Թաիլանդում դատավորը փորձել է ինքնասպան լինել անմեղների նկատմամբ կայացված դատավճռի պատճառով
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Ինքնասպանության փորձը մահացու չի եղել, դատավորին անհապաղ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել, եւ այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին կայացած եզրափակիչ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր հանցավոր հանրակցություն ստեղծելու եւ զենքի անօրինական շրջանառության նպատակով նախահամաձայնության գործը, որով մեղադրանք էր ներկայացված հինգ մարդու: Դատավորը փորձել է ինքնասպանություն գործել այն բանի կապակցությամբ, որ դատարանի ղեկավարությունը չեղարկել է նրա պատրաստած որոշումը, որն արդարացնում էր մեղադրյալներին, որոնց նա համարում է անմեղ, եւ այն փոխարինել նոր դատավճռով, որով մեղադրյալները մեղավոր էին ճանաչվում եւ ազատազրկման երկար ժամկետներ ստանում, նշում է պորտալը:
Ինքնասպանության փորձ կատարած դատավորի խոսքով՝ գործում առկա ապացույցները հաստատում էին մեղադրյալների անմեղությունը, մինչդեռ նոր դատավճիռն անմեղ մարդկանց դատապարտում էր երկար տարիների բանտարկության: Այդ մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում, նախքան կմտներ դատարանի դահլիճ եւ կընթերցեր դատավճիռը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:Ֆծ