«Եթե նախարարությունից ասել են, որ հարցը պետք է լուծեն, ի՞նչ դատարան, բա համայնքապետարանն էլ ինչի՞ համար է». բուժքույրը դեռ չի ստացել 4 տարվա հասանելիք գումարը
«Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում որպես բուժքույր աշխատող Կարինե Հարությունյանը դեռ չի ստացել իրեն հասանելիք մոտ 428.220 դրամը:
Ասում է՝ չորս տարի անընդմեջ կանանց գինեկոլոգիական բժշկական սպասարկման դիմաց՝ իր փոխարեն, տնօրենի իմացությամբ, վարձատրվել է մեկ այլ բուժքույր:
««Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում աշխատում եմ՝ որպես ընտանեկան բուժքույր: Երեք բուժքույր կա, հավասարապես սպասարկել ենք բնակչությանը: Ես ունեմ բողոք տնօրեն Նարինե Գրիգորյանի դեմ, ով իմ ու ևս մեկ բուժքրոջ գումարը չի վճարել, տվել է երրորդին: Խոսքը կանանց սպասարկման գումարի մասին է: Ամեն ամիս 10.000 դրամ է մեզ հատկացվում, իմ գրոշները կերել է:
Երբ տնօրենին ասացի, որ բողոքելու եմ, պատասխանեց՝ որտեղ ուզում ես, գնա այնտեղ էլ բողոքի, ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Այդքան դուխով է, հա՞»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր Կարինե Հարությունյանը:
«Տնօրենն իր կողմից թույլ տված սխալը չի ուզում ընդունել: Առողջապահության նախարարությունից երկրորդ թուղթն են ուղարկել՝ ամեն ամիսը նշելով ու ասելով, որ այսքան ժամանակ չեն վճարել: Փոխանակ գյուղապետն էլ դրդի, որ վճարում կատարի տնօրենը, ասում է՝ կարող եք դատարան դիմել: Եթե նախարարությունից եկել ու ասել են, որ հարցը պետք է լուծեն, ի՞նչ դատարան, բա համայնքապետարանն էլ ինչի՞ համար է»,- ասաց Կարինե Հարությունյանը:
Զրուցեցինք նաև «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Նարինե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք բուժքույրը իր հասանելիք գումարը ստացել է, թե՞ ոչ, և եթե չի ստացել, ապա ո՞րն է պատճառը:
«Գումարը դեռ չի ստացել: Ինքը գրավոր դիմել է, կպատասխանեն, այսքանը կարող եմ ասել: Վիճելի հարց է, աշխատանքային հարաբերություններ են: Սա դեռ դատարանում չի վիճարկվել»,- եղավ պատասխանը:
Անի Կարապետյան