Հայկ Մարությանը Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր. Գիտնականը հիշեցրել է, որ ինքը ծնվել է Երևանում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այսօր «Կարմիր բլուր» հնավայրում էին՝ քննարկելու հնավայրի հետագա զարգացման հետ կապված հարցեր:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը պատմեց կատարված աշխատանքների մասին: Թանգարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ մոտ 2 ամսից պատրաստ կլինի ուրարտական բնակավայրի տեսքով արհեստական հնագիտական տարածքը՝ նախատեսված երեխաների համար:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ իրենց համար կարևոր է հնավայրը բերել զրոյական վիճակի:
«Դուք ասում եք՝ շնորհակալություն, բայց ես ձեզ ասում եմ՝ կներեք մեզ, որ այսքան բան էր արվել, բայց այդ ամենը ծածկվել էր աղբով, մենք ամեն ինչ կարգի կբերենք»,- դիմելով Միխայիլ Պիոտրովսկուն՝ ասաց Հայկ Մարությանը:
«Էրմիտաժ» թանգարանի տնօրենն ուրախությամբ արձանագրեց հուշարձանի «վերածնունդը». «Սա հին պատմություն է՝ Ուրարտուի պատմությունն է, Հայաստանի պատմությունն է, և հիմա այն նաև նոր պատմություն է, թե ինչպես է հուշարձանը «վերածնվում»:
Այս նոր փուլը շատ կարևոր է՝ օրինակ կլինի ողջ աշխարհի համար»:
Ի դեպ, հնավայրի տարածքում պեղումները սկսվել են 1939 թվականից և ընդհատումներով շարունակվել են մինչև 1971 թ.: Պեղումների գրեթե ողջ ընթացքը գլխավորել է նշանավոր հնագետ Բորիս Պիոտրովսկին՝ Միխայիլ Պիոտրովսկու հայրը:
Նշանավոր գիտնական Միխայիլ Պիոտրովսկու հետաքրքրությունն առ Հայաստան պատահական չէ. նրա ծնողները հայտնի հնագետներ Բորիս Պիոտրովսկին և Հռիփսիմե Ջանփոլադյանն են, իսկ ինքը՝ գիտնականը, ծնվել է Երևանում:
Այդ մասին նա ևս մեկ անգամ հիշեցրեց լրագրողներին. «Ես ծնվել եմ Երևանում, ամեն ամառ եկել ենք Երևան, ես շատ լավ գիտեմ Երևանը, ես գիտեմ Թամանյանի Երևանը, Սարյանի Երևանը, շատ եմ սիրում Երևանը, այն իմ քաղաքն է, ինչպես և՝ Պետերբուրգը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան