
Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում. ԵՄ

Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում:
«Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտական գործողությունների վերսկսումը ոչ միայն վատացնում է քաղաքացիական բնակչության վիճակը, այլեւ վիժեցնում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: ԵՄ-ն լիովին պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:
Կոսյանչիչը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Անկարան ու Վաշինգտոնը Բրյուսելին տեղեկացրել են արդյոք Սիրիայում իրենց ռազմական պլանների մասին: «Մենք շփումներ ենք պահպանում, այս փուլում այլեւս ոչինչ չեմ կարող ասել»,-նշել է արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:
Մեկնաբանելով Սիրիայի տարածք մինչեւ 2 մլն սիրիացի փախստականների վերադարձնելու Անկարայի պլանները՝ Կոսյանչիչը հայտարարել է. «ԵՄ-ն գտնում է, որ փախստականների վերադարձը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նախադրյալներ կստեղծվեն մարդկային պայմաններում նրանց անվտանգ վերադարձի համար: Մենք գտնում են, որ Սիրիայում այդ պայմանները դեռեւս ստեղծված չեն»,-հաղորդելէ ՏԱՍՍ-ը: