«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,

ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։

Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու-թյունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։

Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով և ամբիցիաներով։

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն։

Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենակից Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։ Ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց գունավոր հեռուստացույցի, դոլարի կանաչի, ֆենի, կամ մեխանիկական բետոնախառնիչի։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանն ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը՝ նոր հեռանկարներ բացելով ավտոմոբիլաշինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գեւորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանն ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանավորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

Այս երկու հայտնագործությունները միլիոնավոր, հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում, բարելավել են հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson:

Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «Միգ» ինքնաթիռների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանակակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին։

Այս ամենը եւ այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային եւ ամերիկյան տիեզերա¬կան ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարեւոր կետերից մեկն աշխարհում, կարևոր կենտրոններից մեկն աշխարհում։

Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչեւ 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ եւ ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչեւ մագիստրա¬տուրա եւ ասպիրանտուրա եւ ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել եւ մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսի սիրելի մասնակիցներ,

մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար։

Ինչպես երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ սեփական տաղանդը զարգացնելու եւ դրսեւորելու, կրթություն ստանալու եւ հայտնագործություններ անելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա՝ ազատ եւ զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների, գործունեության եւ կրթության համար։

Մենք ընդամենն ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողներն ու գործընկերներն իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն այս համաժողովը Հայաստանում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր, եւ ես հույս ունեմ, որ այս հիրավի հիշարժան իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։

Եվ մեզ բոլորիս, սիրելի ներկաներ, հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում։

Հարգելի հյուրեր,

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արեւահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։

Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ։ Հույս ունեմ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

* * *

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Տեսանյութեր

Լրահոս