Թուրք-ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի, Մեղրիի անվտանգության վտանգման դեպքում Իրանը կլինի՞ ՀՀ-ի կողքին
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի փոխանցումը կամ միավորումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Իլհամ Ալիևը պատրաստ չէ փոխզիջումների ճանապարհով հակամարտության կարգավորմանը, և, որ տեսական փոխզիջումների պարագայում անգամ խնդիրը չի հարթվի, և ադրբեջանական կողմը կգնա նոր սադրանքների՝ սպառնալով Հայաստանի անվտանգությանը:
«Սա պետք է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբբի համանախագահ երկրներին հստակ ցույց տա, որ որևէ տարածքային զիջում չի հանգեցնի երբեք հակամարտության կարգավորման: Խնդիրներն ավելի խորքային են: Ադրբեջանը շարունակում է սպառնալ հայկական բնակչության ֆիզիկական անվտանգությանը: Նշվածն իր հերթին՝ ավելի պարզ է դարձնում այն գաղափարը, որ Ադրբեջանին զսպող միակ արդյունավետ գործիքն այս պարագայում հայկական բանակն է: Զանգեզուրի վերաբերյալ նման հայտարարություն կատարելով՝ Ադրբեջանի նախագահը հավակնություն է հայտնել ոչ թե չճանաչված Արցախի Հանրապետության, այլ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ: Այս պարագայում առնվազն տարօրինակ կլինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համապատասխան գնահատական չտան Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Թե որքանո՞վ Ալիևի այս հայտարարությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում սրացումների, 168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը շեշտեց, որ հասարակության շրջանում չպետք է տագնապ առաջացնել, բայցև իրականությունից կտրվել նույնպես պետք չէ: Այսինքն՝ կան աշխարհաքաղաքական իրողություններ, որոնց հետ հաշվի պիտի նստել:
«Մեր բանակը, անվտանգության համակարգերն ուշի ուշով հետևում են նախիջևանյան հատվածին, և այնպես չէ, որ շատ հեշտությամբ և հանկարծակի կարող են գործողություններ անել: Մյուս կողմից՝ այս ամենը պետք է տարածաշրջանային խնդիրների շրջանակում դիտել: Փաստորեն պանթյուրքիզմը, որը գործող ծրագիր է, նպատակ, այսօր տեսնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների շատ ելույթներում, քայլերում և մոտեցումներում: Պատահական չէ, որ 2009-ին հիմնադրվեց թյուրքախոս երկրների համագործակցության խորհուրդը, և այն հիմնադրվեց հենց Նախիջևանում: Եվ որքան հիշում եմ՝ երկրորդ խորհրդաժողովին, որը դարձյալ Նախիջևանում էր, Ղազախստանի նախագահն էր ակնարկում Նախիջևանի մասին՝ որպես թյուրքական աշխարհի միջև կապող տարածք: Եվ 7-րդ խորհրդաժողովին Ալիևը նույնպես այդ մասին հստակ ընդգծեց, որ «ամբողջ թյուրքական աշխարհը բաժանում է Զանգեզուրը, որը «պատմական ադրբեջանական տարածք է»»:
Սա նշանակում է՝ աշխարհագրական ցանկացած լուրջ գործընթացների ժամանակ, երբ մարդկության ուշադրությունն այլ կետերում լինի, չի բացառվում, որ իրենք փորձեն իրենց վաղեմի երազանքն իրականացնել: Եթե ֆիզիկաաշխարհագրական դիրքով նայենք, ապա Զանգեզուրի և Վայոց ձորի մարզերը ՀՀ-ի ամենանեղ հատվածն է, և ռազմավարական առումով՝ սա մեր հակառակորդների տեսադաշտում է: 1994-ից մինչև 2018-ը Նախիջևանի հատվածում ոչ մի փոփոխություն չէր լինում, բայց հետո ադրբեջանաթուրքական կողմը սկսեց ուշադրություն դարձնել, այն է՝ չեզոք գոտու հաշվին փորձեցին առավելագույն մոտենալ ՀՀ-ին, մեր դիրքերին»,- մանրամասնեց Եղիազարյանը՝ հիշեցնելով թուրքական զորամիավորման առկայությունը Նախիջևանի հատվածում:
Ըստ այդմ՝ Նախիջևանը պետք է հայկական կողմն իր ուշադրության կենտրոնում պահի:
«Հեռահար հրթիռաարկային միջոցներ գոյություն ունեն, որոնք նախիջևանյան հատվածից իրենց տեսադաշտում են վերցնում անգամ ՀՀ-ի մայրաքաղաքը: Մենք պետք է կարևորենք այս իրողությունը: Սա փոխկապակցված է նաև Արցախի խնդրին, որովհետև Սյունիքը նեղ հատված չէ, քանի դեռ գոյություն ունեն, այսպես ասած, ազատագրված տարածքները: Այդ տարածքներն ապահովում են հենց ՀՀ-ի անվտանգությունը, և ովքեր խոսում են այդ տարածքները հանձնելու մասին, պետք է հասկանան՝ եթե այդ տարածքները հանձնեցինք, դա կմոտեցնի պատերազմի վերսկսման վտանգը: Կրկնում եմ՝ Արցախի ազատագրված տարածքները հենց ՀՀ-ի անվտանգության գոտին են: Այստեղ հիշեցնեմ, որ Մեղրիի հատվածն ամենանեղ հատվածն է, որտեղ ուղիղ գծով 37 կմ է Օրդուբադի շրջանից մինչև Զանգելանի, այսօրվա՝ Կովսականի շրջանի տարածք: Սա նշանակում է՝ եթե երկու կողմում լինեին ադրբեջանցիներ, իրենք կարող էին խաչաձև կրակով ծածկել ամբողջ Մեղրիի շրջանը: Չեմ ասում՝ կտրուկ գործողություններով գրավել, բայց ամեն դեպքում կարող են պարալիզացնել մեր հարավային ելքը: Եվ այսօր Արցախի հարավային այդ հատվածի շնորհիվ, որն ազատագրվեց ադրբեջանցիներից, մեր անվտանգության գոտին ահագին լայնացավ, և նման մարտավարական խնդիր արագ կերպով այսօր ադրբեջանական կողմը չի կարող իրականացնել: Եթե հաշվի առնենք, որ Վայոց ձորից անմիջապես դեպի արևելք Արցախի Հանրապետությունն է՝ Շահումյանի շրջան, Մարտակերտ, այսինքն՝ այս գոտին բավականին լայնացած է»,- նշեց ռազմական փորձագետը:
Արթուր Եղիազարյանը հիշեցրեց Աշգաբադում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևի ակնարկը Նժդեհի մասին՝ փորձելով վարկաբեկել նրան, ինչին ՀՀ վարչապետը ճիշտ հակահարված տվեց:
«Սա հստակ կապ ունի նախիջևանյան և զանգեզուրյան խնդրի հետ, քանի որ Նժդեհի բացառիկ տաղանդի արդյունքում էր, որ Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում: Եթե կորցնեինք Զանգեզուրը, կարող էր Հայաստանի խորհրդային հանրապետություն չստեղծվել, այլ լավագույն դեպքում՝ լիներ ինքնավարություն Ադրբեջանի կամ Վրաստանի կազմում: Հիմա, 100 տարի անց, նորից նույն խնդիրն է. եթե հանկարծ կորցնենք մեր հարավային հատվածը, Հայաստանը լրիվ կհայտնվի թուրքական օղակի շուրջ: Տեսեք, թե ինչ գործունեություն է Թուրքիան և Ադրբեջանը տանում Վրաստանում՝ տնտեսական առումով: Վրաստանի ամբողջ հարավն այսօր թուրքական և ադրբեջանական տնտեսական ազդեցության տակ է՝ երկաթուղու ստեղծումով, Թուրքիայի կողմից Բաթումի նահանգի տնտեսական զարգացում, և այլն: Սա ուժեղացնում է թուրքական տարրի առկայությունը, որով փորձում են հյուսիսից Հայաստանը շրջանցելով՝ կապ հաստատել, ֆիզիկաաշխարհագրական առումով՝ նաև հարավից»,- հավելեց փորձագետը՝ պնդելով, որ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները ևս պանթյուրքական նկրտումների ապացույց են:
«Նրանք չեն թաքցնում, որ սիրիական սցենարին պիտի հաջորդի նույնը նաև Արցախում: Իբրև ահաբեկչության դեմ են պայքարում, բայց իրականում օկուպացնում են Սիրիայի հյուսիսը, մաքրում բնիկներից: Այնտեղ ակտիվացել են Թուրքիային աջակից սիրիական ուժերը, որոնց մեծ մասը սիրիաբնակ թուրքմեններ են, այսինքն՝ նույն պանթյուրքիստական շրջանակն է գործում: Եվ եթե անգամ աշխարհային ճնշման արդյունքում զորքերը դուրս գան, այդ տարածքը մնալու է՝ արդեն որպես մաքրագործված թուրքմենական, թյուրքական տարածք»,- նշեց Արթուր Եղիազարյանը:
Հարցադրմանը, որ Իրանը նույնպես հետաքրքրություններ ունի՝ Սյունիքի մարզի, Զանգեզուրի, Մեղրիի հատվածի հետ կապված, այս դեպքում Ադրբեջանին այնքան էլ հեշտությամբ չի հաջողվի նաև այս պատճառով ինչ-ինչ նպատակներ իրականացնել, ռազմական փորձագետն ասաց, որ, իհարկե, աշխարհաքաղաքական նման գործոնների դեպքում մենակ չենք, որ դա չի բխում հարևան Իրանի շահերից:
«Բայց խնդիրն այն չէ, թե ում ինչ է ձեռնտու, այլ կարող է լինել այնպես, որ աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակներ ստեղծվեն, երբ նույնիսկ այն երկրները, որոնք շահագրգռված են, որ Մեղրին հանկարծ թուրքերը չգրավեն, նրանք իրենք հայտնվեն դժվար կացության մեջ: Օրինակ՝ այսօր կա իրանաամերիկյան հարաբերությունների խնդիր, և այլն: Այսինքն՝ կարող է խնդիրներն այնպես զարգանան, որ Իրանի ուշադրությունը բոլորովին այլ կողմում լինի, և նման պահերն օգտագործվեն: Սա տագնապեցնելու համար չեմ ասում, այլ զգոնությունը բարձրացնելու, որ հասկանանք տարածաշրջանային խնդիրները, և, որ հակառակորդն իր ցանկությունները չիրականացնի: Շատ դեպքերում գործից կտրված մարդիկ կամ հասարակությունը չի պատկերացնում, թե որքան են մեզ մոտ սիրիական խնդիրները, և չի բացառվում՝ նույն սցենարը կրկնվի մեր տարածքում»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
Մարիամ Պետրոսյան