Ապակենտրոնացման ուժը՝ Քարդաշյանի, Օհանյանի, Չանգի և Ավոյանի օրինակներով
Երևանում շարունակվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Համաժողովի ողջ ընթացքում հիմնական քննարկվող գաղափարը ապակենտրոնացումն է և ապակենտրոնացման ուժը։ Այդ մասին պանելային քննարկման ժամանակ խոսել են նաև Քիմ Քարդաշյանը, Reddit սոցիալական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, աշխարհում ամենահայտնի լուսանկարների խմբագրիչներից մեկի՝ PicsArt-ի ղեկավար Հովհաննես Ավոյանը և Google-ից հետո որոնումների ամենամեծ քանակը գրանցած Giphy կայքի հիմնադիր Ալեքս Չանգը։ Վերջիններս պատմել են իրենց նոր նախագծերի և դրանց ստեղծման մոտիվացիայի և նպատակների մասին, ինչպես նաև խոսել են սոցիալական մեդիայի ապակենտրոնացման և վիզուալիզացիայի մասին։
Հովհաննես Ավոյանը՝ PicsArt-ը հիմնադիրը, պատմում է, որ լուսանկարների խմբագրման ծառայություն հիմնադրելու միտքն առաջացել է, երբ ինքը տեսել է իր աղջկան արտասվելիս։ Նա արտասվել է, քանի որ հրապարակել է իր կողմից արված նկարներից մեկը և ստացել է շատ դրական մեկնաբանություններ։ Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ինքը որոշել է ստեղծել համայնք իր աղջկա նման մարդկանց համար, ովքեր շրջապատված կլինեն իրենց նման մարդկանցով և կարող են ստեղծագործել։
Ալեքս Չանգը, ով ստեղծել է համացանցում և, մասնավորապես, սոցիալական ցանցերում շատ տարածված գիֆերը, պատմում է, որ որոշել է ստեղծել գիֆերը ավելի շատ էմոցիաներ փոխանցելու համար։ Ալեքս Չանգի խոսքով, յուրաքանչյուր լեզվում էլ սիրային բառերը շատ չեն, և դրանք վիզուալ պատկերներով արտահայտելն ավելի ազդեցիկ է։ Սա լուծում է լեզվական խնդիրները և շփումը դարձնում ավելի հասանելի։ Էմոջիների և գիֆերի միջոցով հնարավոր է իրար կապել հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Նա բերում է իր մայրիկի օրինակը, ով չգիտի անգլերեն, բայց կարողանում է փոխանցել իր մտքերն ու էմոցիաները գիֆերի և էմոջիների միջոցով։
Ալեքսիս Օհանյանը, ով ամենահայտնի սոցիալական կայքերից մեկի՝ Reddit-ի հիմնադիրն է, պատմում է, որ ինքը հիմա պետք է լիներ իրավաբան, սակայն մեկ օր որոշեց փոխել իր ճակատագիրը և լինել իր համար ճիշտ վայրում։
«Սոցիալական մեդիայի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այն ստեղծում է շարունակաբար ձևավորվող գաղափարների համայնք, որտեղ հատուկ թեման կարող է հանգեցնել նոր հասկացությունների և կարծիքների, որոնք հաճախ չեն էլ կապվում սկզբնական թեմայի հետ»,- նշում է Ալեքսիս Օհանյանը։
Քիմ Քարդաշյանը ևս սկսել է բիզնես, որտեղ ներկայացնում է մարմինը ձգող մաշկի տարբեր գույներ ունեցող ներքնազգեստ՝ տարբեր քաշ և հասակ ունեցող մարդկանց համար։
«Ես հիմնադրեցի իմ ընկերությունը, որը կոչվում է Skins: Դա բոլոր այն կանանց համար է, ովքեր ուզում են շատ ընդգծել իրենց մարմինը։ Ես սկսեցի այս գործը, քանի որ նախկինում կային շատ ոճեր և գույներ, որոնք ես չէի տեսել։ Ես չէի գտնում անգամ իմ մաշկի գույնին համապատասխան ձգող ներքնազգեստ։ Դրանք կամ շատ գունատ էին, կամ սև։ Ամիսներ առաջ ես սկսեցի արտադրել նման ներքնազգեստ 9 երանգներով, ինչպես նաև՝ անթափանց։ Ես ուզում եմ ստեղծել մի բան, որին հավատում եմ, որը անհրաժեշտ կլինի իմ ընկերների, իմ քույրերի համար»,- պատմել է Քարդաշյանը։
Քննարկման թեմաներից մեկը լեզուների, մարդկանց հաղորդակցվելու և այդ հարցում վիզուալիզացիայի դերն էր։ Հովհաննես Ավոյանը նշում է, որ, երբ մարդիկ չեն կարողանում հաղորդակցվել լեզվի միջոցով, նրանք օգտագործում են մարմնի լեզուն։ Նման բան սկզբում էլ գործում է PicsArt-ում։ Հայկական հավելվածը խրախուսում է բոլոր նրանց, ովքեր փորձում են վիզուալ պատկերների միջոցով բովանդակություն փոխանցել։
Քիմ Քարդաշյանը լուսանկարները ու վիզուալ բովանդակությունը իր կարիերայի և պրոդուկտների համար ամենակարևոր գործիքներից է համարում։
«Դուք գիտեք, որ լուսանկարները հսկայական դեր ունեն իմ կարիերայում, և ես շատ եմ օգտվում տարբեր ծառայություններից, օրինակ, ես օգտագործում եմ PicsArt-ը։ Եթե դու գործում ես սոցիալական ցանցերում և ունես բրենդ, ուրեմն դու պետք է հասկանաս լուսանկարների կարևորությունը։ Եթե դու լուրջ ես վերաբերվում քո բրենդին, ուրեմն դու մեծ ուշադրություն պետք է դարձնես այն լուսանկարներին, որոնք հրապարակում ես։ Այսօր լուսանկարներն ամեն ինչ են»,- նշում է Քարդաշյանը։
Ալեքսիս Օհանյանը ևս համոզված է, որ լուսանկարները մեդիայում հսկայական դեր ունեն։
«Երբ ես դպրոցական էի և տեսնում էի եգիպտական հիերոգլիֆները, մտածում էի, թե ինչպես են մարդիկ շփվել մեկ պատկերով։ Բայց հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ մեկ գիֆը կամ էմոջին կարող են շատ ավելին պատմել, քան խոսքերը»։
Քիմ Քարդաշյանն ունի աշխարհում ամենահայտնի ինստագրամյան էջերից մեկը և, լուսանկարների, վիզուալ բովանդակության մասին քննարկման ժամանակ իր փորձառությամբ է կիսվել, թե ինչպես է պետք ղեկավարել էջերը սոցիալական ցանցերում։
«Կարծում եմ, որ սոցիալական մեդիայի գեղեցկությունն այն է, երբ դու բնական ես և ներկայացնում ես ինքդ քեզ։ Ես միշտ բավական վստահ եմ իմ որոշման մեջ։ Սոցիալական ցանցերում դուք կարող եք հետևել մարդկանց զարգացմանը։ Հիմա, երբ ես մայրիկ եմ, ես այլևս չեմ հրապարակի այն, ինչ կհրապարակեի տարիներ առաջ։ Դուք կարող եք մուտք գործել ինչ-որ մարդու էջ և տեսնել անձի և անհատականության զարգացումը։ Դու պետք է հրապարակես այն, ինչ դու ցանկանում ես, այլ ոչ թե այն, ինչ պահանջում են ճնշման միջոցով»,- նշել է Քարդաշյանը։
Սիրարփի Աղաբաբյան