«Կարող է՝ ամուսինը ծխի, իր բախտը բերի՝ չհիվանդանա, բայց կնոջ մոտ քաղցկեղ առաջանա». ուռուցքաբան
Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Առողջապահության նախարարության կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց 1.8%-ը): Հարցվածներից 10-ից 5-ն ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը` տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%):
«Մարդիկ ինչքան փոքր տարիքից սկսեն ծխել՝ այնքան վտանգը մեծ է, կարող են առաջին հերթին ունենալ սիրտ-անոթային ու չարորակ հիվանդություններ: Բացի դրանից՝ բազմաթիվ այլ հիվանդություններ կարող են առաջանալ: Վտանգավոր է ծխախոտի օգտագործումը, եթե դա 20 տարուց ավելի է, ինչպես նաև վտանգավոր է, եթե մարդը օրը մեկ տուփից ավելի է ծխում: Նա արդեն առողջ չի կարող լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Լևոն Բադալյանը:
«Եթե ցանկացած ուռուցքաբանական բաժանմունք մտնեք, հերթով հարցնեք, կտեսնեք, որ 10-ից 9-ը շատ ուժեղ ծխողներ են: Ինչքան հիվանդներիս հարցնում եմ՝ ծխո՞ւմ եք, պատասխանում են՝ այո. միշտ դրական այդ պատասխանն եմ լսում: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասը ծխողներն են: Եթե տանը, աշխատավայրում ծխում են, դա ևս կարող է ազդել: Կարող է ամուսինը ծխի, իր բախտը բերի՝ չհիվանդանա, բայց կնոջ մոտ քաղցկեղ առաջանա, կամ երեխա ունեն, ով ինչ-որ հիվանդություն ունենա: Եվ, քանի որ մարդիկ կան, ովքեր արդեն ծխում են ու ժամանակը հետ չեն տանի, անկախ նրանից՝ գանգատ ունեն, թե ոչ, տարին մեկ անգամ պարտավոր են անցնել թոքերի ԿՏ հետազոտություն, որովհետև այդ դեպքում կարող են ժամանակին հայտնաբերել թոքի քաղցկեղը»,- նշեց ուռուցքաբանը:
Հարցին՝ որքա՞ն հաճախ են բժիշկներն այցելում դպրոցներ, հակածխախոտային միջոցառումներ կազմակերպում, Լևոն Բադալյանը պատասխանեց.
«Սովորաբար հասարակական կազմակերպություններն են ամբողջ աշխարհում նման այցեր կազմակերպում: Այսինքն, եթե մեկը զանգի ինձ, ասի, որ այս օրը այս ժամին եկեք այս դպրոց, խոսեք, ես ժամանակ չեմ խնայի, կգնամ: Ցավոք, Հայաստանում պասիվ են կազմակերպությունները, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել: Կարող են նաև ԿԳՄՍ-ն ու Առողջապահության նաախարարությունը միասին կազմակերպել, հրավիրել բժիշկների»:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։
Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:
Անի Կարապետյան