Նիկոլի «թարս կապուտը»
Հայաստանյան ներքաղաքական օրակարգի ներկապնակը գնալով ավելի է թանձրանում, և իշխանությունների համար օրըստօրե բարդագույն իրավիճակներ են հասունանում։ Ամուլսարի հարցը գնալով ավելի շատ խնդիրներ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի համար:
Օգոստոսի 15-ին կառավարության նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, հպարտորեն ներկայացնելով «Էլարդ» ընկերության Ամուլսարի փորձաքննության արդյունքները՝ նշել էր, որ ամենակարևոր 3 կետերը, որոնց եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգել, հետևյալն են՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա, և ամենակարևոր հանգամանքն Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է՝ լինի, սակայն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:
Քննչական կոմիտեի պետի «պատմական» զեկույցին հաջորդում է Փաշինյանի հերթական «պոզիտիվ» լայվը, որտեղ նա մանրամասն ներկայացնում է «հանքի շահագործման գերկարևորությունը» և «նրա առանցքային դերը ՀՀ տնտեսության զարգացման խթանելու գործում»։
Այնուհետև, քանի որ հանրության մոտ կառավարության, հանքի միանշանակ շահագործման մասին մոտեցումն ունեցավ բուռն և էմոցիոնալ արձագանք, և բողոքի ցույցեր սկսվեցին, Փաշինյանը ստիպված էր հենց Ջերմուկում՝ մարդկանց հետ անմիջական շփման միջոցով, պարզաբանումներ ներկայացնել։ Կարող ենք փաստել, որ Փաշինյանը Ջերմուկում ստանում է իր հերթական «ապտակը», քանի որ ակնհայտ դարձավ, որ նրա այցը «դատարկ գնդակ» էր և չհաշվարկված քայլ։
Փաստացի ստացվում է այնպես, որ Քննչական կոմիտեն Նիկոլին «թարս կապուտ» է արել, և, այսպես ասած՝ «սղղացրել» անհասկանալի մի փաստաթուղթ, որի իրավական և բնապահպանական հիմքերը գնահատված ու հաշվարկված չեն եղել։ Ահա վերաշարդարյալ գործընթացներից հետո միայն, հասկանալով, որ իր բոլոր քայլերն աշխատում են հենց իր դեմ, Փաշինյանը մի ամբողջ խորհրդակցությունների շարք է սկսում, որոնք հաջորդում են միմյանց։
Նախօրեին կառավարության փորձագետների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, որից անմիջապես հետո վարչապետը գրառում էր կատարել, որ մտածելու շատ բան կա, և Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։
Փաշինյանի ոտքերի տակից հասարակական աջակցության հողն աստիճանաբար փախչում է։ Նրա այս ձեռնարկած քայլերը հիշեցնում են շարքային բլոգերին բնորոշ գործելաոճ, այնինչ խոսքը երկրի ղեկավարի և հիմնական որոշումներ կայացնող անձի մասին է։
Փաշինյանը պարտավոր էր նախ ի սկզբանե հանգամանալից ուսումնասիրել հանքի շահագործման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ուսումնասիրության եզրակացությունները՝ ՇՄԱԳ-ՄՄԱԳ-երը, անցկացնել համապատասխան փակ խորհրդակցություններն ու տեսակապերը, հետո նոր միայն ներկայացնել իր քաղաքական որոշումը, որպեսզի հանրության առաջ չհայտնվեր միջնադարյան տրուբադուրի կարգավիճակում։
Իրականում մենք բախվում ենք այն իրականության հետ, որ Փաշինյանն այն աստիճան պոպուլիստ է և եսասեր, որ սեփական իմիջն ու կաշին փրկելու համար պատրաստ է ցանկացած փոքր դիմադրության դեպքում «զադնի» դնել և որոշումները վերանայել։ Սա վկայում է այն մասին, որ նա ուղղակի չունի քաղաքական համապատասխան թիմն ու խորհրդատուների գիտակից սեգմենտ։
Երկրորդ՝ Փաշինյանն ակնհայտորեն զգուշանում կամ ուղղակի վախենում է աշնանը սպասվող քաղաքական գործընթացներից և աշնանն ընդառաջ փորձում է քաղաքական օրակարգը «վնասազերծել» վտանգավոր ականներից՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Մարտի մեկ, Քոչարյանի գործ, և այլն։
Եվ երրորդ ու ամենակարևոր փաստը՝ ընտրություններից 9 ամիս անց Նիկոլը չունի հանրային աջակցության այն պաշարը, որ հասարակության համար կարևոր, բայց ոչ միանշանակ հարցերում կարողանա ճշգրիտ որոշում կայացնել։ Կարող ենք փաստել, որ Փաշինյանը ճգնաժամային կառավարիչ (կրիզիսմենեջեր) չէ, այլ հակառակը՝ կայուն վիճակից ճգնաժամ ստեղծող մենեջեր է։
Արմեն Հովասափյան