
«Որպես գյուղապետ՝ ես մեղք չունեմ, որ կարկուտ է եկել, բայց ժողովուրդն ասում է՝ քեզանից է կախված կառավարության կողմից մեզ փոխհատուցելը»

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ մարզպետարանից պահանջելով գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը, որպեսզի ըստ այդմ փոխհատուցում տրամադրվի իրենց։ Գյուղացիները պնդում են՝ այս տարի կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:
«Խնդրում ենք Կառավարությանը, որպեսզի օգնի: Գյուղացին պետք է իմանա, որ թիկունք ունի: Հունիսի 28-ին կարկուտը եկավ, ավերեց: Մարզպետին դիմեցինք, ասաց, որ հարցը ներկայացրել են Կառավարություն: Դաշտից ոչ մի եկամուտ չենք ստացել, հիմա էլ հողի, ջրի փող են ուզում, ո՞նց տանք, կարկուտը տվել ամեն ինչ ջարդել է: Գոնե փոխհատուցեն, որ ձմեռը կարողանանք յոլլա գնալ: Մարդ կա՝ 15-20 տոննա ծիրան է կորցրել»,- նշեցին բնակիչները:
Նրանք դժգոհեցին նաև ջրի գնից՝ ընդգծելով, որ այն իրենց համար շատ բարձր է:
«Ամեն ինչ ապառիկով է անում գյուղացին՝ պարարտանյութ, վար ու ցանք: 15 օր է՝ ջուր չունենք, որ այգիները ջրենք: Ասացին՝ եռօրյա, բայց դարձավ ամիսը մեկ: Ծառերը չորացել են»,- դժգոհեցին գյուղացիները:
Այգեվանի համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտը գյուղի բերքի 70-80 տոկոսին վնաս է հասցրել:
«Ունենք 1700 բնակիչ, փաստացի այստեղ ապրում են 1450-ը, կա 370 տնտեսություն: Այդ 370 տնտեսությունը հունիսի 28-ի կարկուտի պատճառով տուժեց ամենաքիչը 500 միլիոն դրամով: Ծիրանը փչացավ, դեղձը փչացավ, ամեն ինչ վարի գնաց: Որպես գյուղապետ՝ ես մեղք չունեմ, որ կարկուտ է եկել, բայց ժողովուրդն ասում է՝ քեզանից է կախված կառավարության կողմից մեզ փոխհատուցելը, կառավարություն է փոխվել, հեղափոխություն է եղել, պատասխանում եմ՝ ժողովո՛ւրդ, էս երկիրը քյասիբ երկիր է, թեկուզ հեղափոխություն է եղել, ինչքա՞ն հնարավորություն ունի. ոչ մեկ տուն է, ոչ մի համայնք, ոչ էլ մեկ մարզ է: Շատ գյուղեր են տուժել: Այս պետությունը որի՞ն կկարողանա փոխհատուցել: Ես էլ հող ունեմ ու տուժել եմ 8-10 միլիոն դրամով: Դրա փոխհատուցումը որ պահանջեմ, պետությունն ինձ կարո՞ղ է տալ: Չի կարող: Այսօր կառավարությունը, օրինակի համար, կարող է հեկտարի հաշվով գյուղացուն տալ 60-100.000 դրամ»,- նկատեց Այգեվանի համայնքի ղեկավարը:
Հրաչյա Հովհաննիսյանը հայտնեց, որ ոռոգման ջրի խնդիր էլ կա:
«Լինում է, որ մարդուն 3 օր ջուր տալու փոխարեն՝ 1.5 օր են տալիս: Եղել է, որ մինչև 8 օր ջուր չի եղել, ինչը չէր կարելի: Ջուր մատակարարողը պարտավոր է ջուր տալ, սակայն ասում են՝ փողը տուր, ջուրը տանք:
Ինձ երբեմն հարցնում են՝ հողի հարկն ի՞նչ եղավ: Պատասխանում եմ, որ կարկուտն իմ գյուղն ավերել է, այ ժողովուրդ, ես գնամ՝ ումի՞ց, ի՞նչ գանձեմ: Գնում, ասում եմ՝ ընկեր, ծիրանատեր ես, հեկտարի փողը 25.000 է, տեսնում եմ՝ ծառի տակ նստած լացում է բերքի համար: Ես էլ ստիպված նստում, հետը լացում, թողնում գնում եմ: Ջրի համար էլ, ասենք, գալիս, ասում են՝ 80.000 դրամ քո հեկտարի փողն է: Գոնե, եթե փոխհատուցում տան, այս մարդիկ կկարողանան հարկերը վճարել, որ հետո տույժ ու տուգանք չհաշվեն: Գյուղացու սպասելիքը սա է»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:
Անի Կարապետյան