«Իհարկե, ինքնաբացարկի հիմքերը կան: Մարդը ՍԴ որոշում է անտեսել». Լևոն Քոչարյան

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով դատարանի դահլիճ ժամանած ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, հետազոտություններ է անցնում: Վերջինս չմեկնաբանեց նաև այն հարցը, որ ինքն էլ իր մոր՝ Բելլա Քոչարյանի հետ, ներկա է եղել ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի կնոջ հանդիպմանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը մեկնաբանելիս՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այն տարբեր կերպ կարելի է գնահատել, որքանո՞վ է ճիշտ կամ սխալ, արժեր կամ չարժեր, բայց իրավական հարթության մեջ այն հոդվածը, որով մեղադրանք է ներկայացված տղաներին, այն է՝ արդարադատության խոչընդոտում, այնքան աբսուրդ է:

«Տղաները, երևի թե չուզենալով, բայց ակամայից երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որը կիրառվում է մեր երկրում: Այսինքն՝ երբ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում էր ու պետք է որոշում ընդուներ՝ ՍԴ որոշման հիմքով խափանման միջոցը վերացնո՞ւմ է, թե՞ չէ, դրա հաջորդ օրը  ՍԴ որոշումը, այն որոշումը, որի հիման վրա դատավորն իր որոշումը պետք է կայացներ, երկրի առաջին դեմքերը որակեցին ապօրինի, ինչի իրավունքը պարզապես չունեին: Ու փաստորեն, հաջորդ օրն Աննա Դանիբեկյանն անտեսեց Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Վերջինս տարակուսեց, որ վերը թվարկվածը, դատարանների մուտքերը փակելը, ՍԴ դատավորին հրմշտելը, մեկ այլ դատավորի հրել-գցելը չորակվեցին արդարադատությանը խոչընդոտում, իսկ երբ լայվով մոտենում են, առանց վիրավորելու, որևէ խոսքի ու գործողության՝ հարցեր են ուղղում դատավորին, խոչընդոտում է:

Դիտարկմանը, թե դատավորին իրենց խոսքով վիրավորել են, Լևոն Քոչարյանն արձագանքեց՝ «բայց դա իրե՞նց խոսքն էին ասում»:

«Ու ամեն դեպքով դատախազությունը մերժում է գործի հարուցումը, բայց այս դեպքով գիշերը 3:30-ին մասկի-շոուներով գնում, էդ երեխեքին հանում են, բերում. Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց 2-րդ նախագահի կրտսեր որդին:

«Խնդրում եմ, մի հատ հիշեք՝ Նարեկ Մալյանի հետ ինչ էին արել, քանի հոգով, նկարելով: Որ ուզում էին նրան գողանային, գցեին: Հիմա իրենց նկարողներին բռնե՞լ են, թե՞ չէ, տեղյա՞կ եք…Նկարողներին բռնե՞լ են, թե՞ չէ, իսկ Աննա Դանիբեկյանի դեպքում տղաներից մեկը նույնիսկ միայն տեսախցիկն է բռնել… Այսինքն՝ եթե դատավոր չես, քեզ կարող են բռնել, գցել ու անպատիժ մնալ: Այս ամենը շատ վատ ձևով ցույց է տալիս երկրում կիրառվող կրկնակի ստանդարտը: Նույն ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված դեպքը… Երբ դատախազությունը մեկնաբանություն է տալիս և ասում, որ իր բացատրության մեջ նա ինչ-որ բան չի ասել թե չի բողոքել, իսկ հետո դատավորն ասում է՝ ես ոչ մի բացատրություն չեմ էլ տվել: Հասկանո՞ւմ եք՝ որտեղ ենք մենք հայտնվել: Խոսքը նրա մասին է, որ ինչ-որ մարդկանց դուր է գալիս այս ամենը»,- նշեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ, եթե Քոչարյանի հետ է կապված դեպքը, ուրեմն կարելի է բռնել, դատել, քառատել, իսկ երբ դա անում է երկրի ղեկավարը, պաշտոնյաներ, նրանց հարող ուժեր, ոչինչ չի պատահում:

Լևոն Քոչարյանը վստահ է, որ սրանով ուզում են ցույց տալ, որ, եթե դատավորներն անեն իրենց ուզածը, նրանք իրենց անվերապահ աջակցությունն ունեն, իսկ եթե անում են ուրիշ բան, ինչպես Դավիթ Գրիգորյանի դեպքում, ապա նրանց դեմ քրեական գործ կհարուցվի, լիազորությունները կկասեցվեն:

«Այնքան պարզ է ամեն ինչ, որ ես ուղղակի զարմանում եմ, որ մարդ կարող է ուրիշ մանր դետալների մեջ… Լավ, պարզ է, չէ՞: Բոլորս հասկանում ենք: Ուրիշ հարց է, որ, օրինակ, այս ամենը ձեր սրտով է, բայց ուրիշների սրտով չէ: Սա է հարցը»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Լևոն Քոչարյանը:

Խոսելով Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանների՝ այսօր ներկայացվելիք միջնորդության ու դրա հիմքերի մասին, Լևոն Քոչարյանն ասաց, որ, ինչպես էլի ասել է, այս ամենում իրավական գործընթաց չկա:

«Իրենք իրենց համար մեղավորներ են նշանակում, գալիս են, խոսում են: Շատ լավ փաստաբանական թիմ ունենք, շատ գրագետ, բայց ի՞նչ օգուտ: Կա դատավոր, որ շտամպի պես իրենց ուզածը կնքում է: Իհարկե, ինքնաբացարկի հիմքերը կան: Մարդը ՍԴ որոշում է անտեսել: Ի դեպ, տեսե՞լ եք՝ մեր վերաքննիչ բողոքը ո՞վ պետք է քննի: Մեր գործն ընկել է այն մարդու հոր մոտ, ով այդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, այստեղ՝ դրսում կանգնած, մեզ ընդդեմ ցույց էր անում ու ուրախանում էր լայվով: Խոսքն Արղամանյան Մհերի մասին է: Ու այդ մարդը չի ասում՝ «ժողովուրդ, ես չեմ կարող քննել այս գործը, չեմ կարող օբյեկտիվ լինել»: Ու մենք նրան ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնում, բայց նա գործը թողնում է առանց քննության: Այնինչ այդ մարդն իրավունք չուներ գործն ընդունել վարույթ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Այն հարցին, թե վերջին անգամ հորը հանդիպելիս արդյո՞ք նրա հետ քննարկել է ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածը, Լևոն Քոչարյանն ասաց, որ իր հայրը, իհարկե, շատ ցավում է կատարվածի համար, քանի որ Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում ինքը միշտ շատ գնահատել է, համարել շատ պարկեշտ, իր գործը միշտ շատ ճշգրիտ կատարող անձնավորություն:

«Նա այն կերպարը չէր, որ այլ բաների մեջ ներգրավված, թաթախված լիներ, ու բոլորդ դա գիտեք: Հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու դատարանում էլ վերահաստատեր: Բոլորին հասանելի են նրա ցուցմունքները, ուր վերջինս ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է եղել ուժ կիրառելուն, ասել է, որ պետք է ամեն ինչ արվի, որ ոչ ոք չվնասվի»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս