Եվրոպայի աջակցությամբ Հայաստան նավթ ու գազ չի գալու. դույլերո՞վ է բերելու, թե՞ ինչով. մեկը լինի՝ Եվրոպային աջակցի․ Հովհաննես Ավետիսյան
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Զրույցի ընթացքում Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել օրակարգային մի շարք հարցադրումների, այդ թվում, թե ինչո՞ւ է աղմկում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է սպասվում հետընտրական Հայաստանին, և ի՞նչ անելիք ունի ընդդիմությունն այս փուլում։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այս ամենի կենտրոնում Փաշինյանի հենց այն հայտարարությունն է, որ ընտրություններից առաջ ասում էր՝ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ՝ աղետալի հետևանքներով։ Եվ հիմա չունեն սահմանադրական մեծամասնություն, և ըստ իր ասածի՝ պետք է սեպտեմբերին պատերազմ լինի, մի 2 օր առաջ էլ էլի հայտարարում էր, որ ինքը կարողացել է կանխել պատերազմը, էլ չի լինի․ այս ամբողջը խոսում է մեծ կեղծիքի մասին։
- Օրինակ, երբ նա Ազգային ժողովում ասում է՝ ում ձայնն է կեղծվել, դուրս եկեք փողոցներ և այլն․ ընտրական պրոցեսներում կեղծիքները միայն ձայն կեղծելով տեղի չեն ունենում։ Նախ՝ փաստացի 2 տեղամասում ընտրական արդյունքների չեղարկումը, ԲՀԿ-ին դուրս թողնելն արդեն ընտրակեղծիք է, շա՛տ մեծ ընտրակեղծիք։ Ապա նաև՝ երբ ընտրական պրոցեսի ես գնում հանրությանն ահաբեկելով, շանտաժի ենթարկելով, պատերազմով սարսափեցնելով, սա խոսում է մի քանի բանի մասին՝ դու գործակցում ես թշնամու հետ, դու Հայաստան պետության ժողովրդին ահաբեկելով՝ ուզում ես քեզ ընտրել տաս։
- Ու այստեղ էլի գլխավորը, կարծում եմ, դրսին ուղղված մեսիջներն են, այն դրսին, որին ինքը խոսք էր տվել Սահմանադրության փոփոխություն, ինչը կարողանալու էր անել՝ սահմանադրական մեծամասնություն ունենալով։ Բայց ես վստահ եմ, որ նա էլի ինչ-որ ապօրինի տարբերակ կգտնի՝ դա անելու, քանի որ նա գտնվում է թուրքական, կարելի է ասել, թակարդում, կոպիտ ասած, դարձել է Ալիևի ստրուկը և կատարում է նրա բոլոր ոչ միայն՝ ցանկությունները, այլ նաև՝քմահաճույքները։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը հայերի ստորացման քմահաճույք է։ Քաղաքական որևէ դիվիդենտ, աշխարհաքաղաքական որևէ դիվիդենտ Ադրբեջանը դրանից չի շահելու՝ բացի հայ ազգի ստորացումից։
- ԱՄՆ-ին Հայաստանը հետաքրքիր է այնքանով, որքանով նա կարողանալու է այս տարածաշրջանն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Իսկ սա գին ունի․ գինը նա է, որ Հայաստանը պետք է անցնի թուրքական ազդեցության ներքո, որպեսզի թուրքական աշխարհները միանան և տնտեսապես ավելի զորանան, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակ ունեցող Թուրքիան ինչ-որ պահի դուրս գա Ռուսաստանի դեմ։ Այստեղ մենք ընդամենը մանրադրամի դերում ենք։ Իսկ Իրանը չի ուզում դա տեղի ունենա՝ զուտ իր շահերից ելնելով, որովհետև գիտի՝ թուրքական աշխարհների զորացումը ոչ միայն սպառնալու է Ռուսաստանին, այլ նաև Իրանին, որի հյուսիսում բնակվում են իրենց ազերիներ համարող միլիոնավոր թաթարներ։
- Կարծում եմ, նրան նյարդայնացնում է մեկ այլ գործոն ևս՝ Ռուսաստանի նախագահի՝ իրեն չշնորհավորելը և ընտրությունների վերաբերյալ վերապահումներ ունենալը։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի հաջորդ շրջանի (եթե էդ շրջանը տևական լինի) կառավարումը շատ բարդ ու դժվարին է լինելու, ինչը կնշանակի՝ հայ ժողովրդին մեծ դժվարություններ են սպասվում։
- Եվրոպան աջակցում է, բայց Եվրոպայի աջակցությունով Հայաստանում նավթ ու գազ չի գալու, Եվրոպան դույլերո՞վ է այդ նավթը բերելու, թե՞ ինչով։ Ինքը՝ Եվրոպան, նավթ ու գազի կարիք ունի․այստեղ են ասել՝ մեկը լինի՝ Եվրոպային աջակցի։ Ցայսօր Եվրոպայից որևէ նշանակալի, շոշափելի գործողություն, աջակցություն չի տրամադրվել, չի էլ տրամադրվելու, որովհետև իրենց Հայաստանը հետաքրքիր է այնքանով, ինչքանով կարողանալու են օգտագործել Հայաստանին՝Հայաստանը դարձնել պլացդարմ՝ Ռուսաստանի դեմ գործողությունների համար։

- Մարդիկ կան, որոնց ուղեղը լվացել են՝ ասելով, թե Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանն ուժեղանա։ Դա չի համապատասխանում ճշմարտությանը։ Եթե Ռուսաստանը դա չուզենար, Հայաստանին արտոնյալ պայմաններով մինչ օրս վառելիք չէր վաճառի, Հայաստանին չէր օգնի ենթակառուցվածքների զարգացման, Ատոմակայանի կառավարման գործում, Հայաստանին չէր օգնի տարբեր խնդիրներ հաղթահարելու գործում։
- Այստեղ կոնկրետ բուծարաններ կան, որ իբր թե հանդես են գալիս ազատ խոսքի, իրազեկման դիրքերից, բայց Ռուսաստանի դեմ են աշխատում՝ տվյալներ հավաքելով, փոխանցելով տարբեր համապատասխան կառույցների։
- Փաշինյանը չէր էլ պատրաստվում ընտրություններով իշխանություն հանձնել, իշխանություն փոխանցել, և սրա չգիտակցումը հանգեցնելու է նրան, որ ընդդիմությանը ձայներ տված մարդիկ ևս մեկ անգամ հիասթափվելու են, որովհետև այդ մարդիկ ձայն չեն տվել, որ մի քանի հոգի գնան-նստեն Ազգային ժողովում և, այսպես ասած, սուր հարցեր տան Փաշինյանին։ Այդ մարդիկ ձայն են տվել ընդդիմությանը, այդ թվում՝ ես, որպեսզի լինի իշխանափոխություն, և էդ իշխանափոխության պրոցեսում ընտրություններն ընդամենը պուճուրիկ հանգրվան են՝ հատկապես հայկական իրողության պայմաններում, որ երբևէ ընտրություններով իշխանության փոխանցում տեղի չի ունեցել։ Իշխանության փոխանցումը Հայաստանում միշտ փաստացի որոշվել է, այնուհետև ընտրություններով ուղղակի վավերացվել։
- Որպեսզի փողոցն ընդվզի, մարդկանց պետք է որակյալ առաջնորդություն, որակյալ առաջնորդություն այս պարագային կնշանակի՝ մարդ, որը նվիրյալ է, մարդ, որը պատրաստ է նույնիսկ իր կյանքն էդ պրոցեսում զոհաբերելու։
- Պետական պարտքն օրենքի փոփոխության հետևանքով ավտոմատ ավելի քիչ է երևում․ Կենտրոնական բանկի պարտքն այսուհետ, որը շուրջ կես միլիարդ դոլար է, պետական պարտքում չի երևում։

Այդ պարտքը շատ ավելի մեծ է իրականում, և կրկնեմ, որ իրենք օրենքը փոխեցին հապշտապ, և հիմա տարվա սկզբից արդեն պարտքը փոքրացրել են փոքր-ինչ, բայց դա էլ իրենց չի օգնելու։ Փաստացի պարտքն աճում է շարունակ։
Մանրամասները՝ տեսանյութում

