«Պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցը կարծիքն արտահայտելու իրավունք ունենա». Վլադիմիր Վարդանյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ դատապարտելի է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:
«Ինձ համար անընդունելի է ցանկացած հարձակում ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ: Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի՝ առանց ազատ և անկախ մամուլի, իրական ժողովրդավարություն չի կարող լինել՝ առանց ազատ զանգվածային լրատվամիջոցների: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ամփոփված է»,- այսօր ԱԺ-ում նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում այդ մամուլի ակումբը և համանուն կայքը ոչ դրական առումով շատ անդրադարձ է կատարել իրեն, սակայն, դրանով հանդերձ, վստահեցնում է, եթե չլինի ազատ մամուլ, ապա ՀՀ-ում ժողովրդավարությունը կարող է վտանգվել:
«Միևնույն ժամանակ՝ ուզում եմ ասել, որ խոսքի ազատությունն անսահմանափակ չէ, և առնվազն դեպքեր կան, որոնց պարագայում այն պետք է սահմանափակվի, խոսքը վերաբերում է այլոց վիրավորելուն, այլ անձանց զրպարտելուն, և այլն: Չեմ կիսում այդ լրատվամիջոցի կարծիքը, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցը կարծիքն արտահայտելու իրավունք ունենա: Սա վերաբերում է բոլորին, ամենացավալին այն է, որ ֆեյքային հարձակումները համացանցում և որոշ լրատվամիջոցներում ավելի ուժեղացան, ինչը, կարծում եմ, ավելի մտահոգիչ պետք է լինի նախ և առաջ՝ ԶԼՄ-ների համար»,- շեշտեց նա:
Լրագրողի հարցին՝ հարձակումը կապո՞ւմ է Հրայր Թովմասյանի հետ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ իր համար անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, որի միջոցով իրավական գործընթացը փորձում են վերածել քաղաքական գործընթացի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը և ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանը պահանջել էր փակել լրատվամիջոցը։
Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր եղել։ Ակցիայի մասնակիցները նշել էին, որ պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։
Զվարթ Խաչատրյան