«2050 թվականին միայն ծնելիության խթանմամբ մենք 5 մլն չենք լինի». Սմբատ Սաիյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019թ.՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 7600-ով: Այս ֆոնին ավելացել է գրին քարտի համար դիմողների թիվը՝ 2018-ին ԱՄՆ-ում բնակություն հաստատել ցանկացողների թիվը 110 հազար 725 է՝ նախորդ տարվա 96 հազար 389-ի փոխարեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կա՞ Հայաստանում այն մեծ ներգաղթը, որի մասին հեղափոխությունից հետո հայտարարում են գործող իշխանության ներկայացուցիչները, և արդյոք այս տեմպերով 2050-ին կհասնե՞նք 5 մլն-ի:
«Մինուս 7600-ը ինքնին որպես ժողովրդագրական թվաքանակի ցուցանիշ՝ լավ ցուցանիշ չէ, բայց, եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա նվազման գործընթացը դանդաղում է: Ցանկացած գործընթացի հետադարձ ընթացք տալու համար նախ պետք է այդ գործընթացը դադարեցնենք, հետո նոր գնանք առաջ: 7600-ին եթե դիտարկենք քանակական փոփոխության ցուցանիշ, դա մտահոգիչ է, մտահոգիչ է անգամ մինուս հազարը, բայց եթե մենք դա համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մենք միանշանակ կտեսնենք, որ բավականին դրական միտումներ ունենք, օրնակ՝ 2016-ին ունեցել ենք մինուս 12 հազար, 2017-ին՝ -12.000, 2018-ին՝ -13.800, 2019-ին՝ -7600 ՀՀ մշտական բնակություն ունեցող մարդ:
Հունվար-ապրիլի դրությամբ բնակչության թվաքանակը նվազել է 3000-ով, մյուս եռամսյակում նվազել է 500-ով: Սրանք փաստեր են, որոնք խոսում են այն մասին, որ ՀՀ-ում կա ներգաղթ, դրա մասին են խոսում նաև սահմանահատումների մասին մեր ունեցած տեղեկությունները: 2018-ին սահմանահատումների բացասական ցուցանիշը 6100 էր, այսինքն՝ ավելի շատ գնացել են, քան եկել են Հայաստան, 2019-ին այդ ցուցանիշը իջել է՝ դարձել է 2200»,- ասաց Սմբատ Սաիյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը վստահեցնում է՝ 5 մլն-անոց Հայաստան ունենալու համար հարկավոր է ունենալ ծրագրավորված ներգաղթ, նրա խոսքով՝ միայն ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերով 2050-ին 5 մլ չենք լինի:
«Դա հնարավոր չէ՝ պարզ հաշվարկի տրամաբանությունից ելնելով: Եթե 1980-ականների կեսերին մեզ մոտ ծնվում էր 80.000 երեխա, հետագայում այդ թվաքանակն անկում ապրեց, և այսօր մենք գտնվում ենք մի ժողովրդագրական ցիկլում, երբ մայրական տարիք է մուտք գործում այն սերունդը, որի ժամանակ ծնելիությունը ցածր է եղել: Մինչև 2020-25 թվականները մայրական տարիք են մուտք գործում 1990-ականներին և 2000-ականների սկզբին ծնվածները, երբ ծնելիությունը եղել է ամենացածր մակարդակի վրա: Ծնունդների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001թ.-ին՝ 32 հազար 65 ծնունդ: Մենք չունենք այն մայրական պոտենցիալը, որը կապահովի համապատասխան ցուցանիշներ: Դրա համար հարկավոր է ունենալ ծրագրավորված ներգաղթ»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ