«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ». Սեյրան Օհանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում սկսվել են ի պաշտպանություն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցաները։

Հիշեցնենք, որ 13:00-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի մեկնարկին Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Քիչ առաջ դատարան ժամանեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Լրագրողների հետ զրույցում նախկին նախարարն ասաց, որ պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ ոտքի պրոթեզավորման խնդիրների հետ կապված։

«Վաղը կմեկնեմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ՝ այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել եմ, թույլտվություն կստանամ»,- ասաց  Օհանյանը։

Լրագրողները պաշտպանության նախկին նախարարից հետաքրքրվեցին՝ իսկ պատրա՞ստ է միանալ այն ստորագրահավաքին, որը մեկնարկել է Քոչարյանի ազատ արձակման համար, Սեյրան Օհանյանն ի պատասխան՝ նշեց.

«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Կարելի է այդ ամենն իրականացնել, բայց թույլ տալ նրան գտնվել ազատության մեջ՝ առավելևս, որ 2-րդ նախագահը ցույց է տվել, որ ինքը հանգիստ և համարձակ եկել ներկայացել է»:

Պաշտպանության նախկին նախարարը նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն, երբ ինքը Գլխավոր շտաբի պետն էր, երբեք որևէ ցուցմունք չի տվել և ցուցմունք տված 1000 զինծառայողների հետ որևէ առնչություն չի ունեցել։

«Ես ամենամոտ կանգնածն եմ եղել՝ որպես Գլխավոր շտաբի պետ, ինձ որևէ մի ցուցմունք կամ հրաման չի տվել»,- ասաց  Սեյրան Օհանյանը։

 ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս