Հիմնադրամ. Ճգնաժա՞մ, թե՞ ավարտ

Շինարարության ոլորտն այս տարի 4.4% աճ է արձանագրել: Անցած տարվա 8 ամիսների համեմատ: Աճի փաստն ինքնին արժանի է վերլուծության, հատկապես, որ շինարարության ֆինանսավորումը բոլոր «ավանդական» աղբյուրներով նվազել է: 4.4%-ոց աճն արձանագրվել է, որովհետև նախորդ տարվա համեմատ՝ ակտիվացել են՝ միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարությունը (ավելացել է 8.1%-ով), ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (աճը` 3.5 անգամ), Ռուսաստանի Դաշնությունը (աճը` 3.3 անգամ) և բնակչության հաշվին կատարված շինարարությունը (աճը` 12.5%):

Բայց անգամ այս մեծ թվերի պարագային ընդհանուր աճը շատ համեստ է: Որովհետև նախկինում ոչ ԵԶՎԲ-ն, ոչ ՌԴ-ն այդ ոլորտում լուրջ ներկայություն չեն ունեցել: Աճը նկատելի չէ, որովհետև, ասենք, պետբյուջեի հաշվին կատարվող շինարարությունը նվազել է նույն (ու խորհրդանշական) 4.4%-ով:

Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան հիմնադրամի» այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Կազինոյում կամ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ու հետո արագ վերականգնել: Բայց դեպքը լավ «թմբկահարված» էր և, ինչպես հին հրեական անեկդոտում է ասվում` «նստվածքը մնաց»: Մի քանի ամիս հետո հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնից սպասումները տարբեր էին: Ոմանք կարծում էին, որ նոր իշխանությամբ ոգևորված Սփյուռքը հսկայական հանգանակություն կանի:

Իսկապես, թե մեր, թե Սփյուռքի մամուլը նախկինում պարբերաբար բացասական նյութեր հրապարակել էր հիմնադրամի ղեկավարության կոռուպցիոն ու ոչ արդյունավետ գործունեության մասին: Թվում էր, որ պատկերն իշխանափոխությունից հետո փոխվելու է: Բայց 2018-ի հեռուստամարաթոնը ընդամենը 11 մլն 109 հազար դոլարի խոստում-հանգանակություն արձանագրեց: Ասել, որ դա ձախողում էր` ճիշտ չէ: Փոխարենը՝ կարելի էր վստահ գնահատել, որ սպասումները չարդարացան: 21-րդ հեռուստամարաթոն-հանգանակությունն ամենափոքրը չէր պատմության մեջ, բայց այն զիջում էր նախորդ՝ 2017թ. 12 մլն 505 հազար դոլարանոց հեռուստամարաթոնային խոստմանը:

1992թ. ձևավորված, ծանր ուղի անցած հիմնադրամն իր գործունեության ընթացքում ընդհանուր 370 մլն դոլարի արժողության 1 300 ծրագիր է իրականացրել (և իրականացնում) Հայաստանում և Արցախում: Ընդ որում, այդ ծրագրերը ժամանակի հետ համաքայլ փոխվել են: Առաջին տարիներին ծրագրերը Արցախին ու աղետի գոտուն էին ուղղված: Հետո եկավ ենթակառուցվածքների շրջանը:

Իհարկե, կարելի է ասել, որ խոսքն առաջին հերթին՝ էլի ու կրկին Արցախի հոգսերի մասին է: Բայց դժվար թե որևէ մեկը պնդի, որ Երևան-Ստեփանակերտ ավտոմայրուղու մեծ մասն Արցախով է անցնում: Կամ, որ այդ մայրուղուց մենք` հայաստանցիներս, պակաս ենք շահել: Հատկապես որ, տարիների հետ ընդլայնվող հիմնադրամն արդեն թվով 19 երկրներում 21 տեղական կազմակերպություն էր հիմնել ու աշխատանքն ավելի արդյունավետ էր դարձրել:

Ճիշտ է, իր պատմության ընթացքում հիմնադրամը կազմակերպչական ձախողումներ էլ է ունեցել: Դրանցից ամենանկատվողը, հավանաբար, «Ազգային տուրքի» ներդրման ձախողված փորձն էր, որ ենթադրում էր հնարավորինս շատ մարդ ներգրավել հանգանակության գործում, իսկ հանգանակությունը դարձնել հնարավորինս կայուն ու ամենամսյա: Սակայն վերջին տարիներին հիմնադրամը ֆինանսավորում էր նաև նախագծեր, որոնց նպատակը նոր տեխնոլոգիաների ներդրումն էր:

Միայն Տավուշի մարզում վերջին տարիներին 115 ջերմոց է կառուցվել (միջին արժեք հայտարարված է 5 500 դոլարը): Գյուղատնտեսության ոլորտում ջերմոցային տնտեսությունների անցումը սահմանամերձ Տավուշի բնակչության ֆինանսական հնարավորություններից բարձր էր: Իսկ մարզերի ու Արցախի գյուղական դպրոցների նորոգումն ու դրանք արեգակնային ջրատաքացուցիչներով ապահովելը տեխնոլոգիական առումով նոր խոսք էր:

Բայց թողնենք անցյալը: Անցած տարի հունվար-օգոստոս ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը 474 մլն դրամի շինարարական ծրագրեր է իրականացրել: Հիշեցնենք՝ 2018-ի հանգանակությունն ընդամենը 1 մլն 400 հազար դոլարով էր գերազանցել անցած տարվա հեռուստամարաթոնին: Իսկ այս տարվա շինարարական աշխատանքների ծավալը պաշտոնապես հայտարարվում է 135.7 մլն դրամ: Պաշտոնապես այդպես էլ արձանագրված է՝ «2018-ի հունվար-օգոստոսը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ» կազմել է 29.2: Անկումը կամ նահանջը 70.8% է: Նույնական պատկեր է շինմոնտաժային աշխատանքների գծով. նույնիսկ նախորդ տարվա համեմատությունը մի փոքր նվազ է` 28.4%: Դժվար է ասել, թե ինչի հետևանք է սա:

Բայց հիմա կրկին աշուն է: Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում: Ու տարօրինակ զուգադիպությամբ՝ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է: Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս