
Ավստրալիայի իշխանություններն զբոսաշրջիկների համար պաշտոնապես փակել են Ուլուրու սրբազան ժայռը

Ավստրալիայի իշխանություններն զբոսաշրջիկներին պաշտոնապես արգելել են բարձրանալ Ուլուրու ժայռը, որը սրբատեղի է տեղաբնիկների համար:
Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Ավստրալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ցանկությանը համապատասխան:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյնջերները զբոսաշրջիկների համար անցումը պաշտոնապես փակել են հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին): Նրանց, ում հաջողվել է ժայռը բարձրանալ մինչ այդ, թույլ են տվել դրա կատարին մնալ մինչեւ մայրամուտ: Ինչպես նշվում է, արգելքը մշտական բնույթ է կրում:
Ինքնակամ Ուլուրու բարձրանալու համար կարող է տուգանք սպառնալ մինչեւ 10 հազար ավստրալական դոլարի չափով: Նաեւ ուժեղացվելու է այդ շրջանի պարեկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: