«Պետք է կարողանանք ձևավորել մշակույթ՝ վերանանք անձնական հետապնդումից՝ էսինչյանի բարեկամն է, սենց անենք..». Գևորգ Պետրոսյան
«Եթե կան մարդիկ, ում կարծիքով՝ մենք այսօր քննարկում ենք անձի խնդիր, իրենց ստիպված եմ ծանուցել՝ այստեղ անձի հարց չկա, մենք շատ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած»: Այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շահագրգռված է, որպեսզի ցանկացած գործընթաց իրականացվի օրենքի շրջանակներում:
«Մեզ համար անձինք չեն կարևոր, իհարկե, անձինք են կերտում պատմությունը, այդ թվում՝ այստեղ ներկա շատ անձինք, ովքեր նույնպես պատմություն են կերտում, բայց երևի մի փոքր անուշադիր են եղել, թե ինչ պատմություն են կերտում, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծում տանք:
Այստեղ այսօր դրված է Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը. մենք հիմա կարող ենք գնալ-կարդալ, տարբեր բաներ գալ- հայտնել այստեղ՝ ցույց տալու համար, որ շատ իմաստուն ենք, բայց մենք պետք է մի խնդիր լուծենք՝ կա՞ն հիմքերը Սահմանադրությամբ և ՍԴ մասին ՀՀ օրենքով նախատեսված, թե՞ ոչ, եթե կան, ուրեմն դրական եզրակացությամբ պիտի հանձնաժողովը միջնորդի ԱԺ լիագումար նիստին, որ հարցը քննարկվի: Սա է խնդիրը:
Այսինքն՝ մեզ համար Հրայր Թովմասյանը չի կարևոր. նա իմ աչքի լույսը չի, ու նրա նման շատերը. մենք պետք է կարողանանք ձևավորել մշակույթ՝ վերանանք անձնական փնտրտուքներից, անձնական հետապնդումից՝ էսինչյանի բարեկամն է, սենց անենք…»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։
Այն հանձնաժողովին ներկայացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Նկատենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:
Զարուհի Դիլանյան