Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել Brexit-ի հետաձգման հարցով. Daily Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել եւ փորձել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Daily Telegraph թերթը:
Վկայակոչելով կառավարության աղբյուրներ, հրատարակությունը տեղեկացնում է, որ նախարարների կաբինետի ղեկավարը պատրաստ է հասնել մինչեւ բարձրագույն վճռաբեկ դատական ատյան, որպեսզի ազատվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը Brexit-ի եռամսյա հետաձգման խնդրանքով Բրյուսելին նամակ գրելու անհրաժեշտությունից:
Դա վարչապետին հարկադրում է անել անցած ամսին ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքը: Դրանում ասված է, որ կառավարության ղեկավարը պարտավոր է հետաձգում պահանջել, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոնդոնը եւ Բրյուսելը համաձայնության չհասնեն Brexit-ի պայմանների շուրջ: Մինչդեռ չկան երաշխիքներ, որ Գերագույն դատարանը Ջոնսոնի կողմը կբռնի, հատկապես հաշվի առնելով այն, որ վերջերս դատական այդ ատյանը անօրինական ճանաչեց խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով կասեցնելու վարչապետի որոշումը:
Դրա հետ մեկտեղ կառավարույթունում Daily Telegraph-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Ջոնսոնի համար կարեւոր է, որ հենց դատավորներն իրեն պարտավորեցնեն նամակ ուղարկել Բրյուսել, այլ ոչ թե ինքը համաձայնի անել այդ քայլը, ինչը կհակասեր ավելի վաղ դրա վերաբերյալ վարչապետի արած բոլոր հայտարարություններին: Ջոնսոնը նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ անցկացրած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը, ինչը պատմական մասշտաբի մոլորություն կլիներ:
«Մեծ Բրիտանիան մեծ ու կարեւոր առաջարկություն է արել, բայց եկել է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջման պատրաստակամություն դրսեւորի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց գործարքի»,- ասել է Ջոնսոնը: Իր հերթին, նախագահ Մակրոնն ասել է, որ ԵՄ-ն մինչեւ այս շաբաթվա վերջը կորոշի՝ հնարավոր է արդյոք Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության հասնել Brexit-ի շուրջ: Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:fէ