«Որքա՞ն կարելի է ոտնահարել մարդկանց իրավունքները, աշխատող մարդուն աշխատավարձ չտալ». Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը՝ 10 ամիս չվարձատրվելու մասին
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դժգոհ է՝ դատարանի որոշումը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) մինչ օրս չի կատարել, ավելին՝ շուրջ 10 ամիս աշխատակազմն աշխատավարձ չի ստացել, իսկ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն այդպես էլ աշխատանքի չի գնացել:
Հիշեցնենք՝ դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին և ուժի մեջ է մտել օգոստոսի 4-ին: Արձանագրվել է, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը:
Որոշման մասին Գայանե Կարապետյանը տեղյակ է պահել նախարարությանը, սակայն մինչ օրս փոխհատուցում չի կատարվել:
«Քանի որ ժամանակին պայմանագրեր ենք ստորագրել, աշխատակազմը, հարգելով բեմադրիչին, գալիս է փորձերի, սակայն, միայն նրա համար, որ այդքան աշխատածը ջուրը չգնա: Աշխատավարձ չենք ստանում, ներկայացումները չեն լինում, կազմակերպչական ոչինչ չկա, իրավաբանական վարչությունը՝ բանից անտեղյակ, ոստիկանությունից անընդհատ անհիմն նամակներ են ուղարկում, իսկ թե ինչի համար է այս ամբողջ տուն-տունիկը, մենք չենք հասկանում: Միայն հայտարարում են, թե կամ պետք է թատրոնը փակվի, կամ լինի Լիլիթ Փալանջյանը: Կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչի՞ համար: Ողջ կոլեկտիվը կանգնած պահանջում է հին տնօրենին: 6 ամիսը լրացել է, մրցույթ չի հայտարարվել, ոչ հարկադիր պարապուրդ կա, ոչ կառավարության որոշում:
Նախարարին պատահական հանդիպում ենք՝ ասում ենք՝ հետևե՛ք, պատասխանում է, թե՝ այնպես չէ, որ ես չեմ հետևում: Ասում ենք՝ 4 տեղ աշխատող մարդուն թողել եք տնօրեն, ասում է՝ դա մեր և իր փոխհարաբերություններն են: Այսինքն, ինչ ուզում, այդպես անո՞ւմ են… այսպես ո՞ւր ենք հասնելու: Ինչքա՞ն կարելի է ոտնահարել մարդկանց իրավունքները, աշխատող մարդուն աշխատավարձ չտալ, որպեսզի իրենց ուզած Լիլիթ Փալանջյանը լինի ժՊ: Արդեն 10 ամիս է, սա ինչո՞վ են բացատրում: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, գործը դատարանում է, սրան գումարած՝ հարկերը… հաշվետվություն չեն տվել, ամբողջ տույժ-տուգանքները կուտակվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:
Կապ հաստատեցինք նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ուստի մի շարք հարցերի հետ կապված նրանց պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ՝ գրավոր հարցման պատասխանը ստանալուց հետո:
Անի Կարապետյան