Այսօրվանից ԱԺ աշխատակազմում 54 հոգի աշխատանք չի ունենա
168.am-ը շուրջ 20 օր առաջ հրապարակում էր կատարել այն մասին, որ Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, և, որ դրանք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից։
Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունը խիստ վտանգավոր մի քանի տարր է պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ Արարողակարգային վարչությունով, Քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:
Փոխարենը, առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ:
Կնշանակի՝ այս պետական բարձրագույն հաստատությունում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:
ԱԺ-ում գործատու-աշխատող իրավահարաբերություններն այլևս կդառնան ավելի պրոզաիկ ու խոցելի, որպեսզի էականորեն կրճատվի նաև պետության բեռը՝ ծախսերի տեսանկյունից:
Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ:
Նրանց վերապահված է լինելու օրենսդրական դաշտում ակտիվ փոփոխությունների փաթեթների մշակումը: Աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ:
Ստացվում է՝ գիտակրթական կենտրոնի վերածվող ԱԺ աշխատակազմն իրականում կիսով չափ եվրոպական աշխատակազմ է լինելու, կիսով չափ՝ հայկական: Վտանգը նրանում է, որ այս ամենի արդյունքում մի օր ԱԺ պատգամավորական կորպուսն իսկապես վերածվի լուռ, անհաղորդ կոճակ սեղմողների ակումբի:
Փաստորեն, սա է իշխանության հապճեպ ձգտումի ողջ իմաստը՝ իշխող ուժի պատգամավորների օրենսդիր գործառույթը դարձնել խիստ ֆորմալ՝ դակիչ ֆունկցիա:
Տեղեկացրել էինք նաև, որ հուլիսի 13-ին, Արարատ Միրզոյանի նախագահությամբ՝ ԱԺ-ում փակ քննարկվել և հաստատվել է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը վերակառուցելու նախագիծը:
Այսպիսով՝ գործող 8 վարչություններից 3-ը խնայվել են՝ կգործեն ամբողջական կազմով, մյուս հինգը վերանվանվել են կամ լուծարվել:
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի գործող աշխատակազմի հաստիքացուցակը և 09.08.2019-ից ուժի մեջ մտնող հաստիքացուցակը։
Ներկայացված փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ ԱԺ թվով 54 աշխատակիցներ այսօրվանից կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ այդքան թվով հաստիք ԱԺ-ում այլևս չկա։
Նկատենք, որ գործող հաստիքացուցակով տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, ներառյալ՝ մաքրուհիները, 208-ն են, վաղվանից նրանց թիվը 61-ով պակաս կլինի՝ 147 հոգի։
Վարչական աշխատողների քանակը 4-ից դարձել է 5, հայեցողականինը՝ 164-ից՝ 167, պետծառայողների թիվն ավելացել է՝ 232-ից դառնալով 240, քաղաքացիական աշխատանք կատարողների թիվը, ընդհակառակը, կրճատվել է՝ նախկին 41-ի փոխարեն՝ 36, բյուջետային գրասենյակի աշխատողների քանակը նույնն է՝ 5։
Նշվում է նաև, որ այս փոփոխությունները հրապարակային են, հրապարակվել են ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, հրապարակվել է այդ փոփոխությունների բնույթը և նպատակները ներկայացնող տեսանյութ, և այլն։ Որևէ միջազգային կազմակերպության կողմից այդ առնչությամբ խորհրդատվություն չի եղել։