Բաժիններ՝

«Ռուսները փորձում են դաշտը մաքրել այլ, հատկապես հայկական կոնյակից». Ավագ Հարությունյան

«Խաղողի բերքն այս տարի բարձր որակի է լինելու, ինչպես նաև գինին: Կմթերվի 105-110.000 տոննա խաղող: Մինչև նախորդ տարի կոնյակի գործարանը մթերման գին էր սահմանում, մյուս գործարանները դա վերցնում էին՝ որպես նշաձող, իսկ հետո սկսում էին գինը կտրուկ իջեցնել, ու ստացվում էր՝ կոնյակի գործարանը սահմանում է 135-145 դրամ, 110-120 դրամ՝ գործարանները: Անցած տարի հավասար իրավիճակ էր, իսկ այս տարի, ի տարբերություն կոնյակի գործարանի՝ մյուս գործարանները 5 դրամ ավելի են առաջարկում: Արդեն կան գործարաններ, որ սահմանել են 150-155 դրամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ լարվածություն կլինի միայն Արարատյան դաշտում և Վայոց ձորում՝ կարմիր խաղողի մասով:

«Վայոց Ձորում կարծես թե մեծ արտադրողների հետ նախնական պայմանավորվածությունները չեն կայանում, իրենք սահմանել են 265+15 դրամ, իսկ գյուղացիները համաձայն չեն: Ընթանում են բանակցություններ, կլինի լարվածություն, գուցե ճանապարհներ փակվեն»,- հավելեց Գինու ազգային կենտրոնի նախագահը:

Ինչ վերաբերում է կեղծիքներին՝ Ավագ Հարությունյանը նկատեց.

«Երբ խոսում ենք կեղծիքի մասին՝ հիմնականում նկատի ունենք կոնյակի շուկան, որովհետև բերքի 95-97 տոկոսը գնում է դեպի կոնյակի արտադրություն: Երբ խոսում ենք կոնյակի կեղծիքի մասին, դուրս ենք գալիս Հայաստանի սահմաններից, որովհետև այդ կոնյակի 1-2 տոկոսն է օգտագործվում Հայաստանում, մնացածն արտահանում ենք: Երբ խոսում ենք արտահանման կեղծիքի մասին, նկատի ունենք Ռուսաստանը, որովհետև այդ ամբողջ կոնյակի 80 տոկոսը գնում է ՌԴ: Եթե խոսում ենք Ռուսաստանի մասին՝ որպես կեղծիքի աղբյուր, խոսում ենք որոշ շրջանակների մասին, որոնց կապիտալն այստեղ է ոչ միայն՝ կոնյակի տեսքով:

Հիմա ունենք դինամիկա դեպի լավը, կեղծիքը նվազել է: ՀՀ իշխանության լուռ համաձայնությունը չկա այդ կեղծիքին: Իսկ ռուսները սեփական հումքային բազան են արդեն վերականգնում, սեփական կոնյակի արտադրության ամբիցիոզ պլաններ ունեն, ուստի փորձում են դաշտը մաքրել այլ, հատկապես՝ հայկական կոնյակից, և որպես պատճառ՝ բերում են դրա կեղծ լինելը: Նրանք խիստ են հայկական կոնյակի նկատմամբ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս