«ՀԱՊԿ շրջանակում համերաշխության հետ կապված հարցեր են առաջանում». Կոպիրկին
ՀԱՊԿ-ի դերն ու դրա էֆեկտիվությունն այսօր քննարկվում է գրեթե ամեն օր և բավականին սուր համատեքստում, այդ թվում՝ հայաստանյան փորձագիտական շրջանակներում և ԶԼՄ-ներում: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ակնարկելով, թե ՀԱՊԿ-ի թեման հրապարակային տարածության մեջ քննարկվում է, երբ սուր հարցեր են առաջանում կազմակերպության գործունեությանն առնչվող, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված: Կոպիրկինը նաև ակնարկեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում կամ ներսում համերաշխության հետ կապված հարցեր են առաջանում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Ըստ նրա՝ սրանք բոլորը կարևոր և քննարկում պահանջող հարցեր են, բայց այս քննարկումներում և բանավեճերում հաճախ չի երևում ՀԱՊԿ-ի հիմնական գործունեությունը:
«Չպետք է մոռանալ, որ կազմակերպության շրջանակում ստեղծվել են համատեղ ծրագրեր՝ ուղղված ահաբեկչության, ծայրահեղականության, թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: Սա, ցավոք, չի երևում լայն հանրությանը, թեպետ այն ամենօրյա համագործակցության ողնաշարն է՝ մեր երկրների անվտանգության ապահովման ուղղությամբ: Ես կուզենայի, որ սա չմոռացվեր»,- նշեց նա:
Ռուս դիվանագետը վստահեցրեց, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը, որն իր մեջ ունի փոխլրացնող բաղադրիչ՝ ուղղված անդամ երկրների անվտանգությանը:
Կոպիրկինը ՀԱՊԿ շրջանակում կարևորեց նաև խորհրդարանական համագործակցությունը:
Մարիամ Պետրոսյան