ԵՊՀ գիտխորհրդի տապալված նիստի հետքերով, կամ ինչո՞ւ է ռեկտորի ժ/պ-ն մտածում, որ այդ նիստն իր դեմ էր
Սեպտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսխորհրդի նախկին փոխնախագահ, գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամներով նախաձեռնել ենք գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց: Ուրախությամբ հայտնում եմ, որ գիտական խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմից մի շարք անդամներ միացել են մեզ, և ունենալով արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ձայների 1/3-ը` այսօր մեր պահանջը ներկայացրել եմ ԵՊՀ ռեկտորին, ով, համաձայն ԵՊՀ կանոնադրության, պետք է հրավիրի գիտխորհրդի արտահերթ նիստ: Ո՞րն է մեր մտահոգությունը: Մենք անհանգստացած ենք վերջին շրջանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ԵՊՀ գործունեության առանցքային հարցերի վերաբերյալ Գիտական խորհրդի դիրքորոշման անտեսման փաստով և որոշումների կայացման գործընթացում համալսարանականների ցածր դերակատարության հանգամանքով:
Բուհը, ըստ իս, առաջին հերթին հենց համալսարանականներն են, և հենց նրանց ուսերին է ԵՊՀ գործունեության ողջ բեռը, ուստի անթույլատրելի է, որ որոշումների կայացման գործընթացում նրանց (այս դեպքում` Գիտխորհրդի) դիրքորոշումը անտեսվի: Վստահ եմ, որ ԵՊՀ գիտական խորհրդի դերի բարձրացման վերաբերյալ այս քննարկումը և խնդրի վերաբերյալ գիտական խորհրդի միասնական դիրքորոշման արտահայտումը վստահաբար լինելու է առաջին քայլը բուհը համալսարանականներին վերադարձնելու գործում»,- ասված էր գրառման մեջ:
Իսկ ահա երկու օր առաջ հայտնի դարձավ, որ գիտխորհրդի նիստը տապալվել է՝ օրակարգը չհաստատելու պատճառով։
Այդ առիթով ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը մասնավորապես գրել էր. «Սաղ հեչ, գիտե՞ք համալսարանի ղեկավար կազմից որոշ անդամներ ինչպես են տարբեր կաբինետներում ներկայացնում գիտխորհրդում տեղի ունեցածը: Ասում են` ուսանողները ուզում էին 100-ամյակը հարամ անել: Իմ ուղեղում չի տեղավորվում: Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ փորձում են մեղադրել հարյուրամյակ փչացնելու մեջ։
Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ով է իրականում հարամում հարյուրամյակը, ապա ասեմ։ Հարյուրամյակը հարամում է այն նախարարը, ով պետական հանձնաժողով չստեղծելը ժամանակին պայմանավորում էր Արամ Սիմոնյանի ռեկտոր լինելու հանգամանքով, ով Սիմոնյանի հրաժարականից հետո այդպես էլ հոբելյանական հանձնաժողով չստեղծեց։ Հարյուրամյակը հարամում է այն մարդը, ով, տոնական խնջույքը Ֆլորենսում կազմակերպելով, փորձում է բուհի հաշվին իր նախկին շեֆերին հարստացնել։ Հարյուրամյակը հարամում են այն «համալսարանականները», ովքեր ակադեմիական ազատությունների հռչակագրից երկու օր առաջ նույն դահլիճում բանտարկում են ուսանողների ազատ խոսքը»։
168.am-ը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ զրուցեց արտահերթ գիտխորհուրդ հրավիրելու ու այն տապալելու պատճառների մասին։
Դավիթ Ափոյանն ասաց, որ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի, անառողջ մթնոլորտի, վերջին շրջանում կառավարչական որոշ սխալների հիման վրա ձևավորված իրենց մտահոգությունները ցանկանում էին քննարկել գիտխորհրդում։
«Հոգաբարձուների խորհրդի առաջարկած կառուցվածքային փոփոխությունների նախագիծը տեղում, հենց նիստում ձևափոխվել էր, ինչի իրավունքը չկար։ Դա դժգոհություն առաջացրեց, ու դրա արդյունքում մի քանի աշխատակիցներ դիմեցին դատարան։ Դրանից հետո Բյուրականի ուսումնաարտադրական բազայի վաճառքի հարցն առաջ եկավ։ Գիտական խորհուրդը դրան դեմ է արտահայտվում, բայց չգիտես ոնց, այդ փաստը հայտնվում է հոգաբարձուների խորհրդում։ Դա գիտխորհուրդը պետք է առաջարկի հոգաբարձուների խորհրդին, որ վերջինս էլ հաստատի, բայց գիտխորհուրդը ոչ միայն չի առաջարկում, այլև Բյուրականի պարագայում մերժում է, բայց հարցը մտնում է հոգաբարձուների խորհրդի քննարկման տիրույթ»,- տարակուսում է Դավիթ Ափոյանը։ Նա նշում է, որ ի պատիվ բազմաթիվ համալսարանականների, սակայն, այդ հարցը չի հաստատվում, հետաձգվում է։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահն ասում է, որ ռեկտորն այդ ժամանակ նկատել է, որ հարցն այլևս հոգաբարձուների խորհրդում չի քննարկվելու, բայց սա էլ է խնդիր։
«Եթե առեղծվածային պայմաններով մտնում է օրակարգ, նույն կերպ էլ դուրս է գալիս, արդյո՞ք երաշխիքներ կան, որ նույն առեղծվածային պայմաններում չեն կարող մի ստորաբաժանում լուծարել՝ իրենց սուբյեկտիվ հիմքերից ելնելով։ Դրա համար մենք առաջարկում էինք, գիտխորհուրդը 1/3-ի պահանջով արտահերթ նիստ գումարի, որ ստեղծված իրավիճակը քննարկվի, այն է՝ բարձրացվի գիտխորհրդի դերը։ Մենք առաջարկում էինք, որ մինչ հոգաբարձուների խորհրդում որևէ հարց հաստատվելը լսվի գիտխորհրդի տեսակետը»,- ասաց Դավիթ Ափոյանը՝ հավելելով, որ քննարկման արդյունքներով տարածվելիք հայտարարությունը իր տեսակի մեջ սթափեցման կոչ պիտի լիներ։
Ըստ նրա՝ հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ հիմնականում ընդգրկված են կառավարության ներկայացուցիչներ, իսկ նրանք այդքան էլ մտահոգված չեն համալսարանի հոգսերով ու շատ ժամանակ ծանոթ էլ չեն լինում, թե ինչ են քվեարկում։
«Մենք ընդամենն ուզում էինք քննարկել ու լուծել խնդիրը, բարձրացնել գիտխորհրդի դերը։ Սակայն տեղի ունեցավ այն, որ նիստը հրավիրվեց, գիտխորհրդի բոլոր անդամները հրավիրվեցին ու, երբ նիստի ձայնագրությունն էլ նայում ես, հասկանում ես, որ նախատրամադրվածություն կա, որ նիստի օրակարգը չհաստատվի. Ասես շտապում էին։ Ըստ գիտխորհրդի աշխատակարգի՝ պետք է նախապես նիստի օրակարգը հաստատվի, հետո նոր հերթով օրակարգի հարցերին անդրադարձ կատարվի։ Բայց եկան ու միանգամից նիստի օրակարգը չհաստատեցին»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Վերջինս շեշտում է, որ իրենք տեղյակ են եղել, որ նախապես հանդիպում է եղել ռեկտորի ու դեկանների մեծ մասի հետ, ու հնարավոր է, որ այդ հանգամանքը ևս ազդեցություն ունեցավ, որովհետև բոլորը հարցն այնպես էին ներկայացնում, որ իրենց քայլն իբր թե ուղղված է ռեկտորի դեմ, այնինչ սա ռեկտորի դեմ քայլ չէ բոլորովին, այլ ինստիտուցիոնալ մոտեցման հարց։
«Մենք ուզում ենք գիտական խորհրդի դերը բարձրացնենք, որ համալսարանականների ձայնը լսելի լինի, այնինչ օրակարգը տապալվեց, ու նիստը չկայացավ»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Ինչ վերաբերում է ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներին, Դավիթ Ափոյանն ասաց, որ այսօր իր աչքով ընկել է, թե իբր հուլիս ամսին նախարարը ինչ-որ գերատեսչական հանձնաժողով է ստեղծած եղել, այնինչ մինչ երեկ նման հանձնաժողովի գոյության մասին ոչ ոք համալսարանում չի էլ լսել։
168.am-ը կապ հաստատեց նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ տապալվեց գիտխորհրդի նիստը։
Վերջինս նախ մեզ զգուշացրեց, որ ընդամենը երկու րոպե ժամանակ ունի։ Մեր հարցին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ նիստը տապալվեց, որովհետև օրակարգը չհաստատվեց։
Մենք խնդրեցինք մանրամասնել, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, չհաստատվեց նիստի օրակարգը։
«Երևի թե չցանկացան, որ այդ օրակարգով նիստ կայանա»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Իսկ երբ ցանկացանք ճշտել իր անձնական տեսակետը, թե ինքն ի՞նչ է մտածում, արդյո՞ք նիստը պետք էր, վերջինս ասաց, որ ԵՊՀ 100-ամյակի հետ կապված միջոցառումների առիթով բազմաթիվ հյուրեր ունի ու ժամանակ չունի մեզ հետ զրուցելու։
Ի դեպ, երկու րոպեն դեռ չէր լրացել։
Այնուամենայնիվ, եթե ԵՊՀ ռեկտորը ժամանակ ունենա ու ցանկանա պատասխանել մեր այն հարցերին, թե ինչո՞ւ տապալվեց գիտխորհրդի նիստը, որի նպատակը քննարկումների ու կարծիքների փոխանակման ու թեկուզ բախման միջոցով համալսարանի գիտական խորհրդի ու համալսարանականների դերի բարձրացումը պետք է լիներ, կամ թե ինչո՞ւ է համարում, որ այդ նիստն իր դեմ էր ուղղված, 168.am-ը սիրով հարթակ կտրամադրի վերջինիս։
Գոհար Սավզյան