Բաժիններ՝

«Այդ հանդիպումն ավարտվեց խզումով». Կիմ Մյոն Գիլ

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից ավելի լուրջ նախապատրաստություն է ակնկալում միջուկային խնդրի եւ երկկողմ հարաբերությունների նորմալացման այլ հարցերի շուրջ բանակցություններին: Ինչպես հայտնել է «Կիոդո» գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 7-ին Պեկինի միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտարարել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլը: Նա Փհենյանը ներկայացնում էր ամերիկացի դիվանագետների հետ օրերս Ստոկհոլմում կայացած կոնսուլտացիաներում:

«Այդ հանդիպումն ավարտվեց խզումով»,-ընդգծել է Կիմ Մյոն Գիլը:

«Կարող են մեծ տհաճություններ տեղի ունենալ, եթե ԱՄՆ-ը հանգամանորեն չնախապատրաստվի նման շփումներին»,-ասել է նա:-Մենք ներկայացրեցինք մեր բոլոր առաջարկությունները եւ այժմ ցանկանում ենք լսել ամերիկյան կողմին: Առայժ նա ի պատասխան ոչինչ չի պատրաստել»:

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունը հոկտեմբերի 6-ին տարածած հատուկ հայտարարության մեջ ծանուցել է, որ Փհենյանը չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը «իրական քայլեր չի ձեռնարկել» Կորեական թերակղզու հյուսիսի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից լիակատար եւ անշրջելի հրաժարման ուղղությամբ»: Դիվանագիտական գերատեսչությունը, մասնավորապես, քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի մոտեցումը Շվեդիայի մայրաքաղաքում ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ կոնսուլտացիաների նկատմամբ: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների նախնական երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Ստոկհոլմում:

Աշխատանքային բանակցություններն սկսվել են հոկտեմբերի 5-ին, սակայն ընդհատվել են նույն օրը: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը, ամփոփելով մի քանի ժամ տեւած կոնսուլտացիաների արդյունքները, հայտարարել է, որ դրանք կառուցողական բնույթ են կրել: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդունել է երկու շաբաթից Ստոկհոլմ վերադառնալու եւ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու Շվեդիայի հրավերը:

Ընդսմին Օրտեգուսը չի նշել՝ ինչպես է Փհենյանն արձագանքել համանման առաջարկությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս