Ինչո՞ւ են հետ կանչում ԱԺ կրճատված աշխատակիցներին

168.am-ը դեռևս մոտ մեկ ամիս առաջ հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Ազգային ժողովում պատրաստվում էին կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի էին պահվում աշխատակիցներից։

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունը խիստ վտանգավոր մի քանի տարր էր պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին էր՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ Արարողակարգային վարչությունով, Քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:

Մեր տեղեկություններով՝ առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ պետք է կրճատվեին, կամ դառնային սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ: Սա իր հերթին՝ նշանակում էր, որ ԱԺ-ում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:

Նաև տեղեկացրել էինք, որ հուլիսի 13-ին, Արարատ Միրզոյանի նախագահությամբ՝ ԱԺ-ում փակ քննարկվել և հաստատվել է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը վերակառուցելու նախագիծը:

Կարդացեք նաև

Ըստ այդմ՝ գործող 8 վարչություններից 3-ը խնայվել են՝ գործելու են ամբողջական կազմով, մյուս հինգը վերանվանվել են կամ լուծարվել:

168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ն ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովի գործող աշխատակազմի հաստիքացուցակը և 09.08.2019-ից ուժի մեջ մտնող հաստիքացուցակը։

Ներկայացված փաստաթղթից ակնհայտ էր դառնում, որ ԱԺ թվով 54 աշխատակիցներ այդ իսկ օրվանից կորցնում են իրենց աշխատանքը, քանի որ այդքան թվով հաստիք ԱԺ-ում այլևս չկա։

Նկատենք, որ գործող հաստիքացուցակով տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, ներառյալ՝ մաքրուհիները, 208-ն են, այդ փոփոխությունների արդյունքում նրանց թիվը 61-ով պետք է պակասեր՝ դառնալով 147։

Վարչական աշխատողների քանակը 4-ից դարձել է 5, հայեցողականինը՝ 164-ից՝ 167, պետծառայողների թիվն ավելացել է՝ 232-ից դառնալով 240, քաղաքացիական աշխատանք կատարողների թիվը, ընդհակառակը, կրճատվել է՝ նախկին 41-ի փոխարեն՝ 36, բյուջետային գրասենյակի աշխատողների քանակը նույնն է՝ 5։

Ինչ խոսք, «թավշյա հեղափոխությունից» հետո կադրային փոփոխություններ ցանկացած գերատեսչությունում սպասելի էին, սակայն ոչ այս կերպ։ Առավել ևս, երբ փորձառուների փոխարեն՝ հայտնվում են արտասահմանյան նաև անհայտ ծագման ինչ-որ բուհեր ավարտած, աշխատանքային փորձ չունեցող և զինվորական ծառայությունից խուսափած կադրեր։ Կառուցվածքային այս փոփոխությունները, կրճատումներն ԱԺ երկար տարիների բազմաթիվ փորձառու աշխատակիցներին ծանր կացության մեջ էին դրել։

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովում նույնիսկ տհաճ միջադեպ էր գրանցվել. կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. սրտի սուր ծակոցներով նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել, ստենտավորվել։

Միջադեպից առաջ Ս. Պետրոսյանը եղել էր ղեկավարի կաբինետում, իր անհամաձայնությունն էր հայտնել առաջարկվող փոփոփոխություններին առ այն, որ բաժնի պետի հաստիքից իրեն իջեցում է առաջարկվել: Մասնավորապես՝ նրան առաջարկվել է դառնալ առաջին կարգի մասնագետ կամ լքել աշխատակազմը: Մինչդեռ Սասուն Պետրոսյանն ԱԺ նստաշրջանին ապահովում էր հեռահաղորդակցման ողջ տեխնիկական մասը՝ մոնիտորից քվեարկություն և զուգահեռ մի շարք աշխատանքներ, և նա, ըստ աշխատակիցների, այս պահի դրությամբ փոխարինող չունի, իսկ այդ ծավալի աշխատանքը, այն էլ՝ նման համակարգված ձևով, ասում են՝ դժվար թե ուրիշ մեկն այդքան հեշտությամբ սերտի և կատարի առանց խաթարումների:

Մենք նաև տեղեկացրել էինք, որ ԱԺ աշխատակազմի կրճատված աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն սպասում են ԱԺ աշնանային նստաշրջանին, որպեսզի ստանան նաև պատգամավորների աջակցությունը։ Ոմանք էլ խոստացել էին հայցերով դիմել դատարաններ՝ կատարված ապօրինությունների դեմ։

Եվ ահա, երբ երկրում օր օրի սրվում է մթնոլորտը, ամեն օր ՀՀ որևէ մարզում բողոքի նոր օջախ է արթնանում՝ սոցիալական, տնտեսական խնդիրներով պայմանավորված, երբ հասարակական բողոքի զանգվածային ալիքներ են բարձրանում թե՛ Ամուլսարի հանքի շահագործման, թե՛ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդիրների շուրջ, երբ տնտեսության անկումն այլևս ակնհայտ է, և հասարակության սպասելիքները գործող իշխանություններից չեն արդարանում, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն, որ այդ դժգոհությունների օջախները կարող են լուրջ ալիքի վերաճել և վտանգել իրենց դիրքերը։ Առավել ևս, երբ նկատելի են նաև ԱԺ իշխանական խմբակցությունում առկա ճաքերը, տարաձայնությունները, փոխադարձ անհանդուրժողականությունը։

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմից, զգալով վտանգները, կապ են հաստատել կրճատված-հեռացված աշխատակիցների հետ՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի՝ նախկին հաստիքներում։ Ոմանք համաձայնել են, իսկ ոմանք հայտարարել են, որ կհանդիպեն դատարաններում։ Իշխանությունները գիտակցում են, որ աշխատակիցների նկատմամբ կատարվածը ոչ միայն անօրինական է, այլև այդ աշխատակիցները կարող են համալրել բողոքի ակցիաներ իրականացնողների շարքերը։

Տեսանյութեր

Լրահոս