Ամենափոքրիկ կամավորի՝ Վալյոկայի բացառիկ լուսանկարներն Արցախյան ազատամարտից
Վալյոկան Ստեփանակերտի լավագույն ավտո դզող-փչողն է համարվում, նրան գիտեն բոլորը՝ փոքրից մեծ: Մեզ հետ հանդիպումների ընթացքում նրան բարևում էին բոլորը, փորձում էր ամեն մեկն իր հերթին՝ հյուրասիրել: Նկատելի էր հատկապես երիտասարդության ընդգծված վերաբերմունքը։ Վալյոկան դա բացատրում է իր ձևով. «Ամեն տեղ մեր մեծերն ինձ որպես կամավորական գիտեն, շատերն են ճանաչում, իսկ էսօրվա ջահելները երեխոցս հետ են շփվում»:
Վալյոկան 42 տարեկան է, ունի երեք զավակ։ Շուտով նրանք չափահաս կդառնան, բոլորն էլ սովորում են, միայն առաջնեկն է ուսանող, շուտով Ստեփանակերտում աշխատանքի կանցնի բանկային ոլորտում:
Վալյոկան 17 տարեկանում զորացրվել է բանակից, այսինքն՝ այն տարիքում, երբ մյուսները դեռ պատրաստ չեն անգամ խաղաղ պայմաններում բանակ զորակոչվել:
Ընդ որում, Վալյոկան 13 տարեկանում կամավորագրվել է հարազատ Ակնաղբյուրի բնակիչներից կազմված ջոկատին, չորս տարի անց՝ զորացրվել:
Հենց դրանով էլ Վալյոկան տարբերվում էր բոլորից, Վալյոկան մեծ առավելություններ ունի, ասում է նրա «կոմանդիրը»՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Գեներալ- լեյտենանտն ազգային-ազատագրական պայքարի օրերին մարտի դաշտում շատ է հանդիպել 16 տարեկան անչափահաս պատանիների, ընդ որում՝ ռազմաճակատի ամենաթեժ կետերում, և հաճախ նրանք մի քանի եղբայր են եղել: Սակայն 168.am-ի հետ զրույցում օրվա խորհրդի հետ անցյալի հիշողություններ վերապրում և, իր խոսքով՝ ամենավառ դրվագների մեջ հիշում էր 13-ամյա վտիտ տղային՝ Վալյոկային:
Արցախի հերոսը հիշում է, թե ինչպես էր նախատում փոքրամարմին տղային, որ իջնի դիրքերից՝ գնա գյուղ, մորը հասնի, իսկ Վալյոկան պոստից փախչում էր, մի ջոկատից վազելով գնում-միանում էր մյուս ջոկատին, որ մնա կռվի դաշտում, որ հորն ու եղբորը մենակ չթողնի: Այսօր սառնասրտությամբ է հիշում, թե ինչպես է նվազ թևերով ծանր զենքով թուրքեր սպանել, և համարում է, որ սպանություն չեն դրանք, ինքը խաղաղ բնակիչների հետ ստիպված ինքնապաշտպանության է անցել՝ ձեռքը վերցնելով՝ ինչ պատահի:
Վալյոկայի հիշողության մեջ դաջվել են պատերազմի զարհուրելի տեսարանները։ Հիշում է, թե ինչպես են ազատագրած տարածքների գյուղերից մեկում հայտնաբերել ծառից կախված երկու հայի՝ մաշկահան արած, խոշտանգած սուր-կտրող գործիքի ծակոցներով, գետնին թափված գյուղացի տարեցների դիեր…
Ասում է՝ «Իմ բոյով մեկ զենք էի բռնում, սկզբում ինքնաշեն հրացան ունեի, հետո՝ մեր գյուղը զավթած թուրքերից հետ խլեցինք, իսկական մարտական զենք ունեցա… 80 թվից մենք արդեն խաղում էինք զենքով, եղել է սամադելկա, իմ ձեռի սարքած զենքով մենք տոզի պատրոն էինք կրակըմ, դրանով խաղում էինք, հետո դրանով սկսեցինք պաշպանվել թուրքից, տենց կամաց-կամաց մտանք կռվի դաշտ։ Մենք քաղաքի ասֆալտից չէինք գնացել, որ ասիմ թա՝ վախենում էինք, կամ էլ եսիմ ինչ, դրա համար էլ տի դաստիարակվել ենք, որ առաջին անգամ կրակոց լսեցինք ու չփախանք… Մենք մինչև վիրավոր տեսնելն առաջին անգամ զոհ ենք տեսել, վիրավոր մեր գյուղում առաջինը հերս ա եղել, հետո իրա վարորդը վիրավորվեց»,- հիշում է նա:
Վալյոկան հետո վերադարձել է հայրենի գյուղ և տարբեր շփումների միջոցով վերականգնել է մանկական հիշողությունը, հավաքած բացառիկ լուսանկարներով իր հիշողությունները, որը երեք տասնամյակ հետո կիսում է մեր ընթերցողի հետ:
Բացառիկ և առաջին անգամ հրապարակված կադրերում Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակիչներն են:
Զավթած գյուղերի բնակիչները անտառներով ու գետերի միջով փախչում են դեպի Ստեփանակերտ:
Սյուզի Բադոյան