Պետական շա՞հ, թե՞ անձնական մոլուցք

Վերջին շրջանում հանրության և ընդհանրապես ներքին քաղաքական օրակարգով հետաքրքրվող շրջանակների ուշադրության կենտրոնում պարբերաբար հայտնվում է Հայաստան-Արցախ հարաբերությունների թեման։ Փաստացի այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականում երկու հայկական պետությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունները դարձել են բավականին փխրուն, ինչի ակնհայտ մեղավորը ՀՀ այսօրվա իշխանություններն են, որոնք ամեն ինչ արեցին՝ Արցախի նկատմամբ ՀՀ ներսում մի տեսակ վերապահում ունենալու ու ատելության որոշակի շղարշ ապահովելու համար։

Այս ամենը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեսիջներով, երբ նա անընդհատ ամեն առիթի դեպքում թիրախավորում էր Արցախի իշխանություններին, խոսում այնտեղ գործող «ռևանշիստական ուժերի» ու «դավադիր պատերազմներ հրահրողների» առկայության մասին։ Այս ամենը ՀՀ իշխանության վերնախավում գտնվող տարբեր գործիչներ և քաղաքական ակտիվություն ունեցող հասարակական կերպարներ զարգացրեցին այն խարիզմայով, որ «հեղափոխությունը» սահմանափակվեց Հայաստանի սահմաններով և չհասավ Արցախ։

Այսինքն՝ հայաստանյան իշխանությունները հանրության մոտ ստեղծել են այնպիսի ընդհանրական ֆոն, որ Արցախի այսօրվա իշխանությունը ՀՀ նախորդ իշխանության շարունակությունն է և օր առաջ պետք է հեռացվի։ Գլոբալ ասելիքը սա է․ ինչը, բնականաբար, ուղիղ տեքստով չի հնչեցվում։ Ինչպես հայտնի է, 2020թ. ապրիլին Արցախում տեղի են ունենալու նախագահական և պառլամենտական ընտրություններ, իսկ Փաշինյանը բավականին հետաքրքրված է այդ ընտրություններով (չնայած բացահայտ ցույց են տալիս, թե Արցախի ներքին հարցերին չեն խառնվում)։

Ավելին, Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված որոշ թեկնածուներ պարբերաբար սկսեցին համարվել Փաշինյանի «թեկնածուն»։ Մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն վերջնական ձևով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Հոկտեմբերի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել էր Երևան, և ՀՀ կառավարությունում տեղի էր ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Որպես կանոն, ինչպես պահանջում է պետական արարողակարգը, երկրների ղեկավարների ընդունելության ժամանակ պարտադիր ընդունելության սրահում առկա է լինում տվյալ պետության պետական դրոշը, ինչը, սակայն, երեկ բացակայում էր․ սրահում չկար Արցախի Հանրապետության դրոշը։

Այս փաստը երեկ ՀՀ մեդիահարթակի հիմնական քննարկվող թեմաներից մեկն էր։

Հատկանշական է փաստել, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին սատարող ողջ թիմն այս առիթով նախօրեին բավականին ոգևորված էր և բավականին ակտիվ էր սոցցանցերում։ Ու, ըստ տրամաբանության, դա տեղի է ունեցել Հարությունյանի «դաբրոյով»։

Բակո Սահակյանի՝ կառավարությունում ընդունելության ժամանակ Արցախի դրոշի բացակայության թեմայի հետ կապված, լծվել էին Նիկոլ Փաշինյանի պաշտպանության գործին, փաստացի այնպիսի տպավորություն էր, որ Հարությունյանի թիմը Փաշինյանի թիմից ավելի հեղափոխական էր, ու, ինչպես բնորոշ է նման դեպքերում, փորձում էին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»։

Ի դեպ, առաջին հայացքից զարմանալի էր, որ հայաստանյան կյանքի հետ անմիջական կապ ու կոնկրետ քաղաքական շահեր չունեցող քաղաքական թիմը լծվել էր Փաշինյանի գովքին ու նրա փառաբանմանը՝ փորձելով արդարացնել Փաշինյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արցախի պետական դրոշի բացակայությունը։ Տեղի ունեցածն ունի մի պարզ բացատրություն․ Հարությունյանը փորձում է հերթական անգամ հաճոյանալ Փաշինյանին, որպեսզի առաջիկա ընտրություններին ստանա նրա քաղաքական «դաբրոն», որը, ի դեպ, նկատելի կերպով դրսևորվում է նրա տրված հարցազրույցներում ու առաջ քաշած թեզերում։

Տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը լուրջ անհանգստացած է Մասիս Մայիլյանի առաջադրվելու փաստից, ով, լուրերի համաձայն, համարվում է նախագահական ընտրություններում Նիկոլի «ֆավորիտը»։ Ստացվում է, որ Հարությունյանը, ով երկար տարիներ եղել է Արցախի վարչապետը և աշխատել է Բակո Սահակյանի անմիջական ղեկավարությամբ, պատրաստ է՝ սեփական ամբիցիաներին հասնելու համար, անգամ չնկատելու տալ արարողակարգի կոպտագույն խախտումը։

Փաշինյանը, մեկուկես տարի է՝ ղեկավարում է երկիրը, բայց այդպես էլ չհասկացավ, թե ինչ է պետությունն ու պետականությունը, ինչ է իշխանությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու գործառույթներով։ Ու չհասկանալով, թե ինչ է իրական պետությունը՝ գնալով այդ թնջուկը խորացնում է, որն ի սկզբանե թվում էր, թե արհեստական է, բայց իր խոսքից պարզ երևում է, որ Փաշինյանն ինքն է նպաստում Հայաստան-Արցախ հարաբերություններում առկա արհեստական կեղծ օրակարգին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս