«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի մասնակցությամբ փակ նիստ է հրավիրել. հստակ օրակարգ չկա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, սակայն կոնկրետ օրակարգ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Պարբերաբար աշխատում ենք առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպել վարչապետի հետ, և սա հերթական հանդիպումներից մեկն է։ Այս պահին կոնկրետ օրակարգ չունենք։ Վստահ եմ, որ գործընկերներս ցանկություն կունենան որոշակի թեմաների շուրջ քննարկում ծավալել, առաջարկներ կլինեն, որոնք կմտնեն օրակարգ, սակայն կոնկրետ օրակարգ չենք պլանավորել»,- տեղեկացրեց Լ. Մակունցը։

Նրա կարծիքով՝ դժվար թե Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի շուրջ քննարկում լինի, քանի որ խմբակցությունն իր անելիքն արդեն արել է, և նախագիծն այժմ ՍԴ-ի տիրույթում է։

Լրագրողի հարցին՝ սահմանային իրավիճակի, Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցադրումներ կլինե՞ն վարչապետին, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ դժվարանում է ասել, թե ինչ հարցադրումներ կլինեն։

«Բայց ինչ վերաբերում է Ալիևի հռետորաբանությանը, ապա խմբակցության առանձին պատգամավորներ դրան արդեն անդրադարձել են՝ նշելով, որ վերջինիս հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, և այդ ամենը չի տանում կառուցողական դաշտ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը և Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ ուղղված Արփինե Հովհաննիսյանին, Մակունցն ընդգծեց, որ խմբակցության շատ պատգամավորներ վերջին իրադարձությանն արդեն անդրադարձել են։

Ինչ վերաբերում է մամուլի ակումբի վրա հարձակմանը, Մակունցն ասաց, որ թե իր, թե գործընկերների համար անընդունելի է հարձակումն ազատ խոսքի վրա, ուստիև ուրախ է, որ այդ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս