Բաժիններ՝

Ստուգումը չի կարող հիմք հանդիսանալ, որպեզի «Լիդիանը» դիմի արբիտրաժ. Էրիկ Գրիգորյան

«Գործընթացը, որ մեկնարկել է, ստուգումը, որը բացվում է, հենց այդ գործընթացի մաս է։ Այսինքն՝ դուք չեք կարող վերցնել «Էլարդի» եզրակացությունը կամ ԱԻՆ-ի գրությունն ու դրա հիման վրա ուղղակի ուժը կորցրած ճանաչել, որովհետև կա կառավարության որոշում՝ ՇՄԱԳ-ի եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման համար նոր ՇՄԱԳ-ի խնդրին։

Ըստ նրա՝ վարչապետի հայտարարության մեջ նշված է, որ շինարարությունը կարող է մեկնարկել միայն 2020 թ. մայիսից հետո, հանքաբացման մակաբացման աշխատանքները՝ 2020 թ. վերջից հետո, այսինքն՝ այս պահին խոսք չի գնում որևէ շինարարական աշխատանքի մասին։ Գրիգորյանը հիշեցրեց վարչապետի խոսքը, որ «Էլարդի» կողմից տրամադրված տեղեկատվությունը վերլուծվել է նախարարության կողմից, հավագագրվել են այլ փաստական տվյալներ, և այդ ամբողջն ուղարկվել է կառավարություն՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել. «Նաև այն տեղեկատվությունը, որը մենք տրամադրել ենք քննչական մարմնին, հիմք է, որպեսզի լրացուցիչ նոր հանգամանք դիտարկվի, և քննչական մարմինը նույնպես պետք է ուսումնասիրի ու պարզի, թե, օրինակ, գոլորշիացման տվյալները, քամու տարածման թվերի անհամապատասխանությունն արդյո՞ք դիտավորություն էր, թե՞ ոչ»։

Նախարարը հիշեցրեց նաև, որ ընկերությունը շինարարական աշխատանքների թույլտվություն ունեցել է 2009 թ.-ից, բայց աշխատանքներն անընդհատ հետաձգվել են, ոսկու առաջին ձուլակտորը նախատեսվում էր տալ 2018 թ. մարտին, որը նույնպես չեղավ։

Է.Գրիգորյանի հավաստմամբ՝ թյուրիմացություն որակեց բնապահպանների պնդումները, թե ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցված ճանաչվի, քանի որ այն ստանալուց 1 տարվա ընթացքում «Լիդիանը» որևէ աշխատանք չի կատարել. «Օրենքն այլ կերպ են մեկնաբանում։ Օրենքի մեջ գրված է՝ եզրակացությունը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում օրենքի ուժով։ Բայց գործունեությունը՝ շինարարություն, հանքարդյունաբերություն և փակում, ամբողջ ծրագրի ժամկետն է։ Այսինքն՝ եթե իրենք 2 փոս են փորել այնտեղ, դա նույնպես իրենց գործունեության մաս է»։

Նախարարը հերքեց, որ նոր ստուգումը կարող է հիմք հանդիսանալ, որպեզի «Լիդիանը» դիմի արբիտրաժ. «Ստուգում անելը մեր օրենսդրությամբ կարգավորված գործընթաց է, վարչապետն ունի իրավասություն յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր կազմակերպությունում, բացառությամբ մի քանի սահմանափակումների, ստուգման հանձնարարական տալու, լիազոր մարմինն իրավունք ունի այդ կետերի ներքո կրկին դիմելու կառավարությանն ու առաջարկելու, որ կրկին ստուգումներ իրականացվեն»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս