Կրթությունը միշտ զիջողի դերում է
Կրթական բարեփոխումները հաջողությամբ առաջ տանելու պայմաններից մեկը փոփոխությունները ճիշտ տեղից սկսելն է։ Դրա համար անհրաժեշտ է առկա խնդիրների խորքային ախտորոշում։ Եթե նորմալ ախտորոշում չես անում, ապա կարող ես սխալ տեղից սկսել փոփոխությունները ու ձախողվել։ Պատմություն պատմեմ։
Մի քաղաքացի մեքենայով մոլորվում է գյուղերից մեկում։ Երբ գյուղացիներից մեկին հարցնում է, թե ինչպես հասնի մայրաքաղաք, վերջինս պատասխանում է. «Ձեր փոխարեն, ես նախ՝ կհարցնեի գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհը, հետո նոր կհարցնեի մայրաքաղաք տանող ճանապարհի մասին»։ Մեր կրթական բարեփոխումներն էլ շատ նման են գյուղում մոլորված քաղաքացու վիճակին։ Բայց, չգիտես ինչու, մենք դեռ մայրուղի չհասած՝ ուզում ենք մայրաքաղաք հասնել։
Այս համատեքստում առ այսօր հստակեցված չէ, թե որոնք են ներկայիս Հայաստանի կրթության այն հիմնախնդիրները, որոնք լուծելով՝ կկարողանանք դուրս գալ «մայրուղի»։ Կրթության համակարգի կուսակցականացումը կամ կոռուպցիոն երևույթներն այդ ցանկում չեն, քանի որ երկուսն էլ կրթական թույլ համակարգի հետևանքներ են։ Իսկ ո՞րն է հիմնական խնդիրը։
Իմ կարծիքով՝ Հայաստանում կրթության համակարգի հիմնական խնդիրն այն է, որ կրթությունն իմաստազրկված է։ Աշակերտների և ուսանողների մեծ մասը չեն սովորում, պարզապես չեն տեսնում իմաստ սովորելու մեջ։ Իրավիճակը բարվոք չէ նաև չափահաս բնակչության շրջանում։ Մեծահասակները նույնպես չեն սիրում սովորել։ Լողավազանները, մարզասրահները, վարսավիրանոցները, սրճարանները լեփ-լեցուն են, բայց լսարանները, գրադարանները, գրախանութները կիսադատարկ են։ Երկրում չկա սովորելու միջավայր։ Իսկ առանց միջավայրի՝ չես կարող կրթությունը զարգացնել։ Ցամաքում հայտնված ձուկը չի կարող լողալ։ Նախ պետք է հայտնվի իր միջավայրում՝ ջրի մեջ, հետո նոր լողա։ Ընդ որում, սովորելն այսօր կարևոր է այն առումով, որ աշխարհում նվազում է ֆիզիկական աշխատանքի ծավալը, և էապես ավելանում է մտավոր աշխատանքի դերը։
Բացահայտ զգացվում է, որ գրեթե բոլոր հարցերում Հայաստանի կրթական հաստատությունները զիջողի դերում են։ Օրինակ՝ ուսանողը կարող է շաբաթներով, ամիսներով դասի չներկայանալ, բայց տեղափոխվել կուրսից կուրս։ Ուսանողը կարող է երկար ժամանակով երկրից դուրս գալ, բայց համարվել ուսանող։ Ինչպես է դա հնարավոր։ Հնարավոր է, որովհետև կրթությունն արժեզրկված է։ Գումար վաստակելը, անձնական կյանքը շատ ավելի առաջնային են, քան սովորելը։ Ուրեմն, սովորելը պետք է զիջի աշխատանքին ու անձնական կյանքին։ Թեև ակնհայտ է, որ սովորող մարդը կարող է հետագայում շատ ավելի լավ աշխատանք ու իմաստալից անձնական կյանք ունենալ։ Բայց այդ հարցում մենք չենք համոզել ուսանողներին։
Նույն ձևով սեպտեմբեր ամսին ավագ դասարաններում սովորող տղաները կարող են շաբաթներով դասի չգնալ, քանի որ խաղող են հավաքում և գումար վաստակում։ Ու երբ տնօրենը փորձում է աշակերտին ու նրա ծնողներին ասել, որ սովորելը կարևոր է, նրան հակադարձում են, որ երեխան պետք է գումար վաստակի, որպեսզի դասագրքերի գումարը վճարեն և հագուստ գնեն։ Ու այստեղ էլ դպրոցի տնօրենը զիջում է, քանի որ կրթությունը երկրորդական մի բան է համարվում։
Նման իրավիճակում միայն ռազմավարություններ և օրենքներ գրելը կարող է ավարտվել զրոյական արդյունքով։ Եթե մարդիկ կրթությունը չեն կարևորում, ապա բացարձակապես էական չէ, թե ինչ ես գրում փաստաթղթերում։ Մեր գլխավոր խնդիրը պիտի լինի հասարակությանը կրթական խնդիրների շուրջ համախմբելը, կրթության իմաստի մասին խոսելը, կրթող միջավայր ստեղծելը։ Այսինքն՝ մարդկանց հետ աշխատելը մեր գլխավոր առաջնահերթությունը պիտի լինի, ինչը բոլոր ժամանակներում անտեսված է եղել։ Եթե մարդիկ կրթությունը չեն կարևորում, ապա մենք պետք է նրանց համոզենք, որ փոխեն իրենց կարծիքը։ Դա հեշտ չէ, բայց կրթությունը բարեփոխելու միակ ճանապարհն է։ Նույնիսկ լավագույն փաստաթղթերը չեն կարող իրավիճակ փոխել։
Քայլերից մեկն այն է, որ կրթությունը պետք է անզիջում լինի շատ հարցերում։ Օրինակ՝ հաճախումների հարցում։ Եթե բոլոր ուսումնական հաստատություններում միաժամանակ խստացվեն հաճախումները, ապա սովորողները ստիպված հաշվի կնստեն կրթական համակարգի հետ։ Եթե լինեն բացակայությունների համար հեռացման դեպքեր, ապա կրթությանն ավելի լուրջ կվերաբերվեն։ Օրինակ՝ Ճապոնիայում երեխայի բացակայությունը դպրոցից հարգելի է համարվում միայն այն դեպքում, եթե նա այդ ժամին մասնակցում է մեկ այլ վայրում ընթացող ուսումնական գործընթացի, այլ ոչ թե՝ խաղող է հավաքում։ Հաճախումների խստացմանը զուգահեռ՝ պետք է բարելավել նաև դասավանդման որակը։
Շատ կարևոր է հանրային քննարկումներ սկսել կրթության կարևորության մասին։ Մարդիկ չեն պատկերացնում, որ ֆիզիկական աշխատանքների, սպասարկման ոլորտի աշխատանքների մեծ մասը տարիներ անց այլևս չեն լինելու։ Հետևաբար՝ գիտելիքներ, բարձրակարգ հմտություններ չունեցող մարդիկ լուրջ խնդիրների են բախվելու առաջիկայում։ Հայաստանյան իրողությունները ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում առկա են բազմաթիվ մոլորություններ, որոնք նրանք ժառանգել են մեծերից։ Օրինակ՝ շատ տղաներ, տեսնելով կրթական ցածր ցենզ ունեցող մի շարք մեծահարուստների և «թաղային» հեղինակությունների, մտածում են, որ իրենք էլ կարող են այդ ճանապարհով հաջողության հասնել։ Բայց խնդիրն այն է, որ չսովորելով հաջողության հասած մարդկանց թիվը քիչ է և առաջիկայում էլ ավելի է նվազելու։
Հետևաբար՝ քիչ հավանական է, որ չսովորելն ապագայում բերի հաջողություն։ Դրա փոխարեն՝ կա շատ մեծ հավանականություն՝ լավ սովորելու դեպքում ապրելու բարեկեցիկ կյանքով։ Հայաստանի վիճակագրությունը վկայում է, որ բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ միջինում ավելի շատ են վաստակում, քան ցածր կրթական մակարդակ ունեցող մարդիկ։