Հակատուբերկուլյոզային դիսպանսերում գործադուլ է. ներսում հիվանդներ կան
Այս պահին Հակատուբերկուլյոզային դիսպանսերում գործադուլ է: Ըստ հավաքավածների՝ պատճառն Առողջապահության նախարարության որոշումն է, համաձայն որի՝ պետք է հաստատությունը փակվի:
Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլնազյանը պնդում է՝ ներսում հիվանդներ կան, բայց իրենք գործադուլը չեն դադարեցնելու, մինչև հարցը դրական լուծում չստանա:
«Պահանջում ենք, որ շարունակենք աշխատել որպես դիսպանսեր, քանի որ մեր հիվանդանոցը սարքավորումներով հագեցած է, լավ մասնագետներ են աշխատում, Աբովյանում կա նման հաստատություն, էլի հագեցված է, բայց պետկերացրեք, որ ամեն անգամ հիվանդը պետք է 3-4 օր շարունակ գնա Աբովյան: Այստեղ ավելի արագ է, մատչելի և որակյալ:
Պոլիկլինիկաները ոչ բոլորն են հագեցած սարքավորումներով: Մենք չենք կարող թույլ տալ, որ այսքան մարդ գործազուրկ մնա, և մեր հասարակությունն էլ ճիշտ ախտորոշվելու հնարավորություն չունենա:
70-80 տոկոս ախտորոշումները լինում են մեր դիսպանսերի հիման վրա, որովհետև ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն հնարավորություն հիվանդների մանրակրկիտ զննելու, լավագույն մասնագետներ են այստեղ հավաքված: Նախարարին գրավոր դիմել ենք, սպասում ենք պատասխանի»,- ասաց Կատարինա Գյուլնազյանը:
Բուժգծով փոխտնօրեն Նելլի Մակարյանը պնդում է, որ հաստատության փակման հիմքում դրված են միայն այն ուսումնասիրությունները, որոնք փաստում են, թե թոքային տուբերկուլյոզով հիվանդները քիչ են, բժիշկն ասում է՝ պետք է ուսումնասիրվեր նաև որակական կողմը:
«Ստացիոնարում տուբերկուլյոզուվ քիչ են հիվանդները, բայց սա ամբողջ աշխարհում է այդպես, տուբերկուլյոզով հիվանդներին հաճախ չեն հոսպիտալացնում: Բայց, բացի ստացիոնար բուժումից, մենք այլ ֆունկցիաներ ևս ունենք: Այսօր մեր հիվանդանոցը փակելը նշանակում է՝ կոտրել Երևանում տուբերկուլյոզային ծառայության ողնաշարը:
Համակարգը կմնա ինվալիդ, պոլիկլինիկաները մնում են անօգնական, հնարավորություն չունեն խորը հետազոտել հիվանդներին: Մեր ֆունկցիաներն իրականացնում է նաև Աբովյանի դիսպանսերը, բայց մեր կոնտինգենտը սոցիալապես անապահով է, նրանք պետք է հաղթահարեն նաև Աբովյան հասնելու ֆինանսական դժվարությունները:
Հիվանդներ կան, որոնք բուժվում են 6 ամիս, 12 ամիս, 24 ամիս, այդ ընթացքում նրանք բազմաթիվ հետազոտություններ են անցնում, պետք է հսկողության տակ լինեն, դրա համար պոլիկլինիկայում հնարավորություններ չկան և պետք է արվի Աբովյանում, ինչը հարմար չէ:
Գնահատել են տուբերկուլյոզի իրավիճակը, քանակական տվյալներով առաջադիմություն կա, շատ չեն հիվանդները, դրա համար կրճատելու միտում կա, բայց չի գնահատվել որակական ցուցանիշները, ողնաշարի տուբերկուլյոզը ավելացել է, ինչը նշանակում է, որ թոքային տուբերկուլյոզի խնդիրը լուծված չէ»,- ասաց Նելլի Մակարյանը:
Ըստ բուժգծով փոխտնօրենի ՝ ստացիոնարը փակում են, հսկայական գումարը են հանում հիվանդանոցից, ասում են՝ մնացած գումարով գոյատևեք:
«46 միլիոն են տրամադրում մեկ տարվա համար, փակվելու ենք այդ ֆինանսավորման հիման վրա: 70-80 հոգի կհամալրեն գործազուրկների շարքերը»,- պնդում է բժիշկը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ