Փխրուն հրադադարի ստվերում. մեկնարկում են ԱՄՆ-Իրան բանակցությունները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առաջին փուլին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ամերիկյան Axios լրատվական պորտալը՝ հղում անելով ԱՄՆ-ում իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ևս մեկ ներկայացուցիչ՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, արդեն գտնվում է Շվեյցարիայում։

Ինչպես նշում է Axios-ը, հունիսի 19-ին Շվեյցարիա է ժամանել Կատարի վարչապետ, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, ով ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդներից մեկն է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է Շվեյցարիա ժամանել հունիսի 20-ին, սակայն ծրագրերը կարող են փոխվել, պնդում է պարբերականի աղբյուրը։

Axios-ի մեկ այլ զրուցակից հայտնել է, որ Արաղչին հունիսի 19-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդ երկրների իր գործընկերներին հայտարարել է Լիբանանում հրադադարի հաստատման՝ Իրանի համար «վճռորոշ նշանակության» մասին, աղբյուրները պնդում են, որ իրանցիները ցանկանում են տարածաշրջանում կայուն հրադադար տեսնել նախքան բանակցությունների մեկնարկը, այդ պատճառով դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք նշանակված է երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ամսաթիվը։

Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին։ Դրանց ընթացքում նախատեսվում էր երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում։ Դրա հիմնական կետերից մեկը ռազմական գործողությունների դադարեցումն է ռազմաճակատի ողջ երկայնքով, ներառյալ՝ Լիբանանում։ Փաստաթուղթը նաև ենթադրում է, որ դրա ստորագրման օրվանից սկսվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների 60-օրյա ժամանակահատված, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այնուամենայնիվ, ի վերջո փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 17-ին՝ հեռավար կարգով, իսկ Շվեյցարիայում կայանալիք հանդիպումը «հետաձգվել է»։ Հունիսի 19-ին լրատվամիջոցները հայտնել են, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի շուրջ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները հետաձգվեցին։ Սպիտակ տնից պարզաբանել էին, թե ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Մինչդեռ, ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը՝ Լիբանանում Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։ Սակայն նախօրեին կեսօրից հետո Իսրայելի ու «Հըզբոլլահ»-ի միջև հրադադար հաստատվեց։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ շվեյցարական հարթակում նախատեսվող շփումները ներկայացվում են՝ որպես դիվանագիտական առաջընթաց, սակայն դրանք դեռևս բանակցային գործընթացի մեկնարկային փուլ են։ Նրա խոսքով, չնայած ստորագրված հուշագրին և կողմերի միջև բանակցային գործընթացին, կողմերի միջև պահպանվում են տարաձայնություններ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։ «Իրանը փորձում է միջուկային հարցը կապել ավելի լայն քաղաքական և անվտանգային օրակարգի հետ՝ ներառելով Լիբանանում, Գազայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի դադարեցման հարցերը։ Այդ ռազմավարությունը մասամբ տալիս է իր արդյունքները, բայց բանակցությունների մեկնարկը չի երաշխավորում արագ արդյունք, իսկ գործընթացը ցանկացած պահի կարող է բախվել նոր խոչընդոտների՝ հաշվի առնելով դրանում ներառված խաղացողների քաղաքականությունը»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Նա գտնում է, որ եթե Վաշինգտոնին և Թեհրանին հաջողվի ձևավորել ևս մեկ միջանկյալ համաձայնություն, դրա ազդեցությունը դուրս կգա երկկողմ հարաբերությունների շրջանակներից, հնարավոր մեծ գործարքը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերանայմանը։ «Այդպիսի զարգացումը կուժեղացնի նաև Կատարի և այլ միջնորդ պետությունների դիվանագիտական դերակատարությունը՝ ձևավորելով նոր հավասարակշռություն Մերձավոր Արևելքում։ Սակայն գործընթացի փխրունությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկացած ռազմական միջադեպ կամ քաղաքական ճգնաժամ կարող է արագորեն տապալել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց նա։

Վլադիմիր Եվսեևի խոսքով, Հարավային Կովկասի համար ևս հնարավոր համաձայնությունը կունենա նշանակալի հետևանքներ։

«Եթե Իրանը դուրս գա միջազգային մեկուսացման ամենախիստ փուլից և ստանա լրացուցիչ հնարավորություններ, ապա կուժեղանան նրա դիրքերը տարածաշրջանային նախագծերում։ Դա կարող է անդրադառնալ նաև Հայաստանի շուրջ ձևավորվող տրանսպորտային ու տնտեսական գործընթացների վրա՝ մեծացնելով Թեհրանի մասնակցությունը տարածաշրջանային նախաձեռնություններին։

Միաժամանակ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման նույնիսկ սահմանափակ առաջընթացը կնվազեցնի լայնամասշտաբ ռազմական բախման ռիսկը, ինչը Հարավային Կովկասի երկրների համար դրական գործոն է։ Հետևաբար, Շվեյցարիայում մեկնարկող բանակցությունները պետք է դիտարկել ոչ թե՝ որպես վերջնական հանգրվան, այլ՝ որպես երկար գործընթացի առաջին քայլ։ Դրա արդյունքները կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև հարակից տարածաշրջաններում»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930