«Առողջապահական համակարգից լավագույն մասնագետների հեռանալը հանգեցնելու է ոլորտի տապալմանը». Գևորգ Գրիգորյան
Օրերս համացանցում մի շարք բժիշկներ հայտարարություն են տարածում, «Վերջին ամիսներին խիստ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում առողջապահության ոլորտում։ «Բարեփոխումների» և «կոռուպցիայի վերացման» անվան տակ հերթով վարկաբեկվում են անվանի բժիշկներ»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ:
Բժիշկներն անդրադառնում են որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի աշխատանքից ազատման դեպքին, մտահոգություն հայտնում, որ իրենց գործընկերը համակարգից հեռացվել է բացառապես հիվանդի բողոքի հիման վրա, առանց մյուս կողմին լսելու և խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու: Այս թեմայով 168.am-ը զրուցել է բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ Առողջապահության նախարարը անթույլատրելի որոշումներ է կայացնում:
«Ուռուցքաբանական կենտրոնում վերջերս տեղի ունեցած «յուրացման» դեպքի մասին ասեմ, որ խնդիրը հետևյալումն է, երբ հայտարարվում էր, որ ուռուցքաբանությունը լինելու է անվճար, ես և բազմաթիվ պրոֆեսիոնալներ ասում էինք, որ նման բան հնարավոր չէ Հայաստանում, քանի որ այն գումարը, որը նախատեսված է ուռուցքաբանության համար, «անվճար վիրահատության» համար, չափազանց ցածր է, նախարարի ռեյտինգը ապահովելու համար հայտարարել, որ ուռուցքաբանությունը անվճար է, դա անթույլատրելի է, քանի որ բուժառուն, լսելով նախարարին, առանց իմանալու, որ իր վիրահատության համար, որի շուկայական գինը, օրինակ, 1 մլն դրամ է, նախատեսված է 300 հազար դրամ, գնում և բժշկից պահանջում է, որ իրեն 1 մլն դրամանոց վիրահատություն անի 300 հազար դրամով:
Այդ իմ ասած պայմանական 1 մլն դրամը հորինված թիվ չէ, դա լուրջ հաշվարկված է, որն իր մեջ ներառում է որակյալ սարքավորումներ, դրանց մաշվածությունը, մեկանգամյա օգտագործման սարքավորումներ, հիվանդանոցի լույսի և կոմունալ ծախսերը, պալատի գումարը. այդ ամենը ձևավորվում և դառնում է մեկ կլորիկ գումար, որն այնքան էլ ականջահաճո չէ: Տարածաշրջանում մեզ մոտ վիրահատություններն առանց դրա էլ բավականին էժան են, և հայտարարել, որ ուռուցքաբանությունը անվճար է, հաշվարկելով բավականին ցածր գներով, իմ կարծիքով՝ բարոյական չէ: Իսկ բարոյական նորմերը ձևավորվում են աստվածավախության շնորհիվ, էթիկական նորմերի շնորհիվ, ոլորտում ընդունված դրույթների շնորհիվ:
Եթե խոսենք այսօրվա առողջապահության ոլորտի ղեկավարության բարոյականությունից, ապա պետք է ասել, որ ղեկավարը փաստացի անաստված մարդ է, գեթ մեկ օր սպիտակ խալաթ չի կրել, ներհիվանդանոցային էթիկական նորմերին ծանոթ չէ, ոչ մի անգամ հիվանդի հարազատին բացատրություն չի տվել հիվանդության, վիրահատության բարդության, հիվանդի մահվան մասին, չգիտի այդ նրբությունները:
Փաստացի մենք տեսնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրենի սկանդալային փոփոխությունից հետո տեղի ունեցավ միջադեպ, և այդ հրամանները, այդ «օյինբազությունները», որոնք որ տեղի ունեցան այդ հիվանդանոցում, կնքվեցին մարդու արյունով: Բժիշկը բժշկին ծեծի՞, որտե՞ղ է դա լսված: Դա այն ամենի արտացոլումն է, ինչը մենք բարձրաձայնում էինք: Եթե վերլուծենք դրա նախորդ դեպքը, երբ լաբորատորիայի վարիչին առաջարկում են բանվորի հաստիք, դա բարոյակա՞ն է, նման ցինիկ որոշումների և ցինիզմով առաջնորդվող գործելաոճի արդյունքում մենք ունեցել ենք և ունենալու ենք այսպիսի դեպքեր, և սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են:
Եթե մենք ուզում ենք ունենալ Գագիկ Համբարձումյանի նման վիաբույժներ, ապա պետք է ունենանք երիտասարդ Սարուխանյաններ, Ապոյաններ, Ավդալբեկյաններ, Մալխասյաններ, ավաղ, բայց մենք չունենք, նրանցից ոմանք արդեն չկան, ոմանք տարեց հասակում են: Համբարձումյան Գագիկի նման մասնագետի կորուստը դա շատ լուրջ խնդիր է: Նման լուրջ խնդիր էր Շահսուվարյան Վարուժանի նման մասնագետի կորուստը, նա Հայաստանում ուռուցքաբանական ուռոլոգիայի առաջին ձեռքերից մեկն է, նա այն մասնագետներից էր, որի վրա հենված էր կենտրոնը:
Նա արժանապատվությունն ավելի բարձր գնահատեց, քան փոխտնօրենի կամ բաժնի վարիչի պաշտոնը, դա իրական բժշկի վերաբերմունք էր տեղի ունեցողին Ուռուցքաբանության կենտրոնում, կորցրինք Գագիկ Համբարձումյանին, ով ինչ-որ անհասկանալի և անհայտ ծագման դիմումի արդյունքում կրկին դուրս եկավ:
Մեզ մոտ անմեղության կանխավարկածը պահպանվո՞ւմ է, եթե գումար է շորթվել, թող կրի պատասխանատվություն ապացուցվելուց հետո, բայց այսպես մենք ստեղծում ենք նախադեպ, որ ցանկացած մեկի դիմումի համաձայն, որ կարող է նման բան էլ եղած չլինի, մարդուն աշխատանքից ազատեն, ազատելն էլ քիչ է՝ որդու քիթը ջարդեն»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
Ըստ բժշկի՝ Առողջապահական համակարգից նման մասնագետների հեռանալը հանգեցնելու է նրան, որ ոլորտը տապալվելու է:
«Սա հանգեցնելու է նրան, որ նախարարը լինելու է լիիրավ տիրապետողը առողջապահական համակարգի, որովհետև ունենալու է միջակ կադրեր, որոնք վախենալու են իրենց միջակությունից, իրենց սխալներից, իրենց տնօրեններից, չեն լինելու ազատամիտ, ըմբոստ հոգով մարդիկ, ում վրա պահվում է ոլորտը, լինելու է միջակություն, ունենալու ենք մեր ոլորտի տապալում:
Հիմա էլ պոլիկլինիկաներում շատ լուրջ դեֆիցիտ ունենք կադրերի, մազերում դեֆիցիտ ունենք կադրերի, այսպես եթե շարունակվի, նաև Երևանում ենք ունենալու դեֆիցիտ կադրերի: Միջադեպից հետո Առողջապահության նախարարը գրում է, որ գումար վերցնելը հիվանդից արժանանալու է նման կոշտ արձագանքի, այսի՞նքն, ով որ գումար է վերցրել պացիենտից, քիթը կոտրելո՞ւ են:
Գոյություն չունի այնպիսի բժիշկ, որը իր կյանքի այս կամ այն փուլում բուժառուից գումար չի վերցրել, քանի որ մեր երկրում մարդու առողջությունը երբեք չի գնահատվել այնքան, որքան այն արժե»:
Մեր հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ բժիշկը պետք է գումար վերցնի հիվանդից, թե՞ պետք է նախարարությանն ասել, որ պետք է գումարը բարձրացնել, կամ ուղղակի քաղաքացուն ասել, որ պետությունը պատրաստ է փոխհատուցել նրա բուժման, օրինակ, միայն 50 տոկոսը:
«Իհարկե պետք է նախարարությանը ասել, սակայն հաշվի առնելով, որ մեր պետական բյուջեն շատ մեծ չի եղել, հաշվի առնելով, որ մեր երկրում դրվածքը այլ է, ինչ-ինչ պատճառներով հետսովետական մենթալիտետի հետ համակերպվելով, բժիշկները այս ելքն են գտել, եկեք իրականության աչքերի մեջ նայենք, այս պրակտիկան եղել է, կա, լինելու է, քանի մեր պետությունը չի կարողանում ըստ արժանվույն գնահատել մարդու առողջությունը:
Այո, դա արատավոր երևույթ է, բայց մինչև մենք չենք կարողանում գնահատել վիրահատական միջամտությունը, հանցագործություն է բժշկին ասել՝ աշխատիր կոպեկներով, չպետք է նախարարի ամբիցիոզ որոշումների համար բժիշկը իր քրտնաջան աշխատանքով պատասխան տա: Որտե՞ղ է գրված, որ նախարարը պետք է որոշի, թե բժիշկը ի՞նչ գնով վիրահատի, նախարարության գործառույթը քաղաքականության մշակումն է և ստանդարտների ներդրումը, որը ինքը չի կարողանում անել, մենք չունենք ստանդարտներ, անգամ մասնագիտությունների անձնագրեր չունենք, որ տարանջատի՝ որ բժիշկը ինչը կարող է բուժել, ինչը՝ ոչ:
Եթե մենք բավարար ֆինանս չունենք մարդկանց բժշկությունը անվճար դարձնելու, մենք պետք է խիզախություն ունենանք դա ասելու: Ներկա իշխանությունը այդ խիզախությունը չունի: Առաջնային խնդիրները թողած՝ ինքնաթիռ ենք գնում, անիմաստ ճամփորդություններ ենք իրականացնում, նախարարի կնոջ կլինիկայի պետպատվերն ենք երեք անգամ ավելացնում»:
Անդրադառնալով վերջին շրջանում մայրական և մանկական մահացությունների թվի աճին՝ Գևորգ Գրիգորյանը պնդում է՝ խնդիր կա, բայց դրա լուծման փոխարեն՝ շոու է կազմակերպվում:
«Մայրական և մանկան մահացությունները միշտ եղել են ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին՝ դա առողջապահության զարգացած լինելու ցուցանիշներից է, երկրորդ՝ դա շատ լուրջ էմոցիոնալ հարց է, որը ոչ ոքի անտարբեր չի թողնում՝ բժշկին, քաղաքացուն, ծնողին, յուրաքանչյուրը հասկանում է, որ այդ տեղում կարող էր լինել ինքը:
Դա միշտ հանրային քննարկման առարկա է եղել, երբ Առողջապահության նախորդ նախարար Լևոն Ալթունյանը անզգուշություն թույլ տվեց և ասաց, որ նախարարը չի զբաղվում մանկական մահացություններով, ամբողջ հանրությունը նրան պիտակավորեց, տարօրինակություն եմ նկատում, որ երբ նույն տեքստը ասաց այս նախարարը, հանրային այդ աժիոտաժը չեղավ:
Մայրական և մանկական մահերը բավականին հաճախ են սկսել գրանցվել, դա կարող է լինել անբացատրելի երևույթ, զուգադիպություն, բայց տարօրինակն այն է, որ այդ պարագայում մի բուժկենտրոնի հետ կապված ինֆորմացիան գաղտնի է պահվում, մյուսի դեպքում՝ հանրայնացվում է: Վերջերս Հանրապետական ծննդատանը տեղի ունեցավ մի աղմկոտ դեպք, երբ ծնողները մեղադրում էին հիվանդանոցի ղեկավարությանը երեխային վաճառելու մեջ, սակայն փաստացի հիմք չկար դրա համար:
Ծնողները չեն տեսել երեխային, բայց լրատվականներից մեկում կարդացի, որ մորաքույրը տեսել է: Մինչև չունենանք քննչական մարմնի եզրակացությունը, սա մեկնաբանելը վտանգավոր է: Բայց այն փաստը, որ մեր ոլորտի պատասխանատուն, փոխանակ գնա հիվանդանոց, տեսնի՝ ի՞նչ է եղել, զրուցի բժիշկների հետ, հասկանա՝ ինչն է խնդիրը, այցելում է բողոքող մորը, դրանով ցույց տալով հստակ դիրքորոշում հիվանդանոցի հետ կապված, այսինքն՝ նա լիովին համաձայն է հիվանդանոցում կատարվող այդ անտեղի աղմուկին: Ընդունում եմ, խնդիր է եղել, պետք է բացահայտվի, բայց դրա համար պետք է ոչ թե պետական հանձնաժողով, այլ անկախ ասոցիացիաներ: Պետությունը նախարարի մեկ այցով ցույց է տալիս, որ ունենք խնդիր այս ծննդատան հետ: Այդ խնդիրը լուծում է պահանջում, ոչ թե շոու, իսկ մենք հիմա գործ ունենք շոուների հետ:
Գևորգ Գրիգորյանն ասում է՝ հիվանդանոցներում իրավիճակն ապականվել է, և դրա հետևում կանգնած է ոլորտի քաղաքականություն մշակողը:
«Հիվանդանոցներում իրավիճակն ապականված է, դրա հետևում կանգնած է ոլորտի քաղաքականություն մշակողը, այն մարդիկ, որոնք բժիշկներին առաջարկում են բանվորի հաստիք, նրանք, ովքեր բժշկի քիթ են կոտրում, սպառնում են: Մենք նման խնդիրներ՝ հարց լուծել ֆիզիկական ուժի մեթոդով, Առողջապահության ոլորտում չենք ունեցել: Ես չեմ կարծում, որ սա հարիր է բժշկին, պետք չէ բժշկական խալաթը արյունոտել, ինչ է թե՝ ներբժշկական հարցեր լուծենք:
Այսօրվա ոլորտի քաղաքականություն մշակող մարմինը՝ իր հորինած գներով, պոպուլիստական որոշումներով, հեղինակություններ չհարգելով, ի վերջո, անաստված լինելով՝ դրդում է դրան բժիշկներին: Թշնամություն է սերմանվել բժիշկների մեջ, մինչդեռ մենք սովորել ենք կոլեգիալություն, որ կա «սպիտակ խալաթի» հարգանք և պատիվ»:
Որպես խնդրի լուծում՝ Գևորգ Գրիգորյանը տեսնում է ոլորտի քաղհասարակության ակտիվացումը, ըստ նրա՝ պետք է ունենալ ուժեղ ասոցիացիաներ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ