«Մանվել Գրիգորյանը մարսողական համակարգի հետ խնդիր ուներ, նարկոզի միջոցով միջամտություն են ցուցաբերել». Փաստաբան
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հերթական միջնորդությունը ներկայացրեց՝ մանրամասնելով, որ վերջինիս առողջական վիճակում գրանցվել է բացասական դինամիկա, ուստի կալանավորումն ավելի է նպաստում այդ ամենին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցությունների սենյակում քննարկելով միջնորդությունը՝ այն մերժեց։
168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանն ասաց, որ պատրաստվում են Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնել և դատարանի կողմից ստացած բոլոր մերժումները կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկան արդեն բոլորն են բարձրաձայնում, այդ պայմաններում անձին պահել կալանքի տակ՝ ես դիտում եմ որպես խոշտանգում՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- շեշտեց նա։
Փաստաբանի կարծիքով՝ իր պաշտպանյալի դեպքում դատարանն իրականացնում է ընտրովի արդարադատություն և ունի կաշկանդվածություն, որի մասին բազմիցս ասել են։ Հնարավոր է, որ դրա հետ կապված նաև իրենց իրավական դիրքորոշումը հայտնեն։
«Մանվել Գրիգորյանը մարսողական համակարգի հետ խնդիր ուներ, նարկոզի միջոցով միջամտություն են ցուցաբերել, որից հետո նրա վիճակը վատթարացել էր։ Չգիտեմ, բժշկական տերմինով գուցե դա վիրահատություն է եղել»,- հավելեց Լ. Բաղդասարյանը։
Զվարթ Խաչատրյան