«Պատրաստվում եմ նամակով դիմել ՀՀ-ում Կանադայի դեսպանին. ուզում եմ հարցնել՝ որքանո՞վ է աջակցում Փաշինյանի կառավարությանը՝ այս հետընթացի գործընթացում». Կանադահայ
ՔՊ-ական մի քանի պատգամավորներ որոշել են օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգելվի արտերկրում ապրող մեր հայրենակիցներին մասնակցելու Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին, դրա համար նրանք մի շարք պայմաններ են առաջ քաշել։
«Նախագծերով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև՝ բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական հանրաքվեների համար ներկայումս սահմանված կարգավորումների հետ համակարգային միասնականությունը:
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն»,- նշված է նախագծում։
Այս նախագիծը մեծ դժգոհություններ է առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես այն քաղաքացիներիների, որոնք տարվա մի մասն ապրում են արտերկրում, մի մասը՝ ՀՀ-ում ու Հայաստանի քաղաքացի են։
Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչ, Առողջապահության կառավարման մասնագետ, դասախոս Եկատերինա Թաիրյանը, ով աշխատում է Կանադայում, սակայն տարվա մեծ մասն անցկացնում է Հայաստանում, մտահոգված է և վրդովված։
«Ամբողջ աշխարհում պետություններն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի վերացնեն ընտրողների իրավունքների հետ կապված խոչընդոտները, այս կառավարությունը, որն իշխանության էր եկել դեմոկրատական լոզունգներով, մեզ պարտադրում է նման հետընթաց ժողովրդավարության գործընթացներում։ Մեր Սահմանադրությունում ամրագրված է այդ իրավունքը՝ ՀՀ քաղաքացիներն առանց խտրականության, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում են իրենք այդ պահին բնակվում, որևէ պատճառով չպետք է զրկվեն ընտրելու իրավունքից»,- 168.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց Եկատերինա Թաիրյանը։

Նրա խոսքով՝ իրենք մինչև վերջ պայքարելու են սեփական իրավունքների համար և նման խտրականություն չեն կարող հանդուրժել։ Կարծում է՝ ներկայիս կառավարությունը սարսափում է ինքնուրույն մտածող և իշխանության կամայականություններից կախում չունեցող անձանցից։
«Սփյուռքում Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կորցրել է իր աջակցությունը։ Տարիներ շարունակ ինքներս մեզ համոզել էինք, թե սահմանադրական ճանապարհով ինքներս կարող ենք հասնել փոփոխությունների, սակայն այսօր մենք ականատես ենք լինում կեղծված ընտրությունների և հիմա դրան էլ ավելացվում է այս հանգամանքը, որ դրսում ապրող մեր հայրենակիցներին զրկեն ընտրելու իրավունքից։
Իշխանությունը հիմա մեկ նպատակ ունի՝ պահել սեփական իշխանությունը, շարունակել ծառայել Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրություններին և պաշտպանել նրանց շահերը։
Ընտանիքիս հետ, տևական ժամանակ է՝ ապրում ենք Հայաստանում, այս նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո զանգեր եմ ստացել Կանադայի հայ համայնքից, այնտեղ բնակվող իմ ընկերներից ու հարազատներից, անհանգստացած են ու շատ վրդովված։
Ինքս պատրաստվում եմ նամակով դիմել ՀՀ-ում Կանադայի դեսպանին, քանի որ մեր հանդիպումներից մեկի ժամանակ նա պնդում էր, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմոկրատական գործընթացներին։ Ուզում եմ հարց ուղղել դեսպանին, թե որքանո՞վ է աջակցում Փաշինյանի կառավարությանը՝ այս հետընթացի գործընթացում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ ասաց, որ չի պատրաստվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, այլ հակառակը՝ պայքարելու է, որպեսզի իր ընտրելու իրավունքը չխախտվի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

