Ակտիվությունն արտադրական նշանակության անշարժ գույքի շուկայում անհետացել է
Երբ հրապարակվեցին անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա տվյալները, Նիկոլ Փաշինյանը շտապեց ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումը կատարել։ Նպատակը հասկանալի է, և դրան մեկ անգամ ևս անդրադառնալու անհրաժեշտություն հավանաբար չկա։ Վարչապետը հրապարակում է միայն այն տվյալները, որոնք այդ պահին գոհացնում են իրեն։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքը որ գրառման մասին է, արժե վերհիշել այն։
«2019 թվականի հուլիսին՝ 2018 թվականի հուլիսի համեմատ, Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1 տոկոսով, իսկ 2019 թվականի հուլիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ՝ 10,3 տոկոսով: Ամենաուրախալին այն է, որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11,7 տոկոսով, 2019 թվականի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3,1 տոկոսով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե՝ մայրաքաղաք Երևանի հաշվին»,- գրել էր վարչապետը։
Անշարժ գույքի շուկայի տեղաշարժերը հուլիսին, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանին ուրախանալու լավ առիթ էին տվել։ Ցավոք, այդ ուրախությունը երկար չտևեց։
Արդեն հաջորդ ամիս՝ օգոստոսին, զարգացումները կտրուկ փոխվեցին։ Նախկին աճերը, այդ թվում` վարչապետի ասած ուղղություններով, այլևս չկան։ Բայց հասկանալի է, դրանց Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնալու և գրառում չի անելու, որովհետև ցուցանիշներն այլևս այնպիսին չեն, որ կարելի է կիսվել հանրության հետ։
Պաշտոնական տվյալներով՝ օգոստոսին անշարժ գույքի շուկան ակտիվ չի եղել։ Նախորդ ամսվա համեմատ՝ գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։ Դրանք կրճատվել են 3,5 տոկոսով։ Երևանում նվազումը հասել է 8,2 տոկոսի։ Դեռ լավ է, որ նախորդ տարվա համեմատ՝ գործարքների աճը պահպանվել է, թեև տեմպը բավականաչափ նվազել է։ Օգոստոսին այն արդեն եղել է 11,9 տոկոս` հուլիսի 17,1 տոկոսի դիմաց։
Բայց դա չէր, որ այդքան ոգևորել էր Նիկոլ Փաշինյանին։ Ամենաուրախալին նրա համար այն էր, որ 2019թ. հուլիսին՝ 2018թ. հուլիսի նկատմամբ, արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել էին 11,7 տոկոսով, իսկ 2019թ. հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3,1 տոկոսով:
Գուցե դրանում ուրախանալու պատճառ կար։ Արտադրական նշանակության անշարժ գուքի գործարքների ավելացումը, ի վերջո, դրական ազդակ է, որը փոխանցվում է տնտեսական հատվածի կողմից։ Բայց ի՞նչ ասել հաջորդ ամսվա ցուցանիշների վերաբերյալ, որոնց համաձայն՝ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները հուլիսյան բարձր աճերից հետո` օգոստոսին, շատ ավելի կտրուկ կրճատվել են։ Ընդ որում, ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ օգոստոսին 11,4 տոկոսով պակաս արտադրական նշանակության անշարժ գույքի գործարք է կատարվել, քան նույն տարվա հուլիսին։ Նվազումն ավելի մեծ է եղել նախորդ տարվա օգոստոսի համեմատ. արտադրական նշանակության գույքի հետ կապված գործարքները կրճատվել են 16,4 տոկոսով։
Հակառակի պես՝ կրճատումը տեղի է ունեցել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Մինչդեռ վարչապետին շատ ավելի ուրախացրել էր այն, որ հուլիսին գործարքների աճը գրանցվել է հատկապես մարզերի հաշվին։
Երևանում արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն օգոստոսին՝ հուլիսի համեմատ, պակասել են 9,7 տոկոսով։ Եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա պիտի ասենք, որ նախորդ տարվա համեմատ՝ շուկան ուղղակի փլվել է. 28,7 տոկոսով կրճատվել են արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները։
Մարզերում իրավիճակը գուցե մի փոքր ավելի մխիթարական է, բայց այս դեպքում ևս չի հաջողվել խուսափել գործարքների կրճատումից։ Մասնավորապես, օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվանից 8,1 տոկոսով պակաս գործարք է կատարվել` արտադրական նշանակության անշարժ գույքի հետ կապված։ Արդեն այս տարվա հուլիսի համեմատ՝ գործարքների կրճատումը հասնում է ընդհուպ 12,2 տոկոսի։
Կարճաժամկետ փոփոխություններին գուցե չարժե մեծ կարևորություն տալ, սակայն նույնը չի կարելի ասել երկարաժամկետի մասին։ Մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է բավական կտրուկ անկում։
Վատ է, որ այդպես է, բայց փաստ է։
Ակտիվություն չկա նաև բնակարանային շուկայում, որտեղ գործարքները շարունակել են կրճատվել։ Խոսքը բազմաբնակարան բնակերի շենքերի մասին է։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում առք ու վաճառքի գործարքները նվազել են 1,9 տոկոսով։ Դա պայմանավորվել է բացառապես երևանյան շուկայի զարգացումներով։ Այստեղ ակտիվությունն առայժմ վերականգնվելու մտադրություն չունի։
Արդեն տևական ժամանակ մայրաքաղաքի բնակարանային շուկան գտնվում է պասիվացման մեջ։ Այն պահպանվել է նաև օգոստոսին։ Այդ ամսին բնակարանային գործարքները Երևանում պակասել են 7,6 տոկոսով։ Եթե 2018թ. օգոստոսին վաճառվել էր՝ 1090, ապա այս տարի` 1007 բնակարան։
Մայրաքաղաքում շարունակում են բարձր պահանջարկ վայելել հատկապես կենտրոնի բնակարանները։ Օգոստոսին վաճառված բնակարանների ավելի քան 21 տոկոսը եղել է այս հատվածում։
Առաջին հայացքից գուցե տարօրինակ է, որ թանկ բնակարանների նկատմամբ հետաքրքրություններն ավելի մեծ են։ Բայց դա պայմանավորված է ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին միջավայրից թելադրված պահանջարկով։
Ընդհակառակը` ներսում բնակարանների նկատմամբ ներկայացվող գնողունակ պահանջարկը շարունակում է ցածր լինել։ Այս հատվածում դեռևս պահպանվող որոշակի ակտիվությունն էլ կապված է հիմնականում բնակարանային ապահովության ոլորտում իրականացվող ծրագրերի և, առաջին հերթին՝ եկամտային հարկի գումարների հետվերադարձման հետ։
Թեև այստեղ ևս կարծես սկսել են խնդիրներ առաջանալ։ Եկամտահարկի գումարների հետվերադարձի ծավալները տարեցտարի ավելանում են։ Եվ դա սկսել է մտահոգել կառավարությանը։ Գումարների հետվերադարձը բավական ծանր է նստում պետական բյուջեի վրա։
Ուստի կառավարությունում հասունանում են ծրագիրը սահմանափակելու կամ դադարեցնելու մտադրությունները։ Եթե դա տեղի ունենա, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ցնցումների մեջ կարող է հայտնվել շուկան, որտեղ վերջին մեկ-մեկուկես տարում չարդարացված սպասումներ են ձևավորվել` հանգեցնելով բնակարանների գների արհեստական բարձրացման։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ