մրցույթը հայտարարված է, ով ցանկանա՝ կարող է մասնակցել»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս