Քվենտին Տարանտինոն գիրք է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին
Քվենտին Տարանտինոն պատմել է, որ ինքը վեպ է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին, որը կինոյի սիրահար է դառնում: Այդ մասին հայտնել է NME-ն:
Ռեժիսորը Մարտին Սքորսեզեի հետ զրույցում գրքի հետ կապված իր աշխատանքի մասին պատմել է Ռեժիսորների ամերիկյան գիլդիայի եռամսյակային հանդեսի աշնանային համարի համար. «Հենց այժմ ես գիրք եմ գրում: Գլխավոր հերոսը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ շատ արյուն է տեսել»:
«50-ականներին նա վերադառնում է տուն: Հոլիվուդյան բոլոր ֆիլմերը նրան մանկական են թվում այն ամենից հետո, ինչի միջով նա անցել է: Եվ ահա նա հանկարծ լսում է Կուրոսավայի եւ Ֆելինիի աշխատանքների մասին,-հավելել է ռեժիսորը:-Դրանք գրավում են նրան, մի քանիսը դուր են գալիս, մյուսները՝ ոչ, մի քանիսից էլ նա գլուխ չի հանում, բայց գիտակցում է, որ իր առջեւ արժեքավոր բաներ են»:
Գրքի վերաբերյալ ոչ մի այլ մանրամասնություն չի հաղորդվում: Բայց հրատարակությունն այն եզրակացությունն է արել, որ ռեժիսորն առայժմ հետաձգել է «Աստղային ուղի» լիամետրաժ ֆիլմի հետ կապված աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: